«Անթաթ ինձ կպնում են, հա՞, թե հայերեն ճիշտ չեմ խոսում… Ամեն մեկը, հա՞, թող իր գործով զբաղվի: Իմ խնդիրն է, հա՞, ոնց կխոսամ… Թող չլսեն, ես կոմպլեքսավորված անձնավորություն չեմ…».- չկոմպլեքսավորված սույն անձնավորությունը, որին «անթաթ» (հասկացիր՝ անընդհատ) «կպնում» են հայոց լեզուն ու «ընդդիմախոսներին» բացահայտ արհամարհելու պատճառով, ով անթարթ աչքերը հաղորդավարին պարզած՝ անկաշկանդ ճամարտակումով քարկոծում էր քննադատողներին եւ մեր ոսկեղենիկ հայոց լեզուն, հավատացեք, ոչ թե շուկայում վարունգ վաճառող սովորական մի առեւտրական է, այլ հանրահայտ «աստղաբույլի» երգչուհի, շատերի կողմից ընդունված ու սիրված դերասանուհի: Հաղորդավարը վերջին ճիգն արեց, փորձեց համոզել, որ մանավանդ եթերից չի կարելի, համենայն դեպս, բարեկիրթ չէ անփույթ, անկանոն խոսելը, դրանով մայրենի լեզուն եւ հեռուստադիտողներին արհամարհելը, ի պատասխան հետեւյալը հնչեց. «Ես հայկական մենթալիտետով եմ շարժվում, ես ունեմ իմ ճիշտը, հա՞…»:
Նրա խոսքից հասկացվում է, որ հայկական մենթալիտետով շարժվողն անպայման պիտի խոսի, ինչպես ուզում է, չափ ու կշիռ չդնի արտահայտություններում, պիտի խեղաթյուրի, արատավորի իր եւ իր ժողովրդի լեզուն, որոնց համար եւս, ինչպես երգելուց հետո, պարտավոր ենք ծափահարել ու մի «պաչ» դրոշմել համառ ճակատին: Իսկ օտարահունչ, շինծու «հա»-ե՞րը, որ բույն են դրել ոչ միայն այս երգչուհու բառապաշարում, որ սովորական են դարձել շատ շատերի համար եւ ամեն անգամ «ծեփվում» են հերթական նախադասության որեւէ մասում ու մեր լեզվի ճակատին, հայկական մենթալիտետի սահմանագծում եղե՞լ են երբեւէ…: Իրոք, հոգնեցուցիչ են անգլիախոս ժողովուրդներին հատուկ արհեստական շեշտադրումներով նմանատիպ խոսքը, նրանցից անհեթեթորեն թխված, անտեղի, ոչինչ չասող, ապա եւ՝ սեթեւեթանքի, պարզունակության խարանը վրան նման «հա»-երի անմիտ ռմբակոծումը հատկապես եթերից, հատկապես գրագետ մարդկանցից:
Անթաթի մասին էլ ասենք ու անցնենք՝ թաթ չունեցողի մասին ենք ասում՝ անթաթ է: Երգչուհուն հարցնենք՝ մի՞թե ճշգրիտ արտահայտվելը, բառերի արտասանության քերականական-ուղղախոսական կանոնները պահպանելը բոլորի համար պարտադիր չեն: Հա՞…
Շրջապատի կարծիքն անտեսելու, մարդկանց արհամարհելու, անսքող զոռբայության ու մեծամտության հոտ է գալիս նման աստղ-աստղիկների խոսքերից: Իսկ նման խոսքերը ծնվում են տվյալ մարդու վարվելակերպից, մտածողությունից, կյանքի մասին ունեցած վերաբերմունքից, որոնք դրսեւորվում եւ իրենց գործնական կիրառումն են գտնում հենց առօրյա խոսքում: Ոճը՝ ինքը մարդն է:
