Գոռոզությունն Աստծո կամքի հետ մշտական պատերազմի մեջ է, որովհետեւ գոռոզը չի ցանկանում, որ լինի այնպես, ինչպես ինքն է ուզում, եւ, իհարկե, գոռոզի սրտին հակառակ է «Եղիցին կամք քո» արտահայտության իմաստը։ Այս բառերը գոռոզ սրտի խաչելությունն են։ Գոռոզությունն ինքն է պատերազմի դուրս գալիս Աստծո խոսքի դեմ եւ Տերը ճարահատյալ պատասխանում է։ Գոռոզությունն անընդհատ պատերազմի մեջ է։
Հավանաբար սա է պատճառը, որ Լավոդիկեի եկեղեցին միակն է, ում Տերը ոչ մի դրական կամ մխիթարիչ խոսք չի ասում։ Լավոդիկեի եկեղեցին ուրացության շրջանի եկեղեցի է։ Այս՝ ուրացության ժամանակաշրջանի քրիստոնյաների ամենամեծ խնդիրը ապաեկեղեցականացումն էր, երբ աշխարհում վերանում են բոլոր տաբուները, բոլոր արգելքները, մեղքը հայտարարվում է նորմ։ Միասեռականության դեմ քարոզի համար այսօր էլ արեւմտյան շատ երկրներում եկեղեցիները տուգանվում են շատ լուրջ տուգանքներով, իսկ հոգեւորականին կարող են նստեցնել բանտ։
«Ես որոնց որ սիրում եմ, յանդիմանում եմ եւ խրատում եմ. ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր»։ Հայտնություն 3։19
Ամբողջ հանդիմանություններով հանդերձ, Տերը դահիճ չէ, որ գլխատի կամ անդամահատի, Տերը բժիշկ է եւ բժշկում է։
«Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կմտնեմ նորա մօտ եւ ընթրիք կանեմ նորա հետ, եւ նա ինձ հետ»։ Հայտնություն 3։20
«Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ» արտահայտությունը Աստվածաշնչից ամենաշատ մեջբերվող հատվածներից մեկն է։ Սա նշանակում է, որ տվյալ եկեղեցու գործերն այնքան շատ են, որ Տերը թակում է դուռը։ Արդյո՞ք մենք լսում ենք այդ թակոցը կյանքի այս հարահոսի, այս աղմուկի մեջ։ Հենց այս աղմուկն է, որ ձեռք է բերում հոգեւոր վտանգավորություն։ Որովհետեւ մենք արդեն սովորել ենք աղմուկին, նույնիսկ աղմուկի բացակայությունից վախենում ենք։ Եթե մի երեսուն րոպե բացարձակ լռություն լինի, մարդիկ ընկնում են անհարմարավետության մեջ, վատ են զգում, վախենում են… Եվ այս ողջ աղմուկի մեջ չեն էլ լսում դռան թակոցը…
Իսկ ինչո՞ւ Տերը չի բացում դռները, այլ թակում է, չէ՞ որ ինքն ունի բոլոր դռների բանալիները։ Որովհետեւ յուրաքանչյուրի սրտի դուռը բացող բռնակը միայն մի կողմից է՝ ներսից։ Միայն դու կարող ես ներսից բացել քո սրտի դուռը։ Մենք գտնվում ենք սեփական մտքերի բանտում։ Սակայն հենց Լավոդիկեի եկեղեցուն, ամենաարատավոր ու անկենդան եկեղեցուն է ուղղում ամենամեծ պարգեւին աժանանալու հավանականությունը, բայց միայն հաղթողների համար.
«Ով որ յաղթում է, կտամ նորան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վերայ, ինչպէս ես էլ յաղթեցի եւ նստեցի իմ Հօր հետ նորա աթոռի վերայ»։ Հայտնություն 3։21
Տերը տալիս է ամենաանհավանական պարգեւը՝ հաղթողին, այսինքն՝ արդարին։ Այդ դեպքում մենք կիշխենք կրքերին, մեղքերին, վշտերին… երբ կամ եթե հաղթենք։
Լավոդիկեի եկեղեցուն ուղղված ուղերձն ավարտվում է նույն խոսքերով, ինչ նախորդ բոլոր վեց եկեղեցիներին ուղղված ուղերձներում.
«Ով որ ականջ ունի, թող լսէ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ Հայտնություն 3։22
Առաջին դարում կային էլի եկեղեցիներ, քրիստոնեական համայնքներ, ու կարելի էր դիմել, սակայն այստեղ կարեւորը ոչ այնքան եկեղեցու կամ քաղաքի անունն է, որքան ուղերձի բովանդակությունը, էությունը։ Յուրաքանչյուր եկեղեցի մինչեւ այսօր իրեն կարող է գտնել այս յոթ եկեղեցիների հրեշտակներին ուղղված ուղերձներից ուրեւէ մեկում։
Եթե ամփոփենք յոթ եկեղեցիներին ուղղված ուղերձները, կարող ենք նշել Տիրոջ խոսքը՝ «գիտեմ քո գործերը…», որին պետք է հետեւի ապաշխարիր, զղջա, եղիր հավատարիմ եւ մի վախենա։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