Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ

Հունվարի 7, 2023
Այլք
IPSE  DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
244
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս «Ipse dixit» խորագրով մեր թերթում լույս է տեսել արդեն 150-րդ նյութը: Արժե, թերեւս, շունչ քաշել՝ մինչեւ հաջորդ 150-րդը…

Ինչո՞ւ հատկապես «ինքն է ասել», այլ ոչ պար­զա­պես «Di­xit»՝ «ասված է»:

Իհարկե, սովորաբար կարեւորը հենց աս­վածն է՝ տվյալ միտքը, դատողու­թյու­նը, պատգամը, խոր­հուր­դը, այլ ոչ թե ասողը: Դեռ ա­վելին, չէ՞ որ «ասողը» («ինքը») որեւէ բան ասում է հենց «աս­ված» դառնալու՝ տա­րածվելու, մարդկանց հոգում եւ մտքում տեղ գտնելու հա­մար:

Այդու­հանդերձ, առաջին մասը չպետք է ինքնաբավ դառնա, ինչպես դա Պյութագորասի դպրոցում էր ընդունված, թե Magister dixit եւ վերջ:

Արդ, անցյալի մտածողների իմաստուն եւ ու­սանելի մտքերն ու խորհուրդները հեղինակային պատ­կանելի­ու­թյուն ունեն, եւ ճիշտը, ըստ իս, այդպես էլ ներ­կա­յացնելն է. կարեւոր է թե՛ ասվածը, թե՛ ասողը:

Այո, այդ մտքերը միշտ էլ ու­սանելի են ու հետաքրքրական: Թեեւ, այս բնութագրիչները մի­գուցե հակա­ռակ կարգով պիտի ասվեին՝ հետաքրքրական եւ ուսա­նելի. ամեն հետաքրքրական բան դեռ ինքնին ուսանելի չէ: Ավելին, չէ՞ որ ամե­նից ու­սանելի եւ հույժ օգտակար գիրքն իսկ ընթերցելիս մենք երբեմն պարզ հետաքրքրասիրու­թյու­նից անդին չենք  անց­նում: Կամ  էլ, լավագույն դեպքում, կարող ենք որեւէ մեծի մի իմաստուն ասույթ հիշատակել ինչ-որ զրույցի ըն­թացքում՝ մեր սեփա­կան միտքը լուսաբանելու կամ հաս­տատելու հա­մար կամ էլ… սե­փական ասելիք չունե­նալիս:

«Իմաստուն մտքեր» գրավիչ անվանումով տարա­տե­սակ ժողովածուները, անտարակույս, կարող են օգտա­կար լինել, բայց կա­րող են նաեւ վնա­սել մակերեսային ընթերցո­ղին, ավելի ստույգ՝ մակերեսային ընթերցմանը հակվածին: Այդպես է, իրոք, եթե նման ընթերցողը բավարար­վում է իրեն մատուցվող մեջբերումներով, եւ վերջիններս էլ նրան բնավ չեն մղում դեպի ավելի խո­րունկ ընթերցում եւ ընթեր­ցածի փոքրիշատե իմաս­տա­վո­րում: Սա, ի դեպ, շատ նման է խաչբառ լու­ծե­լու սիրա­հար­նե­րի առերեւույթ ամե­նա­գի­տությանը. այդպի­սիք արդեն վարժվել են (իրենք իրենց վարժեցրել) դյուրին «գու­շա­կելու» պա­հանջ­վող բա­ռը, տեղադրելու խաչ­բառի հա­մա­պատաս­խան վան­դա­կում, լրաց­նե­լու ամ­բող­ջը՝ մեծագույն հաճույք ստա­նալով:

Հարկավոր է խոստովանել, որ ուշիմ, խորհող, պա­հանջկոտ ընթերցողին մակե­րե­սա­յինի վերածելու մեջ մեղքի բաժին ունեն նաեւ մե­ծե­րի ա­սույթները հավա­քող եւ որպես ժողովածու տպագրող որոշ հե­ղինակներ: Թվում է՝ չկա դրա­նից ա­վելի հեշտ բան՝ ծայ­րե­ծայր կար­դա, ասենք, Շեքսպիրի ստեղ­ծագոր­ծությունները, ու­շա­դիր եւ խնամ­քով գրառիր ար­վես­տին որեւէ կերպ առնչվող ա­սույթնե­րը, եւ, ահա­վասիկ, պատրաստ է «Շեքս­պի­րը՝ ար­վես­տի մա­սին» հեր­թա­կան գիր­քը:

