Այս «Ipse dixit» խորագրով մեր թերթում լույս է տեսել արդեն 150-րդ նյութը: Արժե, թերեւս, շունչ քաշել՝ մինչեւ հաջորդ 150-րդը…
Ինչո՞ւ հատկապես «ինքն է ասել», այլ ոչ պարզապես «Dixit»՝ «ասված է»:
Իհարկե, սովորաբար կարեւորը հենց ասվածն է՝ տվյալ միտքը, դատողությունը, պատգամը, խորհուրդը, այլ ոչ թե ասողը: Դեռ ավելին, չէ՞ որ «ասողը» («ինքը») որեւէ բան ասում է հենց «ասված» դառնալու՝ տարածվելու, մարդկանց հոգում եւ մտքում տեղ գտնելու համար:
Այդուհանդերձ, առաջին մասը չպետք է ինքնաբավ դառնա, ինչպես դա Պյութագորասի դպրոցում էր ընդունված, թե Magister dixit եւ վերջ:
Արդ, անցյալի մտածողների իմաստուն եւ ուսանելի մտքերն ու խորհուրդները հեղինակային պատկանելիություն ունեն, եւ ճիշտը, ըստ իս, այդպես էլ ներկայացնելն է. կարեւոր է թե՛ ասվածը, թե՛ ասողը:
Այո, այդ մտքերը միշտ էլ ուսանելի են ու հետաքրքրական: Թեեւ, այս բնութագրիչները միգուցե հակառակ կարգով պիտի ասվեին՝ հետաքրքրական եւ ուսանելի. ամեն հետաքրքրական բան դեռ ինքնին ուսանելի չէ: Ավելին, չէ՞ որ ամենից ուսանելի եւ հույժ օգտակար գիրքն իսկ ընթերցելիս մենք երբեմն պարզ հետաքրքրասիրությունից անդին չենք անցնում: Կամ էլ, լավագույն դեպքում, կարող ենք որեւէ մեծի մի իմաստուն ասույթ հիշատակել ինչ-որ զրույցի ընթացքում՝ մեր սեփական միտքը լուսաբանելու կամ հաստատելու համար կամ էլ… սեփական ասելիք չունենալիս:
«Իմաստուն մտքեր» գրավիչ անվանումով տարատեսակ ժողովածուները, անտարակույս, կարող են օգտակար լինել, բայց կարող են նաեւ վնասել մակերեսային ընթերցողին, ավելի ստույգ՝ մակերեսային ընթերցմանը հակվածին: Այդպես է, իրոք, եթե նման ընթերցողը բավարարվում է իրեն մատուցվող մեջբերումներով, եւ վերջիններս էլ նրան բնավ չեն մղում դեպի ավելի խորունկ ընթերցում եւ ընթերցածի փոքրիշատե իմաստավորում: Սա, ի դեպ, շատ նման է խաչբառ լուծելու սիրահարների առերեւույթ ամենագիտությանը. այդպիսիք արդեն վարժվել են (իրենք իրենց վարժեցրել) դյուրին «գուշակելու» պահանջվող բառը, տեղադրելու խաչբառի համապատասխան վանդակում, լրացնելու ամբողջը՝ մեծագույն հաճույք ստանալով:
Հարկավոր է խոստովանել, որ ուշիմ, խորհող, պահանջկոտ ընթերցողին մակերեսայինի վերածելու մեջ մեղքի բաժին ունեն նաեւ մեծերի ասույթները հավաքող եւ որպես ժողովածու տպագրող որոշ հեղինակներ: Թվում է՝ չկա դրանից ավելի հեշտ բան՝ ծայրեծայր կարդա, ասենք, Շեքսպիրի ստեղծագործությունները, ուշադիր եւ խնամքով գրառիր արվեստին որեւէ կերպ առնչվող ասույթները, եւ, ահավասիկ, պատրաստ է «Շեքսպիրը՝ արվեստի մասին» հերթական գիրքը:
Կան ավելի հավակնոտ վերնագրով գրքեր՝ «Իմաստուն մտքերի աշխարհում», «Բանականության սիմֆոնիա», «Հազարամյակների իմաստություն» եւ այլն: «Մեծ մարդկանցից» մեջբերումներով լեցուն բազում հրապարակումներ կան, դրանցով լի է համացանցը: Ընթերցողի տրամադրության տակ են խրատական զանազան պատմություններ պարունակող ժողովածուներ:
