Բայդենի վարչակազմը հորդորում է Ուկրաինայի ղեկավարությանը բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի ղեկավարության նպատակը Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ «նստեցնելը» չէ, այլ նոյեմբերի ընտրություններում Կիեւի օրինակով այլ ազգերի աջակցությունն ստանալը։ Կարելի է եզրակացնել, որ Բայդենի վարչակազմի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ բարդացել է, անգամ՝ խճճվել. ԱՄՆ պաշտոնյաները հրապարակայնորեն խոստանում են աջակցել Կիեւին այնքան ժամանակ, որքան պահանջվում է՝ հուսալով, որ հակամարտությունը շուտափույթ լուծում կստանա: Այնուամենայնիվ, հակամարտությունը թեւակոխեց ավելի վտանգավոր փուլ՝ պարունակելով միջուկային պատերազմի սպառնալիք։ Թեեւ ԱՄՆ պաշտոնյաները կիսում են իրենց ուկրաինացի գործընկերների գնահատականը, թե ՌԴ նախագահ Վ. Պուտինը լուրջ տրամադրված չէ բանակցությունների նկատմամբ։ Նրանք ընդունում են, որ բանակցությունների բացակայությունն անհանգստություն է առաջացրել Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում. պատերազմի պատճառով սննդամթերքի եւ վառելիքի գները կտրուկ բարձրացել են։
Վետերան դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուն, որն զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, ասել է, որ Միացյալ Նահանգները չի կարող լիովին անտարբեր լինել, թե ինչպես եւ երբ կավարտվի պատերազմը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի շահագրգռվածությունը եվրոպական անվտանգության ապահովման հարցում։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը ձգտում է նաեւ զսպել Կիեւի ենթադրվելիք ագրեսիան։
Ուկրաինացիները զայրույթով են արձագանքել, երբ օտարերկրացիները, հատկապես ամերիկացիներն առաջարկել են զիջել իրենց երկրի տարածքները՝ որպես խաղաղ համաձայնագրի մաս։ Օրինակ՝ միլիարդատեր Իլոն Մասկը, որն Ուկրաինայի զինված ուժերին արբանյակային կապի սարքեր է մատակարարել, «Թվիթերում» հայտարարեց մի առաջարկի մասին, որը կարող է թույլ տալ Ռուսաստանին հանրաքվեի միջոցով ամրապնդել իր վերահսկողությունը Ուկրաինայի որոշ մասերի նկատմամբ եւ լեգիտիմացնել Ղրիմի գոյությունը Ռուսաստանի սահմանների ներսում: Առաջարկվող զիջումների վերաբերյալ ուկրաինացի պաշտոնյաների քննադատություններն ավելի սրվել են. նրանք դատապարտում են Արեւմուտքի որոշ ներկայացուցիչների՝ նրանց մեղադրելով Կրեմլի շահերը սպասարկելու մեջ:
Դեմոկրատական կուսակցության մեջ առաջադիմականները դիվանագիտության կոչ են անում՝ երկարատեւ պատերազմից խուսափելու համար։ Նրանց կարծիքով` պատերազմը հեշտությամբ կարող է ավարտվել: Ուշագրավ են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Սուլլիվանի խոսքերը. «Ռուսաստանն է սկսել այս պատերազմը, ուրեմն Ռուսաստանն էլ կարող է վերջ դնել դրան՝ դադարեցնելով իր հարձակումը Ուկրաինայի վրա, դադարեցնելով Ուկրաինայի օկուպացիան։ Եվ դա հենց այն է, ինչ նա պետք է անի մեր տեսանկյունից»: Ստացվում է, որ պատերազմն ավարտելու հարցում ԱՄՆ-ն իր «հույսը» դնում է Ռուսաստանի վրա։
Հակամարտության մասին մտահոգությունները հատկապես ցայտուն են արտահայտվում այն երկրներում, որոնք ի սկզբանե աջակցում էին Ուկրաինային՝ հետեւելով ԱՄՆ-ի օրինակին։ Սոցիալական դժվարություններն են ստիպում նման երկրներին հորդորել Ամերիկային՝ կանգնեցնելու պատերազմը։ Դրա վառ օրինակն է այն, որ Հարավային Աֆրիկան ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի վերջին քվեարկության ժամանակ, երբ դատապարտվում էին Ռուսաստանի «բռնակցման գործողությունների» մասին հրամանագրերը։ Աֆրիկան, ինչպես նաեւ Եվրոպան շեշտում են, որ աշխարհը պետք է կենտրոնանա հրադադարի եւ քաղաքական կարգավորմանը նպաստելու վրա: Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ Զելենսկին նույնքան պատասխանատու է պատերազմի համար, որքան Պուտինը։
Կարելի է եզրակացնել, որ Կիեւը փորձում է հնարավորինս շատ ռազմական օգուտներ քաղել, որից հետո դիվանագիտության համար պատուհան կարող է բացել: Պատերազմի երկարատեւությունն ուղղակիորեն ազդում է Արեւմուտքի եւ Ուկրաինայի համագործակցության վրա, քանի որ ԱՄՆ-ն սկսել է բանակցությունների գնալու կտրուկ կոչ անել Կիեւին։