Կան ա­վելի հա­վակնոտ վերնագրով գրքեր՝ «Իմաստուն մտքերի աշ­խար­հում», «Բանականության սիմֆոնիա», «Հա­զարամ­յակ­ների իմաստություն» եւ այլն: «Մեծ մարդկանցից» մեջբերում­նե­րով լեցուն բազում հրապարակումներ կան, դրանցով լի է համացանցը: Ընթերցողի տրամա­դրու­թյան տակ են խրատական զա­նա­զան պատմություններ պա­րու­նա­կող ժողովածուներ:

Նման գիրք կազմողների միջնորդական դերակատարման բնույթի մասին ժամա­նակին դիպուկ է արտահայտվել մեծն երգիծա­բան Ջո­նաթան Սվիֆթը. «Հատկա­պես օգտակար է ծանոթ լինել «շքեղ ա­սույթների», «պեր­ճախո­սության ծաղիկների» եւ «նշանավոր մտքերի» հա­վաքորդ­նե­րին, որոնց երբեմն ան­վանում են գի­տելիքների «մաղեր», թեպետ անհասկանալի է մնում՝ նրանք գործ ու­նեն մարգա­րիտնե՞րի հետ, թե՞ ալյուրի, ուստի եւ հար­կա­վոր է արդյոք մեզ ավելի գնահատել այն, ինչն անցե՞լ է մաղով, թե՞ մնացել է մաղի վրան»:

Միանգամայն տեղին հարցադրում է, որի պատաս­խա­նը նաեւ ընթերցողը պիտի տա՝ իր ընտ­րո­ղա­կան վերա­բեր­մունքով դեպի ասույթների ժողովածուները. «մաղով ան­ցա­՞­ծը», թե՞ «մաղի վրա մնա­ցածը» պարզելը, հիրավի, կարող է նաեւ հետադարձ կապի դեր խաղալ՝ զտե­լով այս ասպարեզը խոտանից եւ խոտանա­րար հեղինակներից:

Եզակի հաջող հրապարակումներից ուզում եմ նշել «Ի­մաս­տախոս Շեքսպիրը» ժո­ղո­վա­ծուն (կազմող՝ Սոնա Սե­ֆեր­յան): Կարեւորը ոչ միայն անգլերեն եւ համապատաս­խան հա­յերեն մեջբերումների առարկայական դասա­կար­գումն է. հանգամանորեն նշված է, թե տվյալ ասույթը ո՛ր ստեղծա­գոր­ծու­թյու­նից է, վեր­ջինիս հատ­կապես ո՛ր արարվածից եւ ո՛ր տեսարանից: Մաս­նագի­տա­կան բարձր մակարդակով եւ նուրբ ճաշա­կով են ներ­կա­յացված նաեւ Վահրամ Փափազ­յանի մտքերը («Թանձրացումներ», կազ­մող՝ թա­տերագետ Գեւորգ Աբաջյան):

Ուշագրավ մի պատմություն է կապված Լեւ Տոլստոյի հետ: 1903 թ. հունվարին նա ծանր հիվանդացած է լինում, անկողնում պառկած՝ սկսում է թերթել նախորդ տարվա օրացույցը եւ կարդալ մեծե­րի ա­սույթ­ները: Բայց օրացույցը վերջանում է, եւ Տոլստոյը որո­շում է ինքը ստեղծել նման մի ժողովածու, ուստի աստի­ճա­նաբար դուրս է գրում իրեն դուր եկած մտքերը, եւ տարվա վերջին գիրքն ար­դեն լույս է տեսնում: Առհասարակ Տոլս­տո­յը բո­լորին խորհուրդ էր տալիս ամեն օր ընթերցել որեւէ մեծի մտքերը, իսկ նամակներից մե­կում խոստովանում է. «Սեփա­կան օրի­նակով գիտեմ, թե ի՛նչ ուժ, հանդարտություն եւ երջանկու­թյուն ես ստանում հաղոր­դակց­վելով այնպիսի հոգի­ների հետ, ինչպիսիք են Սոկրա­տեսը, Էպիկտետը…»:

Գաղտնիք չէ, որ անցյալի շատ մտածողներ են կարեւո­րել ընթերցա­նու­թյան դերը մարդու ձեւավորման եւ հանրային կյանքում բնա­կանոն գործունեության համար: Ահավասիկ  Ջոն Լոքի կարծիքը. «Ըն­թերցանությունը ծառա­յում է բանա­կանության կատա­րե­լա­գործմանը: Իսկ բանականության կա­տարելագործումն ան­հրաժեշտ է երկու նպատակով. նախ՝ սեփական գիտելիքների ընդլայնման համար, երկրորդ՝ որպեսզի մենք կարողանանք հաղորդել եւ հասկանալի դարձնել այդ գիտելիքները շրջա­պա­տի մարդկանց»: 

Ընթերցանության տիրույթին լայն ընդգրկում է հաղորդել Լեւոն Շանթը. «Այդ պատճառով ալ ով սովոր է կարդալու, կապրի մշտապես լայն, բազմերանգ ու խիստ հետաքրքիր ծանոթ­նե­րու շրջա­նակի մը մեջ, կապրի լայն աշխարհքի մը մեջ, եւ կապրի մա­նավանդ ընտիր աշխարհքի մեջ, քանի որ մշտա­պես հա­ղոր­դակցության եւ անձնական մտերմության մեջ է հին ու նոր դարերու եւ բոլոր ժողովուրդներու ամե­նեն խոր, մեծ, իմաս­տուն, տաղանդավոր ու առաքինի դեմքերուն հետ. ամենա­ընտիր մարդիկը, որոնք երբեւիցե ապրած են արեւի լույսին տակ կամ մարդկային տենչանք­ներուն եւ երազանքի լույսի տակ»: Հրաշալի է ասված. լավագույնս ամփոփված են ըն­թեր­ցանության պարգեւած բարիքները:

Արդ, որպես հակակշիռ՝ խոսենք ընթերցանության…. «վնասներից» մեկի մասին, որն արձանագրել է Լյուդվիգ Ֆո­յերբախը: Խելացի, մեզ մտորում­ների մղող, հոգեւոր հաճույք պատճառող, նրբաճաշակ հեղի­նակ­ների գրքերը նաեւ ան­նկա­­տո­րեն կրթում են մեր միտքը, մեզ դարձնում ավելի պա­հանջ­կոտ այլոց խոսքի հանդեպ: Ուստի եւ, գերմանացի փի­լի­սոփայի ձեւակերպած յուրատե­սակ օրինաչափությունը. «Լավ գրքերի հետ ծանոթության ընդլայնումը նեղացնում է այն մարդկանց շրջանակը, որոնց հետ շփումը մեզ համար հա­ճելի է»: Այլ կերպ ասած՝ հարատեւ ըն­թերցանության շնորհիվ մենք զտում ենք մեր հաղոր­դակ­ցա­կան միջավայրը եւ առա­վել հաստատուն կապվում նրանց հետ, ում հետ շփվելը մեզ համար հաճելի է:

Բայց չե՞ն հնանում արդյոք անցյալի՝ թեկուզ հան­ճա­րեղ հեղինակների դատողությունները. չէ՞ որ դրանք աս­ված են որպես ժամանակի իրողության ամփոփում, իսկ նոր ժա­մանակները, բնականաբար, նոր իրողություն են բերում: Այս առումով Ժան Պոլ Սարտրը զուր չի ասում, թե մեծ «մեռ­յալների» շատ բացահայտումներ մեզ համար ինքնին հայտ­նի բաներ են դար­ձել, գրե­թե «տափակություններ», նրանց հուզած խնդիրների մեծ մասը եւ դրանց առնչվող հիմնա­վո­րումներն ու առաջար­կու­թյուններն անցյալում են, իսկ արդեն նոր ծագած խնդիր­ների մա­սին նրանք պատկերացում չեն ու­նեցել եւ չէին կարող ունե­նալ»: Ֆրանսիացի փիլիսոփան, այ­դուհանդերձ, խոստո­վա­նում է, թե անցյալի հեղինակների մեջ «մեզ հիացնում է» նրանց դա­տո­ղությունների եւ փաստարկ­ների հիմնավորման ներ­դաշ­նակությունը:

Դժվար է չհակադրվել այս տեսակետին: Շատ չխո­րա­նալու համար՝ երկու նկատառում. նախ՝ անցյալի որեւէ մտա­ծողի գնահատելիս պետք է պարզենք, թե նա ի՛նչ նոր բան է տվել իր ժամանակի համար եւ ոչ թե ինչ չի՛ տվել մեր ժամա­նակի դիրքերից: Երկրորդ՝ մեզ հարց տանք. այդ ինչից է, օրինակ, որ մարդկային կեցության իմաստի, հան­րային կյանքի արդարացի կազմակերպման հիմնախնդիրների եւ այս բնույթի այլ երեւույթները հասկանալու համար դիմում ենք ոչ այնքան ժամանակակից հե­ղի­նակ­ներին, որ­քան… 2500 տարի ապրած Պլատոնին:

Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ անցնում է, ուրեմն եւ շատ բաներ, իրոք, չեն կարող չհնանալ: Սակայն, հնանալու երեւույ­թը, մոռացության օվկիանոսում թաղ­վելու վտանգը չի վերա­բերում իրապես մեծ մտածողներին, նրանց թողած հո­գեւոր ժառանգությանը: Հավերժական փոփոխությանը չեն­թարկ­վե­լու այս ար­տառոց հանգամանքը շատ պատկերավոր է բնու­թագրել Ֆրիդրիխ Նիցշեն. «Ընտիր իմաստա­խոսու­թյու­նը չա­փազանց կարծր է ժա­մանակի ատամի համար, նրան չեն կա­րող կրծո­տել բոլոր հազարամյակները, թեպետ նա որ­պես սնունդ է ծա­ռայում բո­լոր դարերի համար: Այդ պատճա­ռով իմաստա­խոսությունը դառնում է մե­ծագույն պա­րադոքս գրա­կանու­թյան մեջ, անան­ցը փոփոխվողի մեջ, մշտապես բարձր գնա­հատվող ուտեստ, ինչպես աղը, եւ վեր­ջինիս նման երբեք չի հնանում»:

Այս առումով բացառիկ կարեւորություն ունի թե՛ մա­տուցման եւ թե՛ ընկալման կերպը:  Այ­լոց մտքերին կցկտուր հաղոր­դակցվե­լու պարագայում կա, իհարկե, վտանգ մեջ­բե­րումնե­րով «խեղդվելու» եւ դեռ զրուցակից­նե­րին էլ «խեղդե­լու»:

Միշել Մոն­տենն է դրա մասին ան­վերապահորեն ար­տա­հայտ­վել (տողե­րիս հեղինակն էլ, փաս­տորեն, հար­կա­դր­ված է նրանից մեջ­բե­րե­լու). «Մենք կարո­ղանում ենք ազ­դե­ցիկ տես­քով հայտա­րարել «այսպես է ա­սում Ցիցե­րոնը», կամ «այս­­պիսին է Պլա­տոնի ուսմունքը բա­րոյակա­նության մա­սին», կամ էլ «ահա­վասիկ Արիստոտելի ստույգ խոսքը»: Լավ, իսկ ինքներս, մե՛ր անունից ի՞նչ կա­սենք: Որո՞նք են մեր սեփա­կան դատո­ղու­թյունները: Ինչ­պի­սի՞ն են մեր արարք­նե­րը: Իսկ չէ՞ որ այդ­կերպ կարող է խոսել նաեւ կապիկը»:

Կապիկի հետ համեմա­տությունը, թերեւս, այդքան էլ համոզիչ չէ, սա­կայն աներկ­բա է Մոնտենի եզրակացությունը. «Մենք ու­րիշ­ների մտքերն ու գիտելիքը ընդունում ենք սոսկ որպես պա­հոց, մինչդեռ հարկ է դրանք դարձնել մեր սեփա­կա­նը»: Այ­սինքն՝ խնդիրը մեծերի իմաստությունը, դարերի փորձի ամ­փո­փու­մը, պատգամներն ու խորհուրդները ընկա­լելն է այնպես, որ յու­րացվածը վերածվի սեփականի, ուրիշի մտքերին ծա­նո­թա­նալը նպաստի սեփական մտածելակերպը կրթելուն եւ ինք­նուրույն մտքեր արարելուն:

Սա նշանակում է նաեւ հետադարձ կապի ապա­հո­վում. կիրթ մարդը ուրիշի մտքերի մեջ գտնում է սեփա­կա­նը հաս­տատելու եւ զարգացնելու հիմք ու ազդակ: Ձեւավորվում է ընտրողական վերաբերմունք դեպի անցյալի իմաստու­թյու­նը, այլ կերպ ա­սած՝ ընթերցանության ճաշակ, ուրեմն եւ մե­ծե­րի մտքերին հաղորդակցվելու որոշակի պա­հանջ­մունք:

Զուր չէր Ղազա­րոս Աղայանը կրկնում՝ տասը ուրիշ գիրք կարդալու փոխա­րեն տասն անգամ Շեքսպիր կկար­դամ:

 Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փ.գ.դ., պրոֆեսոր

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»

«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»

Պատվավոր բարերարը՝ կնքահայր

Պատվավոր բարերարը՝ կնքահայր

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist