2021 թ. հունվարի 21-ին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։ Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվեց Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդի պաշտոնից։
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մայիսի 27-ին Երեւանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գործող ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, հանդիպում ունեցավ ԱՀ նախագահի խորհրդական-նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի, շտաբի աշխատակիցների, Արցախի՝ թշնամու տիրապետության տակ անցած շրջանների ներկայացուցիչների, ՀԿ-ների ղեկավարների, անդամների հետ։ Դիմելով ներկաներին՝ նա անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին, դրա հետեւանքներին, վերջերս կատարվող իրադարձություններին։ Ասաց՝ պետք է աղոթքով դիմենք Տիրոջը, որ ների մեզ մեր մեղքերի համար եւ զորություն տա հայ ազգին, որ հասնենք մեր երազանքներին։ Ցավով նշեց՝ 30 տարիների ընթացքում տեր չկանգնեցինք մեր հաղթանակներին, որոնք նաեւ Աստծո պարգեւ էին, եւ այսօր ունենք նման իրավիճակ։
Սրբազանը հետաքրքրվեց տեղահանված արցախցիների խնդիրներով, բնակության պայմաններով, այլ հարցերով։ Ներկաներից Քարվաճառի ներկայացուցիչն ասաց՝ Աստծուց օրհնություն խնդրենք, որ փոխվի Հայոց ներկա վիճակը, որ հետ վերադառնանք մեր տները, իսկ դրա համար անհրաժեշտ է հայրենանվեր աշխատանք եւ միասնություն։ Ներկաների կողմից հարց հնչեց՝ ի՞նչ է անում Հայոց եկեղեցին գերիների վերադարձի, ինչպես նաեւ թշնամու տիրապետության տակ մնացած հայկական սրբավայրերի պահպանության համար։ Սրբազանը պատասխանեց՝ Մայր աթոռը դիմել եւ դիմում է միջազգային տարբեր կառույցների, որ զբաղվեն այս խնդիրներով։ Սակայն ցավով նշեց, որ նույն միջազգային կառույցներն այսօր ոչինչ չեն անում, իսկ տարածքում իսլամացման գաղափարախոսությունն ավելի ուժեղ է, աշխարհում համատարած իսլամացում է տեղի ունենում։ Այս ամենի դեմ մեր պայքարը պետք է լինի միասնական, որ ունենանք մի կուսակցություն՝ Հայանպաստ։
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը սրբազանին դիմեց՝ ինչ է արվում Արցախում՝ թշնամու տիրապետության տակ մնացած պատմամշակութային հուշարձանների պահպանության համար։ Տեր Վրթանեսը տեղեկացրեց՝ այս հարցով զբաղվում է նաեւ Մայր Աթոռը, կազմվել է «գերության» տակ մնացած հուշարձանների ցանկը, հատկացվել համապատասխան միջազգային կառույցներին, ինչպես նաեւ ռուս խաղաղապահներին։ Սակայն ցավով նշեց՝ առայժմ որեւէ պատասխան չեն ստացել, հավելեց նաեւ՝ տեղում է մնացել Արցախի թեմի արխիվը։ Անդրադառնալով պատմական հուշարձանների խնդրին՝ դիմեցի Սրբազանին՝ տեղեկացնելով, որ ունեմ Քաշաթաղի շրջանում գոյություն ունեցող հայոց պատմամշակութային հուշարձանների լուսանկարներն ու տեղեկություններ դրանց մասին, որոնք կատարել եմ 25 տարիների ընթացքում եւ պատրաստակամություն հայտնեցի օգնել՝ հատկացնելով լուսանկարները թեմին։
Շահումյանի շրջանի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ Աստծո օգնությամբ մի օր տուն ենք վերադառնալու։ Հանդիպման վերջում ԱՀ նախագահի խորհրդական Ա. Սիմոնյանը ներկաներին տեղեկացրեց, որ արցախցիներին օգնելու նպատակով համագործակցում են նաեւ Մայր Աթոռի եւ Արցախի թեմի հետ։ Ասաց՝ արցախցի 700 բազմազավակ ընտանիքի հատկացվել է դրամական օգնություն։ Բացի այդ, Հայ առաքելական եկեղեցու նվիրատվությամբ գույք է հատկացվել մի քանի մանկապարտեզի, Ստեփանակերտի շախմատի տանը, կատարվել են այլ բարեգործական ծրագրեր։ Շուշիի Բերդաձոր ենթաշրջանի 4 գյուղի համար մշակվել է ծրագիր՝ բնակչության զբաղվածության հարցերը լուծելու նպատակով։
Ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, եղան հարցեր ու առաջարկներ։ Հանդիպումից հետո Արցախի թեմի առաջնորդը ծանոթացավ Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների աշխատանքներին, որոնք ցուցադրված են շտաբի շենքի առաջին հարկում, որտեղ գործում է կենտրոնը։