Հետաքրքիր բան է համաժողովրդական ճանաչումը, ինչն ամենեւին կապ չունի ո՛չ մարդկային բարձր հատկանիշների, ո՛չ էլ, հաճախ, գործի կարեւորության ու եզակիության հետ. բավական է՝ մարդը բարձրանա բեմ ու թեկուզ հիմարություններ դուրս տա, ճանաչումը պատրաստ է…
Այսինքն` զուտ ճանաչումը մարդկային որակի չափանիշ չէ, հատկապես այն դեպքերում, երբ համեմատության մեջ է դրվում աչքից հեռու` գիտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, լաբորատորիաներում, գործարաններում, արտադրամասերում, հանքահորերում, տիեզերակայաններում եւ կյանքի կարեւորագույն բնագավառներում արարչագործական, ամենօրյա լուռ ու տքնաջան աշխատանքի հետ, աշխատանք, որն ապահովում է կյանքի կենսական շարունակականությունը…
Այդպես էլ, եթե հարցում անելու համար դուրս գանք փողոց, այսօր հազիվ թե գտնվեն մի քանի հոգի, ովքեր ճանաչեն կամ լսած լինեն Եղիշե Շեկ-Հովսեփյանի մասին, սակայն ամենահիմար սերիալի ամենահիմար ու անհեթեթ հերոսի ու նրա դերակատարի մասին հազարավորը ժամերով հեքիաթ կպատմեն։ Այնինչ Եղիշե Շեկ-Հովսեփյանը մեծ ու կարեւոր ներդրում ունի հայ բժշկության, հատկապես դատաբժշկական փորձաքննության, դրա հիմնադրման, կիրառման ու դասավանդման ոլորտներում։
Եղիշե Շեկ-Հովսեփյանը Հայաստան եկավ, երբ պետությունը նոր-նոր էր կայանում, փորձում աղքատությունից գլուխ բարձրացնել, չուներ ո՛չ նյութական, ո՛չ էլ մարդկային ռեսուրսներ։ Տխուր վիճակ էր եւ բժշկության ասպարեզում. չկային ուսումնական ձեռնարկներ, բառարաններ, գործնական պարապմունքի պայմաններ, ուսանողներն էլ բուհում սովորելու համապատասխան պատրաստվածություն չունեին, թերի էր դասախոսական կազմը, համալրված չէին անհրաժեշտ ամբիոնները, շենքն անմխիթար վիճակում էր, գործնական պարապմունքներն անցկացվում էին նախկին հիվանդանոցի լվացքատան ցածրիկ, խոնավ սենյակներում, ուր թափանցում էր համալսարանի ախոռներից ու ձիերի աղբակույտերից փչող գարշահոտը, իսկ շոգ օրերին ստիպված էին պարապել բակում, այս անգամ էլ` կից դիահերձարանի անտանելի հոտից խուսափելու համար։ Շեկ-Հովսեփյանը, որ անմիջապես նշանակվեց վարչական աշխատանքի, լինելով բժշկական ֆակուլտետի ասիստենտ` միաժամանակ ստանձնեց մանկավարժի դերը, ու քանի որ այլ մասնագետներ չկային, հաճախ էր ստիպված լինում անձամբ դիահերձում կատարել, իսկ Եղիշեն հայրենիք էր եկել Օդեսայի բժշկական համալսարանի կրթությամբ եւ վեցամյա աշխատանքային փորձով, բացի այդ, ծառայել էր ավստրո-գերմանական ռազմաճակատում, 1916-1922 թթ. եղել հայկական կարմիր բանակի զորասանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։
Ծնվել էր 1893 թ. մայիսի 7-ին Կարսում, որտեղ էլ ստացել էր միջնակարգ կրթություն, այնուհետեւ տեղափոխվել Օդեսա։ Գալով Հայաստան՝ Շեկ-Հովսեփյանը առողջապահության ասպարեզում ծավալում է բազմակողմանի աշխատանք` կազմակերպչական, մանկավարժական, գիտական, հիմնադրում դատաբժշկության առաջին ամբիոնն ու թանգարանը, իրեղեն ապացույցների լաբորատորիան եւ առաջինն է լինում, ում «Դատական բժշկություն» առարկան դասավանդելու համար 1927 թ. գործուղում են Լենինգրադ։ 1929 թ. նա նշանակվում է հանրապետության առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետ, իսկ 1938-ից միաժամանակ ստանձնում ախտաբանական անատոմիայի ամբիոնների վարիչի, Երեւանի բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնները։
Եղիշե Շեկ-Հովսեփյանը կարեւոր ու մեծ ներդրում ունի դատաբժշկության ասպարեզում, որին նվիրել է գիտահետազոտական լուրջ աշխատանքներ, գրել գիտական աշխատություններ, որոնց մեծ մասը, ցավոք, անտիպ են մնացել։ Դրանք վերաբերում են դատական բժշկության, քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանելի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։ Հայտնի են նրա գիտական ուսումնասիրությունները նորածինների դիերի փորձաքննության, արտաքինով կենդանի մարդկանց տարիքը հաստատելու մասին. չէ որ մինչեւ խորհրդային կարգերը ծննդյան օրվա կամ տարիքի գրանցման փաստական հիմք համարյա չի եղել. շատ դեպքերում հիշողությունն այն կապել է օրվա կամ եղանակային կամ ինչ-որ իրադարձությունների հետ։ Թե որքան կարեւոր են դատական պրոցեսում մարդու անմեղությունը կամ մեղքը հաստատելու համար դատաբժշկական փորձաքննությունների տվյալները, կարծում եմ՝ այսօր որեւէ մեկին բացատրելու հարկ չկա, քանզի այն ապացուցված է ինքնին…
Հայ խորհրդային ականավոր դատաբժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Եղիշե Շեկ-Հովսեփյանը վախճանվել է 1939 թ. Երեւանում։