Հայաստանում հիդրոակումլացիոն էլեկտրակայանի կառուցման անհրաժեշտությունն առաջացավ դեռեւս 20-րդ դարի 80-ական թթ., երբ 815 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱէԿ-ի եւ 1740 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը կազմեց ընդհանուրի 85-90 տոկոսը: Հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը մեծ չէր, որը հնարավորություն կտար ծածկելու բեռի օրական գրաֆիկը ձմռան առավելագույն բեռի ժամանակ, ինչպես նաեւ ստեղծել հուսալի հզորության պահուստ:
Ներկայումս շահագործվում է Հայկական ատոմակայանի միայն 2-րդ էներգաբլոկը՝ 407 ՄՎտ հզորությամբ: Առաջարկվում է Հրազդանի ՀԷԿ-ը, որի հզորությունը 81.6 ՄՎտ է եւ ունի երկու հիդրոագրեգատ, օգտագործել հիդրոակումլացիոն ռեժիմով աշխատելու համար: Հրազդանի ՀԷԿ-ի ջրի հաշվարկային ծախսը կազմում է 70 խմ/վ: Սակայն նրա հզորությունը ոռոգման ռեժիմով աշխատելու դեպքում չի գերազանցում 36 ՄՎտ-ն: Հրազդան ՀԷԿ-ՀԱԷԿ-ի հզորությունը պոմպային ռեժիմով աշխատելու դեպքում կհասնի 100 ՄՎտ-ի: Որպես ստորին ավազան՝ նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող Ախպարայի ջրամբարը, որի օգտակար ծավալը կազմում է 4.6 մլն խմ:
Էլեկտրակայանների մասնակցությունն օրական բեռի գրաֆիկի փակման համար ընդունված է՝ հաշվի առնելով ագրեգատների տեխնիկական հնարավորությունները: Ատոմակայանի մասնակցությունն օրական բեռի գրաֆիկի փակման համար ընդունված է 400 ՄՎտ հզորության բազիսում աշխատելու համար եւ 340-360 ՄՎտ` ամռան ամիսների համար: Ջերմային էլեկտրակայանների մասնակցությունը ընդունված է՝ հաշվի առնելով ագրեգատների բեռնաթափման տեխնիկական նվազագույն պայմանները:
Փոքր հիդրոէլեկտրակայանների մասնակցությունն օրական բեռների փակմանը ընդունված է բազիսում աշխատելու համար: Սեւան-Հրազդան եւ Որոտան հիդրոէլեկտրակայանները նախատեսված են պիկային եւ կիսապիկային օրական բեռի գրաֆիկի փակման համար, քանի որ ունեն կարգավորման հնարավորություն:
Սեւան-Հրազդան կասկադի կարգավորող հնարավորությունները գոյություն ունեցող Սեւանա լճի համար, ինչպես նաեւ օրական կարգավորող ջրամբարների առկայությունը հնարավորություն են տալիս նրանց մասնակցելու փակելու համար ձմռան ժամանակահատվածում բեռի գրաֆիկը ցանկացած ռեժիմի դեպքում: Սակայն նրանց մասնակցությունը սահմանափակ է, քանի որ ձմռանն աշխատում են սահմանափակ գրաֆիկով: Ամառային ժամանակաշրջանում կասկադի կարգավորող հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ այն օգտագործվում է նաեւ ոռոգման նպատակով:
Որոտանի կասկադի հիդրոէլեկտրակայանները, իրենց կազմում ունենալով Սպանդարյանի եւ Թոլորսի ջրամբարները, գործնականում ունեն անսահմանափակ հնարավորություն հոսքի կարգավորման համար: Որոշ սահմանափակումներ գոյություն ունեն Տաթեւի ՀԷԿ-ի համար, քանի որ այն ունի դերիվացիայի սահմանափակ թողունակություն եւ ոչ մեծ օրական կարգավորող ջրամբար: Բացի դրանից, Տաթեւի ՀԷԿ-ն իրականացնում է հաճախականության կարգավորում, որը կանխորոշում է նրա մասնակցութունը գիշերային ժամերին բեռի գրաֆիկի անկման համար (5-10 ՄՎտ):
Նախագծվող Մեղրիի ՀԷԿ-ի մասնակցությունը բեռի գրաֆիկի փակման համար (այն չունի կարգավորող հոսք) ընդունվում է բազիսային ռեժիմում: Հրազդանի ՀԱԷԿ-ի կայանային հարթակը տեղակայված է Ախպարայի ջրամբարի հարեւանությամբ: Ախպարայի ջրամբարը համարվում է ՀԱԷԿ-ի համար ստորին ավազան: Հիդրոակումլացիոն կայանի շենքի տեղադրումը Հրազդանի ՀԷԿ-ի մոտ բացատրվում է նրանով, որ այդպիսի հարմար դասավորման դեպքում ստացվում է ճնշումային խողովակի ամենակարճ ճանապարհը կայանի շենքից մինչեւ վերին ավազան:
Այսպիսով՝ էլեկտրական էներգիայի օրական բեռի կարգավորման համար հիդրոակումլացիոն կայանի նախագծումն ու կառուցումը հնարավորություն կտան խնայել հսկայական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ եւ որոշ չափով բարելավել էկոլոգիական վիճակը մեր երկրում:
Գիշերային էլեկտրաէներգիայի օգտագործումը պոմպերի շահագործման եւ ջրի կուտակման համար կարեւոր է այնքանով, որ այն օգտագործվում է էներգահամակարգում առավոտյան եւ երեկոյան պիկերը սահուն ձեւով փակելու համար: Ներկայում աշխարհի շատ երկրներում նմանատիպ էլեկտրակայաններ կան եւ հուսալի աշխատում են: Մենք հապաղելու իրավունք չունենք:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր