Մայիսի 22-31-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում էին 39 երկրների ավելի քան 200 բռնցքամարտիկներ: Մայրցամաքի սիրողական բռնցքամարտի լավագույն ներկայացուցիչներն էին հավաքվել Հայաստանի մայրաքաղաքում, այդ թվում՝ բազմաթիվ հայեր՝ տարբեր դրոշների ներքո: Նրանց թվում էր նաեւ Վրաստանի հավաքականի հայազգի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը: 57-60 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հանդիսատեսի ծափողջույնների տակ 3:2 հաշվով առավելության հասավ իսպանացի մրցակցի՝ Խոսե Կիլեսի նկատմամբ ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ կիսաեզրափակիչում Գոմցյանը 5:0 հաշվով հաղթել էր հունգարացի Վերես Ռոլանդ Խանին: Ուշագրավ է, որ այս մակարդակում դա հայ մարզիկի առաջին լուրջ հաջողությունն էր, եւ ուրախալի է, որ այն արձանագրվեց Հայաստանում:
Արտյուշ Գոմցյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի 2019 թ. երիտասարդական առաջնության մինչեւ 56 կգ քաշային կարգի բրոնզե մրցանակակիր: 2019 թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերի մինչեւ 56 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ մարզիկը 1:4 հաշվով զիջեց գերմանացի Ռոման Շարաֆին, որը վերջնարդյունքում բրոնզե մեդալ նվաճեց: Արտյուշ Գոմցյանը հաջողություններ է գրանցել նաեւ միջազգային այլ մրցաշարերում՝ նվաճելով տարբեր մեդալներ:
Արտյուշ Գոմցյանը ծնվել է 1998 թ. սեպտեմբերի 7-ին Ախալքալաքում: Հասակը 163 սմ է: Անցկացրել է 32 մարտ, որոնցից 20-ը ավարտել է հաղթանակով, իսկ 12-ում պարտվել է:
Հարկ է նշել, որ Արտյուշ Գոմցյանը երեւանյան իր ոսկե մեդալով ծանրակշիռ ներդրում ունեցավ Վրաստանի հավաքականի թիմային հաղթանակում: Ընդհանուր թիմային հաշվարկում վրացիները նվաճեցին երեք ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: Հայաստանի հավաքականը հինգերորդն էր 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում ջավախքցիներն առանձնակի հպարտությամբ ու ոգեւորությամբ դիմավորեցին իրենց չեմպիոնին։ Արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը, Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական տեղապահ տեր Նշան վրդ. Հմայակյանը, չեմպիոնի ընկերներն ու հարազատները, այլք: Մեծ հաղթանակների կարոտ ունեցող հայ ժողովուրդը ծափերով դիմավորեց իր չեմպիոնին։ Իսկ «Ջավախք» անսամբլի տղաները հանդես եկան «Յարխուշտա» պարով։ Այստեղ էր նաեւ Գոռ Այվազյանը, ով ապրիլի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում էր դարձել Եվրոպայի 2022 թ. բռնցքամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Արտյուշ Գոմցյանի անձնական մարզիչ եւ Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը նշեց, թե ինչպես է մենամարտերի ժամանակ հայ մարզիկին հաղթելու ուժ տվել հայաստանաբնակ ջավախցիների ներկայությունը:
«Զգացվում էր, երբ Գոմցյանը հոգնում էր, երկրպագուների ձայներից ոգեշնչվում էր եւ ավելի լավ կռվում»,- ասում է նա: Ընդհանրապես՝ Էլիզբարյանը հպարտությամբ խոսեց իր սանի մասին՝ նշելով, որ էլ ավելի մեծ հաղթանակներ են գրանցելու եւ Ջավախք անունը հնչեցնելու են ողջ աշխարհում։
