Նոյեմբերի 11-ին Սամարղանդում կկայանա Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Օրակարգային հարցերից մեկը բոլոր երկրների՝ ինտեգրացիոն միավորման անդամների կողմից անցումն է միասնական այբուբենի: Այս գործընթացում առանցքային դերը պատկանում է Թուրքիային, որը, ի հակակշիռ «ռուսական աշխարհի», թյուրքական աշխարհ է ստեղծում: Դա ոչ այնքան ցուցադրում է ԹՊԿ-ի անդամների ցանկությունը՝ գործելու ի հեճուկս Ռուսաստանի, որքան ցուցադրում է նրա քաղաքականությունից հեռանալու, իրենց էթնիկ ու դավանանքային միասնությունն ամրապնդելու ձգտումը: Միեւնույն ժամանակ պատրաստակամություն է ցուցադրվում՝ պահպանելու բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները Մոսկվայի հետ: Ռուսերենը կմնա միջազգային հաղորդակցության լեզու: Իսկ վերջնական անցումը լատինական այբուբենին օբյեկտիվորեն կհանգեցնի հատկապես երիտասարդների կողմից ռուսերենի օգտագործման աստիճանական կրճատման:
Օրերս Բուրսայում տեղի է ունեցել մի սեմինար, որի ընթացքում քննարկվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների համար միասնական այբուբենի մասին հարցը: Հիշեցնենք, որ այդ երկրներն են Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Ադրբեջանը: Հունգարիան ու Թուրքմենստանն առայժմ դիտորդի կարգավիճակ ունեն:
Սեմինարը գլխավորել է թյուրքական լեզվի միության ղեկավար Գյուլեր Գյուլսեւինը: Միասնական այբուբենի մշակման հանձնաժողովում երկուական անդամ կընդգրկվի յուրաքանչյուր երկրից: Իսկ առաջին նիստը հանձնաժողովը կանցկացնի Բիշքեկում:
Թուրքիան առաջ է մղում գրի սեփական տարբերակը, որը հենվում է լատիներենի վրա եւ երկրում ներդրվել է 1928 թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձնական հրահանգով: Ի դեպ, լատինականին անցման գաղափարն այն ժամանակ նա վերցրեց Ադրբեջանից, որն այն տարածեց թյուրքալեզու այլ երկրների ու մահմեդական ժողովուրդների շրջանում:
Լատինական այբուբենին անցնելու պատճառը հիմնավորվում էր նրանով, որ արաբական գիրը, որն օգտագործում էին թյուրքալեզու ժողովուրդները, հարմարեցված չէր թյուրքական լեզուների հնչյունական հատկանիշներին:
Խորհրդային բոլոր թյուրքական պետությունները մինչեւ 1930 թ. աստիճանաբար անցան լատինական այբուբենի, եւ այն անընդհատ կատարելագործվեց: Բայց արդեն 1939 թ. սկզբին Կենտրոնից հրաման ստացվեց՝ մինչեւ տարեվերջ անցնելու կիրիլիցային:
1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզումից եւ հանրապետությունների՝ անկախություն ձեռք բերելուց հետո հետադարձ գործընթաց սկսվեց, որը որոշ երկրներում ձգձգվել է 30 տարի: Միայն Ադրբեջանն ու Թուրքմենստանն են 2000-ականների սկզբին լիովին վերադարձել լատինական այբուբենին: Ուզբեկստանում մինչեւ հիմա լատինականն ու կիրիլիցան զուգահեռ օգտագործվում են: Լատինականին անցման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունվարի 1-ը: Ղազախստանում այբուբենի մշակումը շարունակվում է արդեն մի քանի տարի: Երկիրը տարբերակներից մեկի ընտրության հարցում պետք է կողմնորոշվի մինչեւ 2025 թ.: Եվ միայն Ղրղզստանն է շարունակում օգտագործել կիրիլիցան: Հանրապետությունում լատինականի ներդրման հարցը եթե բարձրացվել է, ապա միայն՝ գիտնականների մակարդակով, որոնք առաջարկել են որպես հիմք ընդունել 1928 թ. թուրքական այբուբենը:
«Բութուն Ղրղզստան» կուսակցության ղեկավար, հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ադահան Մադումարովը կարծում է, որ կիրիլիցայից անցումը լատինականին անթույլատրելի շքեղություն է երկրի համար:
«Այբուբենի հաճախակի փոփոխությունը բացասական ազդեցություն ունի մտավորականության տարիքային շեմի տեսանկյունից: Նման բարեփոխումները չի կարելի անցկացել ուռա-հայրենասիրությամբ, ժողովուրդն ավելի
