«Մշակույթը», բնականաբար, տարբեր կերպ է սահմանվել: Ազդեցիկ սահմանումներից մեկը տասնիններորդ դարի նշանավոր մշակութային մարդաբան Էդվարդ Թայլորինն է: Նրա համար մշակույթը «մի բարդ ամբողջություն է, որը ներառում է գիտելիքը, հավատը, արվեստը, բարոյականությունը, օրենքը, ավանդույթը եւ ամեն մի այլ հմտություն եւ սովորույթ, որ մարդը ձեռք է բերել որպես հասարակության անդամ»: Այս սահմանումն ակնհայտորեն ուղղված է այն բանին, ինչը յուրահատուկ է մարդկանց….
Փորձարկվողին ցույց տվեք որեւէ օբյեկտի պատկեր՝ ներառված բարդ խորապատկերի մեջ: Կոլեկտիվիստական մշակույթի (օրինակ՝ Չինաստանի) մարդիկ հակված են լինում մի քանի վայրկյանի ընթացքում ավելի շատ դիտելու եւ ավելի լավ հիշելու շրջապատող «կոնտեքստային» տեղեկատվությունը, մինչդեռ անհատապաշտական մշակույթի մարդիկ (օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների) նույն կերպ են վարվում կենտրոնական պատկերի հետ: Հանձնարարեք փորձարկվողին կենտրոնանալ իր մշակույթից հեռու տիրույթի վրա, եւ տեղի կունենա նրա ճակատային կեղեւի ակտիվացում, քանի որ դա ընկալման բարդ խնդիր է: Այսպիսով, մշակույթը բառացիորեն ձեւավորում է այն, թե դուք ինչպես եւ ուր եք նայում աշխարհում….
Ավանդական մշակույթների մեծամասնությունը պատանեկության տարիքը դիտարկում է որպես առանձին փուլ, քանի որ այն տրամադրում է մեծահասակ կյանքի որոշ, բայց ոչ բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Այդուհանդերձ, Արեւմուտքը հորինել է պատանեկության ամենաերկար ժամանակաշրջանը: Որպես անհատապաշտական մշակույթի տարր՝ պատանեկությունը միջսերնդային բախման շրջանն է, այնինչ կոլեկտիվիստական մշակույթում ջահելությունն ավելի քիչ է հակված զարմանալու ավագների, այդ թվում սեփական ծնողների, հիմարությունների վրա: Ավելին, նույնիսկ անհատապաշտական մշակույթի շրջանակներում պատանեկությունը բնավ էլ պարտադիր չէ, որ լինի հոգեկան տվայտանքների, ընդվզման եւ ըմբոստության շրջան: Մեզանից շատերը հրաշալի կերպով գլուխ են հանում այդ վիճակից….
«Կոլեկտիվիզմն ընդդեմ ինդիվիդուալիզմի»՝ սա մշակութային ամենից ուսումնասիրված հակապատկերն է Արեւելյան Ասիայի ցայտուն կոլեկտիվիստական մշակութային եւ գերանհատապաշտական Ամերիկայի միջեւ: Կոլեկտիվիստական մշակույթը շեշտադրում է մարդկանց փոխկախվածությունը, ներդաշնակությունը, խմբային պահանջմունքները եւ պատասխանատվությունը. ի հակադրություն՝ անհատապաշտական մշակույթն արժեքավորում է անկախությունը, մրցակցությունը, անհատի պահանջմունքները եւ իրավունքները:
Անհատապաշտական մշակույթը եթե համեմատենք կոլեկտիվիստականի հետ, ապա առաջինում մայրերը, որպես կանոն, խոսում են բարձրաձայն, երաժշտությունը բարձր են դնում, շատ ավելի եռանդուն դիմախաղ ունեն: Նրանք իրենք իրենց ընկալում են ավելի շատ որպես ուսուցիչ, քան որպես պաշտպան, խորշում են ձանձրալի երեխաներից, բարձր են գնահատում եռանդուն վարքագիծը: Նրանց խաղերը շեշտում են անհատական մրցակցությունը, մղում զբաղմունքների, որոնցում հարկ է լինում ոչ միայն դիտել, այլեւ գործել: Երեխաներին սովորեցնում են վստահ խոսել, լինել ինքնուրույն եւ ազդեցիկ: Ցույց տվեք մուլտֆիլմում ձկների վտառը, որտեղ մի ձուկ բոլորի առջեւում է, եւ երեխայի մայրը նրան կսկսի նկարագրել առաջնորդի դերը:
Կոլեկտիվիստական մշակույթի մայրերը, անհատապաշտականի համեմատ, ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաների խնամքին, հաղորդակցվում են նրանց հետ եւ նաեւ դյուրացնում նրանց հաղորդակցումը ուրիշ մեծահասակների հետ…. Երեխաներին սովորեցնում են հաշտ ապրել ուրիշների հետ, մտածել ուրիշների մասին, ավելի շատ ընդունել եւ հարմարվել, քան ջանալ փոխել իրավիճակը. բարոյականությունն ու հարմարվողականությունը գրեթե հոմանիշ են: Ցույց տվեք մուլտֆիլմում ձկների վտառը, որտեղ մի ձուկ բոլորի առջեւում է, եւ երեխայի մայրը նրան կբացատրի, որ այդ ձուկը ինչ-որ մի վատ բան է արել, դրա համար էլ ոչ մի այլ ձուկ չի ցանկանում նրա կողքին լողալ….