«Լավ պատրաստվել էինք մրցաշարին։ Արտյուշը չորս մենամարտում էլ հաղթանակ գրանցեց։ Եզրափակիչում շատ ծանր պայքար էր, մենամարտեց Իսպանիայի ներկայացուցչի հետ, ով համարվում էր առաջնության ֆավորիտ, բայց մեր Արտյուշը հաղթեց եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,- հպարտությամբ նշեց Արտյուշի անձնական մարզիչը։
«ՀՀ»-ի հետ զրույցում Արտյուշ Գոմցյանը հայտարարեց, որ Եվրոպայի չեմպիոնի կոչումը սահման չէ, եւ ինքը կաշխատի հետագայում նույնպես հաջողությունների հասնել: Արդեն 13 տարի է՝ զբաղվում է բռնցքամարտով, նախ ռուսաստանյան Կրասնոդարի մարզում է սկսել մարզումները, իսկ հետագայում վերադարձել տուն՝ Ախալքալաք եւ մարզումները շարունակել տեղի նորաբաց մարզահամալիրում: Պայմանները, իհարկե, այնպիսին չէին, ինչպես մայրաքաղաքային մարզիկների համար, բայց նա իր վրա բեւեռեց մայրաքաղաքային մասնագետների ուշադրությունը:
«Երբ Վրաստանի երիտասարդական առաջնությունում 2-րդ տեղն զբաղեցրի, պարբերաբար հրավիրվում էի՝ մասնակցելու հավաքներին: Աստիճանաբար հայտնվեցի երկրի գլխավոր թիմի կազմում: Ընդ որում՝ ես հավաքականում միակ հայը չեմ: Այնտեղ են Արտյոմ Յորդանյանը, Արշակ Էլիզբարյանը, Արամ Խռիկյանը, Գոռ Այվազյանը, Ժիրայր Սարգսյանը, ովքեր բոլորն էլ հեռանկարային մարզիկներ են եւ չեմպիոնական ձգտումներ են դրսեւորում»,- նշեց Արտյուշ Գոմցյանը:
Բռնցքամարտիկը խոստովանեց, որ առաջին մարտի ժամանակ, հայտնվելով ռինգում, չէր էլ պատկերացնում, որ կարող է Եվրոպայի չեմպիոն դառնալ: «Դրա համար էի Երեւան եկել, բայց, այդուհանդերձ, չէի պատկերացնում: Մտածում էի քայլ առ քայլ առաջ գնալու մասին: Իմ մտքում միայն հաջորդ մրցակիցն էր, առաջ չէի վազում,- ասաց նա մրցաշարային ռազմավարության մասին:- Կիսաեզրափակիչում 5:0 հաշվով առավելության հասա հունգարացի Խանի նկատմամբ, եւ կարելի է ասել՝ այդ մենամարտն ինձ համար ամենահեշտն էր ողջ մրցաշարի ընթացքում: Իսկ իսպանացի Խոսե Կիլեսի հետ եզրափակիչ մրցամարտն արդեն բարդ էր: Այս տարվա ընթացքում նրա հետ արդեն հանդիպել էի Ռումինիայում կայացած միջազգային մրցաշարում, ուստի երեւանյան մարտից առաջ փոքր-ինչ լարվածություն էի զգում: Կիլեսը լավ բռնցքամարտիկ է: Առաջին ռաունդը լավ չստացվեց, մրցավարներն այն տվեցին մրցակցիս: Բայց ես չկոտրվեցի, մտածում էի՝ ինչ էլ լինի, ամեն ինչ անելու եմ հաղթանակի համար: Կարելի է ասել՝ չհանձնվեցի: Դրան օգնեցին նաեւ երկրպագուները, ովքեր ինձ շատ օգնեցին եւ անընդհատ առաջ էին մղում»:
Արտյուշ Գոմցյանը շարունակում է ապրել Ախալքալաքում: Այժմ հավաքներ չկան, եւ նա բավարարվում է թեթեւ մարզումներով՝ մարզավիճակը պահպանելու նպատակով: Բայց նպատակամղված է նոր հաղթանակների, ինչում վստահ է նաեւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը. «Արտյուշ Գոմցյանը շատ լավ էր մարզվել, ռինգում աշխատում էր մեխանիզմի պես եւ բարձր նպատակամղվածությամբ: Ըստ իս՝ նրա մեծագույն հաղթանակները դեռ առջեւում են»: