Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները ներկա դրությամբ չեն շարունակվում։ Այդ մասին երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն եւ արդյունքներ կտան այն դեպքում, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակում հնարավոր չէ կառուցողական աշխատանք այդ հարթակում, իսկ շփումներն էլ ընդհատվել են մասնավորապես սահմանային միջադեպերից հետո։
Փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Մ. Գրիգորյանը նաեւ վստահեցրեց, որ հայկական կողմը եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկում, չի քննարկելու եւ հնարավոր էլ չէ, որ քննարկի: «Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով՝ ի նկատի ունեն սուվերենության հետ կապված որեւէ հանգամանք, ապա իմ քննարկումների ընթացքում նման հարցերը բացառվում են»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ կամ կլինի ապաշրջափակում՝ հայկական սուվերեն ենթակառուցվածքների լիարժեք օգտագործմամբ, կամ չի լինի:
Այս համատեքստում ակտիվորեն այլ գործընթացներ են տեղի ունենում Ադրբեջանում Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ ներգրավմամբ։ Մայիսի 30-ին Ադրբեջանում էր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայիլօղլուն: Նա հայտարարել էր, թե Թուրքիան «կիսվելու է կուտակած փորձով եւ գիտելիքներով Ղարաբաղի վերականգնման հարցում եւ Ադրբեջանի հետ միասին աշխատելու է այդ ուղղությամբ»։ Հաջորդ օրը թուրք պաշտոնյան մեկնել էր Արցախի Հանրապետության Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններ։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կապենք որակյալ, հարմար եւ անվտանգ եղանակներով»,– ասել էր նա։
Թուրք-ադրբեջանական տանդեմը երկու երկրների միջեւ կապը նախատեսում է ապահովել «Զանգեզուրի միջանցքով», որը պետք է նրանց համար նոր հաղորդակցության ճանապարհ ապահովի։ Ակտիվորեն շրջանառվում է քարտեզ, որտեղ նշված են այն երթուղիներն ու ճանապարհները, որոնք նախատեսում են կառուցել, կամ վերագործարկել դեռեւս խորհրդային տարիներին գործող երկաթգծային եւ մյուս ճանապարհները։ Կարս-Նախիջեւան երկաթուղու նախագծի շրջանակներում նախատեսում են կառուցել Վելիդաղից Կարս նոր ճանապարհ, ինչպես նաեւ հիմնանորոգելու են 158 կմ երկարությամբ հատվածը, որն Օրդուբադը կապելու է Վելիդաղ կայարանի հետ, իսկ 14 կմ երկարությամբ ճանապարհ էլ հասնելու է Հայաստանի սահման, Երասխի ուղղությամբ։ 166 կմ երկարությամբ երկաթուղային նոր ճանապարհ է նախատեսվում Օրդուբադից մինչեւ Հորադիզ։ Այդ ծրագրի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ Հայաստանի տարածքում 43 կմ-անոց հատվածը կառուցելու համար։ Բացի երկաթուղային ճանապարհից, շրջանառվում է նաեւ մայրուղիների վերականգնումը: Ուշագրավն այն է, որ Հայաստանն այստեղ չեն դիտարկում որպես կողմ եւ մեր սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգություններ են նախապատրաստում։ Այս տրամաբանության մեջ արդարացված է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների ընդհատումը։ Հաջորդ ուղղություններից է Իջեւան-Ղազախ, Ակնա-Բարդա հատվածը, որը ցանկանում են հասցնել մինչեւ Ստեփանակերտ։ Այս ամբողջ ծրագրի ինֆոգրաֆիկ պատկերը տեղադրված է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում։
Եթե տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբն այդ հարթակում շփումներ չունի, իսկ մինչ այդ էլ վերջնական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ապա արդարացի հարց է առաջանում, թե ինչ հիմքով են Թուրքիան եւ Ադրբեջանը քայլեր իրականացնում այդ ուղղությամբ։ Որքանո՞վ են վերոնշյալ երկաթուղային ճանապարհներն ապահովելու Հայաստանի ապաշրջափակումը։ Սրանք եւ բազմաթիվ այլ հարցեր կան, որոնց պատասխանները հուզում են հայ հանրությանը, առավել եւս, որ վտանգված է մեր երկրի եւ բնակչության անվտանգությունը։