Մայրենի լեզվի նկատմամբ անհոգատարությունը, արհամարհանքը ամեն օր, ամեն առիթով, գրեթե ամեն քայլափոխի զգում ենք: Ասված խոսք է՝ լեզուն վարքագիծ է: Ո՞ւմ կարող է դուր գալ անճաշակ հագնված, իր անձին կարեւորություն տալու նպատակով գոռոզ-գոռոզ, ավելորդ ճոճվելով, մի խոսքով՝ անճոռնի շարժուձեւերով քայլող մարդը: Այնպես էլ որեւէ մեկին չի կարող դուր գալ անճաշակ, անճոռնի խոսելաձեւը: Արի հասկացիր, թե ի՞նչ է ուզում ասել կլորիկ, դուրս ընկած փորով, հանրությանը հայտնի մարդն իր խառնափնթոր խոսքերով. «Հիվանդությունս չծանրաբեռնցնեք, մեկ ա, երեսուն տարի ապրելու եմ…»:
Իսկ թե ի՞նչ է ուզում ասել ֆուտբոլի հաղորդավարը՝ «Թիմերը մեկական գնդակներով փոխանակվեցին»: Կամ՝ «կզանգվենք, կհանդիպվենք, կխոսվենք»-ների հեղինակները: Հասկանալ կարելի է մեծ ճիգով. թիմերը մեկական գնդակ խփեցին միմյանց դարպասը, մյուսները պայմանավորվում են իրար զանգել, հանդիպել, խոսել, զրուցել: Միայն թե այդ ամենը՝ մայրենի լեզվի «հերն անիծելու» գնով՝ հիմնովին ավերելով քերականական ու խոսակցական ամեն մի կարգ ու կանոն: Լսենք շարունակությունը. ընկերը հարցնում է. «Հաստատ կհանդիպվե՞նք»: Պատասխանը. «Բա ո՞նց, տատուս արեւ, կհանդիպվենք»: Մի՞թե զարհուրելի ու գռեհիկ չեն ինչ-որ տեղ, չգիտես ինչպես ծլած եւ, լավ է, դեռ մարզերում չծլարձակած այս «տատուս, պապուս արեւները»: Իսկ եթե փորձեն երդվել հոր, մոր արեւո՞վ, նմանաբանության նույն օրենքով ինչպե՞ս կհաջողեն: «Հորուս» արեւն անհեթեթություն է, «մորուս» արեւն առավել քան անհեթեթություն է…մորուսը, դե, հայտնի է, բեղ-մորուքն է, որ եղել է ու կա այսօր, վաղը եւ հավիտենս հավիտենից:
Սխալ, անիմաստ, տգեղ խոսքերի, նախադասությունների օրինակներ հազարներով կարելի է բերել: Ինչո՞ւ ենք այսպես ու այսքան անտարբեր մեր լեզվի նկատմամբ, ինչո՞ւ ենք գռեհկացնում, այլանդակում, գանահարում ամեն ժամ, ամեն րոպե, ինչո՞ւ է մեզանում վերացել լեզվի նկատմամբ պաշտամունքը, այն պաշտամունքը, որ եղել է դարեր շարունակ, որ եղել է լեզվի ծագման օրվանից, երբ այն միանշանակ պատվեցինք «ՄԱՅՐԵՆԻ» անվամբ: Մի՞թե մեր մայրերն այսպես են խոսել, մի՞թե մեր մայրերը սրբորեն չեն փոխանցել մեզ մեր նախնիներից ժառանգած ու դարերի մաքառումներում մաքրված-թրծված, ազնվացած ու լուսավոր մեր լեզուն:
Մի իմաստուն է ասել. «Եթե ինձ հարցնեն՝ ո՞րն է կյանքում ավելի անպաշտպան, ես կասեմ՝ մայրենի լեզուն»: Բավական չէ՞ ամեն օր, ամեն րոպե ծանր քարեր նետենք մեր լեզվի վրա, արդյոք բավ չէ՞ նորից ու նորից վիրավորել, գունատել ոսկեղենիկ մեր լեզուն: Սթափվելու, խորհելու, մեր վերաբերմունքը հիմնովին փոխելու ժամանակը չէ՞:
Այո, մեր լեզուն պաշտպանության տակ առնելու, նրա հանդեպ խնամք ու հոգատարություն ցուցաբերելու ճիշտ եւ ճիշտ ժամանակն է: Արժե եւ շատ էլ դժվար բան չէ իմաստունների խոսքերին հետամուտ լինելը եւ հետայսու հիշելը ՝«Լեզուն մեր պետականության, ինքնության, գոյի ամենաողնաշարային արժեքներից ամենագլխավորն է»:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