«Ես կպատմեմ ձեզ, թե ինչն է ինձ ամեն տարի հիշեցնում անհանգիստ աշնանային երկինքը, առաջին ընթրիքները լամպի ներքո եւ դեղին տերեւները դողացող ծառերի ներքո: Ես կասեմ ձեզ այն, ինչ տեսնում եմ, երբ անցնում եմ Լյուքսեմբուրգը հոկտեմբերի առաջին օրերին, երբ այն մի փոքր տխուր եւ գեղեցիկ է, քան երբեւէ, քանի որ այն ժամանակն է, երբ տերեւները մեկ առ մեկ ընկնում են արձանների սպիտակ ուսերին»։
Անատոլ Ֆրանս
Մարդկության պատմությունը ծննդի ու վախճանի, մահվան պատմություն է. ծննդից՝ վախճան ձգվում է կյանքի ճանապարհը. այդ ճանապարհն է որոշում մարդու տեսակը, նրա հիշատակի հանդեպ ձեւավորում վերաբերմունք՝ անեծքով թե օրհնանքով համեմված… Մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսը վախճանվեց իր «տխուր ու գեղեցիկ» հոկտեմբերներից մեկի առաջին օրերին՝ 1924 թ. հոկտեմբերի 12-ին։ Մահվանից հետո նրա ուղեղը զննել են ֆրանսիացի անատոմիստները, պարզել, որ դրա զանգվածը 1017 գրամ է։ Հուղարկավորվել է Նոյլի-Սուր-Սին նահանգի գերեզմանատանը։ Նրա անունով՝ Անատոլֆրանս է կոչվում 11166 աստերոիդը։ Մարդու հիշատակն է, որ հավերժ է, եւ այն կերտողը մարդն ինքն է, իսկ Անատոլ Ֆրանսն անցել է կյանքի լուսավոր ուղի՝ բռնելով սիրո ու հոգածության զարկերակը։ Նա իր գրական՝ ֆանտաստիկ ու երեւակայական աշխարհում մերժում էր ամեն տեսակ բռնություն ամենքի ու ամեն ինչի նկատմամբ եւ նույն համոզմունքով առաջնորդվում կյանքում՝ այստեղ եւս մերժելով ուրիշի ցավի հանդեպ անտարբեր դիտորդի դերը։ Առանց այն էլ կյանքը հարուստ չէ երջանիկ անակնկալներով, ուր մնաց՝ մարդուն շահագործել ու կյանքն ընդհատել դաժանաբար՝ դառնալով արյունարբու ու դահիճ։
Մեծ մտածողը վստահ էր, որ մարդկության համախմբումը նրա բարօրության գործակիցն է, եւ հավատում էր «ժողովուրդների ապագա միավորմանը», կոչ անում դրան. «Երկրագնդի հարստության լրիվ օգտագործելը պահանջում է թե՛ սպիտակ, թե՛ սեւ եւ թե՛ դեղին ռասաների ուժերի համախմբում։ Շահագործելով, թուլացնելով, մի խոսքով՝ գաղութացնելով մարդկության մի մասը՝ մենք գործում ենք ինքներս մեր դեմ»։ Անատոլ Ֆրանսի խոսքերը հանուն գեղեցկության չէին, ոչ էլ պատեհապաշտությամբ թելադրված. նա ապրում էր այդ համոզմունքով եւ ոչ միայն գրում ու ելույթներ էր ունենում, այլեւ գործուն մասնակցություն բռնության դեմ, տառապյալների ու կարիքավորների համար դառնում վստահելի ապավեն։ 1890-ականներին նա լծվել էր Օսմանյան կայսրության բռնաճնշումներից տառապող ժողովուրդների, այդ թվում եւ արեւմտահայերի պաշտպանության գործին, հայ որբերի համար միջոցներ էր հայթայթում, Ժան Ժորեսի ու Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ աշխատակցում Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրին։ Հայ ժողովրդի ապրելու կամքը զարմացրել էր գրողին, հատկապես Մեծ եղեռնի զարհուրելի տեսարաններից հետո այն առավել ցցուն էր դարձել, ու հենց նախճիրին դիմադրելու հայի ոգին էր գրավել նրան, ու թվում է՝ ինքն էլ էր ուզում մասնակից լինել այդ ոգու զորությանը՝ ֆրանսիացիներին կոչ անելով պաշտպանել համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի ավանդ ունեցող քրիստոնյա ժողովրդին՝ համարելով այն սրբազան պարտք. «Մենք կատարում ենք մեր սրբազան պարտքը, Հայաստանին հատուցում ենք իր արժանի պատիվը ոչ այնքան նրա՝ բոլորին հայտնի տանջանքների, որքան դրանք համառությամբ տանելու համար»։ Այլեւս անկասկած էր, որ հայ ժողովուրդը կործանվում է սոսկ իր տեսակի համար, իր իմաստասիրության, արդարության, պոեզիայի ու արվեստի, համամարդկային արժեքներին նվիրվածության, որն այնքան հարազատ է ֆրանսիացի ժողովրդին, արժեքներ, որ հայ ժողովրդի համար դարձել է «անքավելի հանցանք»։
Խորանալով խնդրի էության մեջ՝ Անատոլ Ֆրանսը եզրակացնում է. «Մենք հասկացանք, որ թուրք ճնշողի եւ հայի երկար ու անհավասար պայքարը բռնապետության պայքարն է, բարբարոսության պայքարն արդարության ու ազատության ոգու դեմ»։ Բռնակալության, արյունահեղության, ոճրագործությունների դաժանությամբ ու բազմազանությամբ թուրքական իշխանությունները գերազանցում էին մեկը մյուսին։ 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ Ֆրանսը զայրույթով հայտարարեց. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին… Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում…»: Ցեղասպանության ոճրագործների մասին նույն կարծիքն է արտահայտել եւ Ֆրիտյոֆ Նանսենը, գրեթե նույն բառերով. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915 թ սկսված ջարդերի հետ։ Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»։ Այն զարհուրելի աղետը, որն ապրեց հայ ժողովուրդը մարդասեր երկրների բաց աչքի առջեւ ու նրանց թողտվությամբ, չընկճեց նրա պայքարի ու ապրելու ոգին, որին անվերապահ հավատում էին նրա մեծ բարեկամները՝ կրկին նույն վերաբերմունքն ու կարծիքը հայտնելով նրա վերածննդի հանդեպ։ «Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որեւէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»,- այսպես էր արտահայտվում Ֆրիտյոֆ Նանսենը, ասես կրկնելով Անատոլ Ֆրանսին, ով համոզված էր հայ ժողովրդի վերընձյուղմանը. «Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռեւս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Այն ժողովուրդւ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի…»:
Ինչպես Անատոլ Ֆրանսն էր ասում, «արյան այդ փոքրիկ քանակությունը» թեւավորվեց ու տարածվեց աշխարհով մեկ՝ աշխարհի ամեն անկյունում ապրեցնելով հայի գենը ու հիշեցնելով նրա մասին, ու հիմա էլ այդ վերընձյուղված ժողովրդի դեմ նորանոր ցեղասպանություններ են գործում ու հղանում թուրք-ադրբեջանական իշխանությունները՝ ոչնչով չտարբերվելով արյունռուշտ նախնիներից՝ մարդկության պատմության մեջ սերնդեսերունդ վերջնականապես գրանցվելով ոճրագործության խորհրդանիշներ…