Անհատապաշտական մշակույթում մարդիկ ավելի հաճախ են ձգտում յուրօրինակությանն ու անձնական նվաճումների, ավելի հաճախ են գործածում առաջին դեմքի եզակի դերանուններ, իրենք իրենց բնորոշում են առավելապես անձնային հասկացություններով («Ես կապալառու եմ»), քան թե հարաբերություն արտահայտող հասկացություններով («Ես ծնող եմ»), իրենց հաջողությունները վերագրում են սեփական հատկություններին («Ես իսկապես լավ եմ X-ում»), քան թե իրավիճակային գործոններին («Ես ճիշտ պահին ճիշտ տեղում էի»): Մոտիվացիան եւ բավարարվածությունը բխում են ավելի շատ անհատական, քան խմբային ջանքերից….
Մեկ էլ անդրադառնանք կոլեկտիվիստական եւ անհատապաշտական մշակույթների միջեւ հակադրությանը՝ հիշեցնելով, որ սույն հետազոտության շրջանակներում «կոլեկտիվիստական» են առավելապես արեւելաասիական հասարակությունները, իսկ «անհատապաշտական»՝ արեւմտաեվրոպական եւ հյուսիսամերիկյան հասարակությունները: Այդ հակադրության բուն հիմքում առկա են կատարելապես տարբեր մոտեցումներ միջոցների եւ նպատակների բարոյականությանը: Ըստ կայունացած տեսակետի՝ կոլեկտիվիստական մշակույթներն ավելի հարմարավետ են, քան անհատապաշտականները, որտեղ մարդիկ օգտագործվում են որպես միջոց օգտապաշտական նպատակների համար: Բացի դրանից, բարոյական հրամայականները կոլեկտիվիստական մշակույթում կողմնորոշված են դեպի սոցիալական խմբերի դերերը եւ պարտականությունները, մինչդեռ անհատապաշտական մշակույթում դրանք, որպես կանոն, վերաբերում են անհատի իրավունքներին:
Կոլեկտիվիստական եւ անհատապաշտական մշակույթները տարբերվում են նաեւ ըստ այն բանի, թե բարոյական վարքագիծը ինչ կերպ է պարտադրվում: Ինչպես առաջին անգամ ձեւակերպել է մարդաբան Ռութ Բենեդիկթը 1946 թ., կոլեկտիվիստական մշակույթը օգտագործում է ամոթի զգացումը, այնինչ անհատապաշտականում գործադրվում է մեղքի զգացումը:
Ըստ այս բնագավառում հեղինակների գործածած իմաստի՝ ամոթանքը խմբի արտաքին դատապարտումն է, մինչդեռ մեղավորությունը ինքդ քո ներքուստ դատապարտումն է: Ամոթանքը լսարան է պահանջում, ամոթանքը պատվին է առնչվում: Մեղքը այն մշակույթի համար է, որը բարձր է գնահատում մասնավոր կյանքը, մեղքը խղճին է առնչվում:
Ամոթանքը բացասաբար է գնահատում անհատին ամբողջովին, մեղքը մի արարք է, որը հնարավորություն է ընձեռում ատելու մեղքը, բայց սիրելու մեղավորին: Ամոթանք տալն արդյունավետ է լինում հարմարվողական, միատարր բնակչության պարագայում, մեղադրման արդյունավետությունը պահանջում է հարգանք օրենքի հանդեպ:
Ամոթի զգացումն առնչվում է թաքնվելու ցանկությանը, մեղավորության զգացումը՝ մեղքը քավելու ցանկությանը: Ամոթանքն այն է, երբ բոլորն ասում են՝ «Դու չես կարող այլեւս մեզ հետ ապրել», մեղավորությունն այն է, երբ դու ես ասում՝ «Ինչպես եմ ինքս ինձ հետ հաշտ ապրելու»:
Այն ժամանակվանից, երբ Բենեդիկտն առաջին անգամ ձեւակերպեց այդ հակադրությունը, Արեւմուտքում գոյություն ուներ ինքնահավան մի կարծիք, թե ամոթանքն ինչ-որ առումով ավելի պարզունակ է, քան մեղքի զգացումը, քանի որ Արեւմուտքն անցյալում է թողել ծուլության համար պարսավանքը, հրապարակային գանահարությունը եւ մարմնավաճառների անվանարկումը: Ամոթանքը ամբոխային իրողություն է, մեղքը ներքնայնացնում է կանոնները, օրենքները, հրամանները, հրահանգները եւ կանոնադրությունները:
Այդուհանդերձ, Ջենիֆեր Ժաքեն համոզիչ կերպով պնդում է Արեւմուտքում ամոթանքի պահպանման օգտակարության մասին՝ կոչ անելով դա վերականգնել հետարդիական ձեւով: Ըստ նրա՝ ամոթանքն հատկապես օգտակար է լինում, երբ իշխանավորները չեն դրսեւորում մեղավորության զգացում եւ խույս են տալիս պատժից….
Մարդաբանները, ուսումնասիրելով բոլորին՝ որսորդներից եւ հավաքչությամբ զբաղվողներից, մինչեւ քաղաքաբնակներ, պարզել են, որ նրանց ամենօրյա խոսակցության մինչեւ երկու երրորդը բամբասանք է, ընդ որում մեծավ մասամբ բացասական բնույթի: Ինչպես ասվել է. բամբասանքը (ամոթահար անելու նպատակով) թույլերի զենքն է հզորների դեմ: Դա միշտ եղել է արագ եւ էժան, իսկ Համացանցի պայմաններում անսահմանորեն ավելի դյուրին է դարձել:
Ամոթանքն արդյունավետ է նաեւ, երբ գործ ենք ունենում կորպորացիաների ապօրինությունների հետ: Որքան էլ տարօրինակ է, ամերիկյան իրավական համակարգը կորպորացիան դիտարկում է որպես յուրատեսակ անհատ, այդ թվում՝ պսիխոպատ, այն իմաստով, որ զուրկ է խղճից եւ հետաքրքրված է բացառապես շահույթով: Կորպորացիների ղեկավարները երբեմն քրեական պատասխանատվություն են կրում, երբ կորպորացիան անօրինական ինչ-որ բան է անում, բայց այդպես չի լինում, երբ կորպորացիան անում է ինչ-որ օրինական, բայց անբարոյական բան, որը դուրս է մնում մեղքի շրջանակներից: Ժաքեն ընդգծում է ամոթահարման արշավների հզոր ներուժը, այնպիսի արշավների, որոնք ստիպեցին «Nike»-ին փոխելու իր քաղաքականությունը արտերկրյա ձեռնարկություններում քրթնաթոր աշխատանքային պայմանների հարցում կամ էլ թղթարտադրության գիգանտ «Kimberly-Clark»-ին՝ շտկելու ծառահատման իր ռազմավարությունը:
Ամոթանքի բերած հնարավոր օգուտով հանդերձ՝ չանտեսենք նաեւ դրա վտանգավորությունը. ամոթանքը դաժան կերպով կարող է հալածել մարդկանց համացանցում, այդ չարիքը կարող է ազատորեն անցնել տարածություններ, մանավանդ մի աշխարհում, որտեղ մեղավորի հանդեպ անանուն ատելությունը շատ ավելի է կարեւորվում, քան բուն մեղքի մասին կարծիքը:
Հատված Ռոբերտ Սապոլսկու «Վարվեցողություն» գրքից:
Թարգմանությունը անգլերենից՝ Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