շատ կորցնում է, քան ստանում»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է խորհրդարանականը: Նրա կարծիքով՝ Ղրղզստանն այսօր ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես եւ ոչ էլ սոցիալապես պատրաստ չէ այբուբենի փոփոխությանը: «Ո՞վ է լատինականը պահանջում, դրա մասին խոսելու ի՞նչ անհրաժեշտություն կա: Դանդաղ, բայց վստահորեն Ղրղզստանը շարժվում է Ռուսաստանից հեռու: Այբուբենը սոսկ գիր չէ: Դա առաջին հերթին գաղափարախոսություն է, քաղաքականություն, հանրության սոցիալական մակարդակ»,- կարծում է Մադումարովը: Նա նշել է, որ դա մեծ կորուստ է նաեւ Ռուսաստանի համար:
Ղազախստանի ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սաթպաեւը միասնական այբուբենի ներդրման գաղափարը հետաքրքիր է համարում, քանի որ թյուրքական պետությունների լեզուները նման են: «Եթե խոսքը միասնական տեղեկատվական ու մշակութային տարածության ստեղծման մասին է, ապա միասնական այբուբենը շատ հետաքրքիր գաղափար է: Հարցը միայն այն է, թե որ այբուբենի հիմքի վրա դա կարվի: Ո՞վ կկատարի առաջին ջութակի դերը: Այբուբենի հարցը, լեզվի հարցը ազգային ինքնիշխանության խնդիր է: Ուստի թեման պետք է բաց քննարկվի բոլոր մակարդակներում եւ ենթադրում է ստեղծել միասնական օրգան, որում կներառվեն բանասերներն ու լեզվաբանները»,- ասել է Սաթպաեւը: Եթե դա քաղաքական որոշում է, ապա, ըստ փորձագետի, ելքը պետք է լինի այբուբենի լավ մշակված ու որակյալ տարբերակը:
Սաթպաեւի կարծիքով՝ դրական կողմերն ակնհայտ են: «Թյուրքական երկրների քաղաքական երկխոսությունն ուժեղացել է Ուկրաինայի հակամարտության պատճառով, ԹՊԿ-ի երկրները Ռուսաստանից տարբեր դիրքորոշում ունեն ռուսական նոր տարածքների ճանաչման հարցում: Մտահոգություններ կան նաեւ հիպոթետիկ անվտանգության տեսանկյունից, մասնավորապես՝ Ղազախստանում: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ հնչեցրել է իր թեզը, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ղազախստանին ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Բացի այդ, երկրները մերձենում են տրանսպորտա-հաղորդակցային հիմքի վրա»,-շեշտել է փորձագետը: Նրա խոսքով՝ «հիմա դրվում են տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական փոխադարձ կապերի հիմքերը: Եվ միասնական այբուբենի ստեղծումը մերձեցման օղակներից մեկն է: Բայց պետք է հաշվարկել բոլոր պլյուսներն ու մինուսները»:
Եթե Էրդողանը պլաններ ունի՝ կապված Կենտրոնական Ասիայի հետ, ապա չի կարող արագ առաջին ջութակ դառնալ: Դա Թուրքիայի երկրորդ մուտքն է տարածաշրջան: Այստեղ հարկ է հաշվի առնել, որ բոլոր երկրները տարբեր են, նրանց միջեւ հզոր կցորդիչներ չկան, եւ ավելորդ հակամարտություններ, ինչպես Ղրղզստանի ու ԹՊԿ-ի կազմի մեջ չմտնող Տաջիկստանի դեպքում, ոչ ոքի պետք չեն: Միակ բանը, որ կարող է օգտագործել Էրդողանը՝ տարածաշրջանում տնօրինելու համար, կրոնական գործոնն է: Կենտրոնական Ասիայում մեծ թիվ են կազմում մահմեդականության թյուրքական մոդելի հետեւորդները:
Քանի որ միասնական այբուբենի ներդրման նախաձեռնողը Թուրքիան է, դժվար չէ հասկանալ, որ տեղի կունենա նաեւ թուրքերենի աստիճանական ներդրում: Երիտասարդությունն արդեն մեկ սերունդ անց կուսումնասիրի ոչ թե ռուսերենը, այլ թուրքերենը: Դպրոցներն ու բուհերը նույնպես անցում կկատարեն թուրքերենին: Դա գաղափարախոսություն է, որ կաշխատի Թուրքիայի, Էրդողանի համար, եթե, իհարկե, վերջինիս հաջողվի ավելի երկար մնալ իշխանության ղեկին: Արդյունքում Կենտրոնական Ասիան ՌԴ-ի փոխարեն կկողմնորոշվի դեպի Թուրքիա եւ վերջինիս հետ` ինտեգրացիոն միավորումները:
Տարածաշրջանի երկրների միջեւ ընդհանուրը ռուսաց լեզվի օգտագործման կրճատումն է եւ ազգային լեզուների ակտիվացումը: Դա պայմանավորված է ժողովրդագրական միտումով՝ թյուրքական երկրների բնակչության աճով: Օրինակ՝ Ղազախստանում բնակչության ավելի քան 70 տոկոսն արդեն ղազախներ են, ուստի ղազախերենը գերակշռում է երկրի կյանքի բոլոր ոլորտներում: Ադրբեջանն այս փուլն անցել է տասը տարի առաջ: Ռուսերենը կմնա որպես միջազգային շփման լեզու եւ կօգտագործվի՝ նախկին խորհրդային հանրապետությունների հետ շփումները պահպանելու համար: