«Հայերն իմ վաղեմի բարեկամներն են։ Երբ սկսվեցին ղարաբաղյան իրադարձությունները, ես հանդես եկա ի պաշտպանություն նրանց։ Իմ լավ հարեւանները՝ ադրբեջանցիները, զայրացան. մենք քո գրքերը կվառե՛նք։ Ես մտքով ընկա. դե, ի վերջո, բոլոր ժամանակներում ամենավատ գրքերը չէ, որ վառվում էին հրապարակներում… Ես հրշեջներ չեմ կանչի։ Բայց ես չեմ հասկանում նրանց, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի մասին ու միեւնույն ժամանակ աղտոտում համաքաղաքացիների միտքը ազգայնամոլությամբ»։
Ռասուլ Համզաթով
Եթե չխորանանք ազգայնամոլության կամ ազգայնականության տարատեսակների գիտական տերմինաբանության մեջ, կարելի է այն ներկայացնել երկու պարզ ուղղություններով. ազգայնականություն, որն ուղղված է սեփական էթնոսի պահպանմանը՝ դրա հետ կապված խնդիրները էթնոսի ներսում լուծելով, ինչը դրական երեւույթ է, եւ կա ազգայնականություն, որ փորձում է սեփական էթնոսը կամ դրա առավելությունը հաստատել այլ էթնիկ ժողովուրդներին ճնշելու, ոչնչացնելու ճանապարհով։ Չունենալով սեփական մշակույթի գիտակցություն եւ թերահավատ լինելով նրա հանդեպ, բայց եւ այն ունենալու հավակնություններից դրդված՝ որոշ ազգայնականների թվում է, թե այլոց էթնիկ մշակույթը ոչնչացնելու ճանապարհով ինքնըստինքյան հաստատվում է իրենցը, սեփականը։ Բայց եթե ազգը չունի սեփական մշակույթ, էթնիկ արմատներ, իրեն չի զգում այն հողի տերը, որի վրա ապրում է, որքան էլ ոչնչացնի այլոց ու նրանց մշակույթը, չի կարող ինքնահաստատվել դատարկության վրա։ Ուրիշներին ոչնչացնելու գնով սեփական ազգային արժանապատվությունը չհաջողվեց բարձրացնել անգամ գերմանացիներին, որ համոզված էին իրենց եզակիության մեջ, ուր մնաց՝ ադրբեջանցիներն ու թուրքերը, որ մշակույթի մասին լսել են միայն ուրիշներից։
Ռասուլ Համզաթովը փոքր ազգի մեծ ներկայացուցիչ է. 1970-ի տվյալներով՝ ավարները կազմել են 396 հազար, բնակվում են հիմնականում Լեռնային Դաղստանի արեւմտյան մասում, մասամբ՝ Ադրբեջանում։ Ու թեեւ ավարները քիչ են քանակով, պահպանել են իրենց լեզուն՝ ավարերենը, ավանդույթներն ու մշակույթը, եւ ըստ այդմ՝ ունենալով սեփականը, դժվար կամ «ամոթալի» չէ ընդունել ուրիշինը ու սիրել այն, ինչպես իրենցը։ Լինելով աշխարհ տեսած մարդ, շփվելով բազում ազգերի ներկայացուցիչների հետ՝ դաղստանցի պոետը երբեւէ չի լցվել խանդով ու նախանձով որեւէ ազգության հանդեպ, եւ ազգությունն ու դավանանքն էլ նրա համար տարբերանշան չեն եղել. առաջնությունը մարդունն է, նրա տեսակինը. կարեւորը մարդու արարչությունն է, սերը իր նմանի ու կյանքի հանդեպ, ինչը հաճույքով է խոստովանում նրա մտածող տեսակը։ Անխանդ է նաեւ Ռասուլ Համզաթովի տեսակը առ Հայաստան, հայկական մշակույթն ու արժեքները։ Խորհրդային ժամանակներում տարբեր հանրապետությունների մշակութային գործիչների հետ հանդիպումներ կազմակերպելու, միմյանց հետ առերես շփվելու, փոխադարձ այցելությունների, միմյանց ճանաչելու, բարեկամանալու լավ սովորույթներ էին ձեւավորվել։ Բնական է, որ մեծ Միության մեջ ապրած, բազմաթիվ բարեկամներ ու ընկերներ ձեռք բերած խորհրդային գրողն ափսոսում է, որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, քանզի նրա համար անհասկանալի է արժեքների վերարժեւորումը, այն, որ «հնարավոր է դարձել գնել ու վաճառել այն, ինչը ժամանակին արգելված էր՝ խիղճը, հերոսությունը, տաղանդը, գեղեցկությունը, կանանց, երեխաներին, պոեզիան, երաժշտությունը, երբեմն՝ հարազատ երկիրը» եւ այն, որ «ամեն տարվա հետ կյանքի գինն ավելի ու ավելի է ընկնում, իսկ իրերի գինը՝ բարձրանում…»: Դրան զուգահեռ՝ ամենաահավորը պատերազմն է, համոզված է գրողը. ամենուր արյուն, հանցագործությունների աճ, ծնելիության անկում, աննախադեպ մահացություններ, բարեկամների կորուստ…
Ավար խորհրդային բանաստեղծ, արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, բազմաթիվ մեդալների, պարգեւների ու շքանշանների, միութենական մի շարք մրցանակների դափնեկիր, արցախյան հիմնախնդրի ջերմ պաշտպան Ռասուլ Համզաթովը ծնվել է Դաղստանի Ցադա աուլում՝ ազգային պոետ Համզաթ Ցադասու ընտանիքում, 1923 թ. սեպտեմբերի 8-ին։ Ինչպես հայերն էին նրան լավ ճանաչում ու թարգմանում, նույնպիսի հարազատությամբ նա էր ճանաչում Հայաստանը, ապրում նրա ցավ- ուրախությունով, գրում նրա մասին, հրապարակայնորեն պաշտպանում հայ ժողովրդի իրավունքները սեփական հողի նկատմամբ։ Ռասուլ Համզաթովի գրչին է պատկանում «Երգեր Հայաստանի մասին» բանաստեղծությունների շարքը՝ լի հուզականությամբ ու սիրով «ուրիշի» հայրենիքի հանդեպ.
Այս ինչքա՜ն է անսիրտ ձյունը քո լանջերի,
Որ չի հալվում նույնիսկ հայոց հո՛ւր աչքերից,
Եվ ի՜նչ խորհուրդ ունես վսեմ ու ի՜նչ հմայք,
Որ սիրո՜ւմ եմ ես քեզ, Մասի՛ս, Հայի՛ նման:
Ինչպես Հայաստա՛նն էր մարդասեր պոետի սրտում, այնպես էլ նա՛ մնաց հայերի սրտում իր անկեղծ ու նվիրական սիրով։ Հայ ժողովրդի սրտակից բարեկամ Ռասուլ Համզաթովը վախճանվել է 2003 թ.. նոյեմբերի 3-ը նրա հիշատակի օրն է։