Նման գիրք կազմողների միջնորդական դերակատարման բնույթի մասին ժամանակին դիպուկ է արտահայտվել մեծն երգիծաբան Ջոնաթան Սվիֆթը. «Հատկապես օգտակար է ծանոթ լինել «շքեղ ասույթների», «պերճախոսության ծաղիկների» եւ «նշանավոր մտքերի» հավաքորդներին, որոնց երբեմն անվանում են գիտելիքների «մաղեր», թեպետ անհասկանալի է մնում՝ նրանք գործ ունեն մարգարիտնե՞րի հետ, թե՞ ալյուրի, ուստի եւ հարկավոր է արդյոք մեզ ավելի գնահատել այն, ինչն անցե՞լ է մաղով, թե՞ մնացել է մաղի վրան»:
Միանգամայն տեղին հարցադրում է, որի պատասխանը նաեւ ընթերցողը պիտի տա՝ իր ընտրողական վերաբերմունքով դեպի ասույթների ժողովածուները. «մաղով անցա՞ծը», թե՞ «մաղի վրա մնացածը» պարզելը, հիրավի, կարող է նաեւ հետադարձ կապի դեր խաղալ՝ զտելով այս ասպարեզը խոտանից եւ խոտանարար հեղինակներից:
Եզակի հաջող հրապարակումներից ուզում եմ նշել «Իմաստախոս Շեքսպիրը» ժողովածուն (կազմող՝ Սոնա Սեֆերյան): Կարեւորը ոչ միայն անգլերեն եւ համապատասխան հայերեն մեջբերումների առարկայական դասակարգումն է. հանգամանորեն նշված է, թե տվյալ ասույթը ո՛ր ստեղծագործությունից է, վերջինիս հատկապես ո՛ր արարվածից եւ ո՛ր տեսարանից: Մասնագիտական բարձր մակարդակով եւ նուրբ ճաշակով են ներկայացված նաեւ Վահրամ Փափազյանի մտքերը («Թանձրացումներ», կազմող՝ թատերագետ Գեւորգ Աբաջյան):
Ուշագրավ մի պատմություն է կապված Լեւ Տոլստոյի հետ: 1903 թ. հունվարին նա ծանր հիվանդացած է լինում, անկողնում պառկած՝ սկսում է թերթել նախորդ տարվա օրացույցը եւ կարդալ մեծերի ասույթները: Բայց օրացույցը վերջանում է, եւ Տոլստոյը որոշում է ինքը ստեղծել նման մի ժողովածու, ուստի աստիճանաբար դուրս է գրում իրեն դուր եկած մտքերը, եւ տարվա վերջին գիրքն արդեն լույս է տեսնում: Առհասարակ Տոլստոյը բոլորին խորհուրդ էր տալիս ամեն օր ընթերցել որեւէ մեծի մտքերը, իսկ նամակներից մեկում խոստովանում է. «Սեփական օրինակով գիտեմ, թե ի՛նչ ուժ, հանդարտություն եւ երջանկություն ես ստանում հաղորդակցվելով այնպիսի հոգիների հետ, ինչպիսիք են Սոկրատեսը, Էպիկտետը…»:
Գաղտնիք չէ, որ անցյալի շատ մտածողներ են կարեւորել ընթերցանության դերը մարդու ձեւավորման եւ հանրային կյանքում բնականոն գործունեության համար: Ահավասիկ Ջոն Լոքի կարծիքը. «Ընթերցանությունը ծառայում է բանականության կատարելագործմանը: Իսկ բանականության կատարելագործումն անհրաժեշտ է երկու նպատակով. նախ՝ սեփական գիտելիքների ընդլայնման համար, երկրորդ՝ որպեսզի մենք կարողանանք հաղորդել եւ հասկանալի դարձնել այդ գիտելիքները շրջապատի մարդկանց»:
Ընթերցանության տիրույթին լայն ընդգրկում է հաղորդել Լեւոն Շանթը. «Այդ պատճառով ալ ով սովոր է կարդալու, կապրի մշտապես լայն, բազմերանգ ու խիստ հետաքրքիր ծանոթներու շրջանակի մը մեջ, կապրի լայն աշխարհքի մը մեջ, եւ կապրի մանավանդ ընտիր աշխարհքի մեջ, քանի որ մշտապես հաղորդակցության եւ անձնական մտերմության մեջ է հին ու նոր դարերու եւ բոլոր ժողովուրդներու ամենեն խոր, մեծ, իմաստուն, տաղանդավոր ու առաքինի դեմքերուն հետ. ամենաընտիր մարդիկը, որոնք երբեւիցե ապրած են արեւի լույսին տակ կամ մարդկային տենչանքներուն եւ երազանքի լույսի տակ»: Հրաշալի է ասված. լավագույնս ամփոփված են ընթերցանության պարգեւած բարիքները:
Արդ, որպես հակակշիռ՝ խոսենք ընթերցանության…. «վնասներից» մեկի մասին, որն արձանագրել է Լյուդվիգ Ֆոյերբախը: Խելացի, մեզ մտորումների մղող, հոգեւոր հաճույք պատճառող, նրբաճաշակ հեղինակների գրքերը նաեւ աննկատորեն կրթում են մեր միտքը, մեզ դարձնում ավելի պահանջկոտ այլոց խոսքի հանդեպ: Ուստի եւ, գերմանացի փիլիսոփայի ձեւակերպած յուրատեսակ օրինաչափությունը. «Լավ գրքերի հետ ծանոթության ընդլայնումը նեղացնում է այն մարդկանց շրջանակը, որոնց հետ շփումը մեզ համար հաճելի է»: Այլ կերպ ասած՝ հարատեւ ընթերցանության շնորհիվ մենք զտում ենք մեր հաղորդակցական միջավայրը եւ առավել հաստատուն կապվում նրանց հետ, ում հետ շփվելը մեզ համար հաճելի է:
Բայց չե՞ն հնանում արդյոք անցյալի՝ թեկուզ հանճարեղ հեղինակների դատողությունները. չէ՞ որ դրանք ասված են որպես ժամանակի իրողության ամփոփում, իսկ նոր ժամանակները, բնականաբար, նոր իրողություն են բերում: Այս առումով Ժան Պոլ Սարտրը զուր չի ասում, թե մեծ «մեռյալների» շատ բացահայտումներ մեզ համար ինքնին հայտնի բաներ են դարձել, գրեթե «տափակություններ», նրանց հուզած խնդիրների մեծ մասը եւ դրանց առնչվող հիմնավորումներն ու առաջարկություններն անցյալում են, իսկ արդեն նոր ծագած խնդիրների մասին նրանք պատկերացում չեն ունեցել եւ չէին կարող ունենալ»: Ֆրանսիացի փիլիսոփան, այդուհանդերձ, խոստովանում է, թե անցյալի հեղինակների մեջ «մեզ հիացնում է» նրանց դատողությունների եւ փաստարկների հիմնավորման ներդաշնակությունը:
Դժվար է չհակադրվել այս տեսակետին: Շատ չխորանալու համար՝ երկու նկատառում. նախ՝ անցյալի որեւէ մտածողի գնահատելիս պետք է պարզենք, թե նա ի՛նչ նոր բան է տվել իր ժամանակի համար եւ ոչ թե ինչ չի՛ տվել մեր ժամանակի դիրքերից: Երկրորդ՝ մեզ հարց տանք. այդ ինչից է, օրինակ, որ մարդկային կեցության իմաստի, հանրային կյանքի արդարացի կազմակերպման հիմնախնդիրների եւ այս բնույթի այլ երեւույթները հասկանալու համար դիմում ենք ոչ այնքան ժամանակակից հեղինակներին, որքան… 2500 տարի ապրած Պլատոնին:
Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ անցնում է, ուրեմն եւ շատ բաներ, իրոք, չեն կարող չհնանալ: Սակայն, հնանալու երեւույթը, մոռացության օվկիանոսում թաղվելու վտանգը չի վերաբերում իրապես մեծ մտածողներին, նրանց թողած հոգեւոր ժառանգությանը: Հավերժական փոփոխությանը չենթարկվելու այս արտառոց հանգամանքը շատ պատկերավոր է բնութագրել Ֆրիդրիխ Նիցշեն. «Ընտիր իմաստախոսությունը չափազանց կարծր է ժամանակի ատամի համար, նրան չեն կարող կրծոտել բոլոր հազարամյակները, թեպետ նա որպես սնունդ է ծառայում բոլոր դարերի համար: Այդ պատճառով իմաստախոսությունը դառնում է մեծագույն պարադոքս գրականության մեջ, անանցը փոփոխվողի մեջ, մշտապես բարձր գնահատվող ուտեստ, ինչպես աղը, եւ վերջինիս նման երբեք չի հնանում»:
Այս առումով բացառիկ կարեւորություն ունի թե՛ մատուցման եւ թե՛ ընկալման կերպը: Այլոց մտքերին կցկտուր հաղորդակցվելու պարագայում կա, իհարկե, վտանգ մեջբերումներով «խեղդվելու» եւ դեռ զրուցակիցներին էլ «խեղդելու»:
Միշել Մոնտենն է դրա մասին անվերապահորեն արտահայտվել (տողերիս հեղինակն էլ, փաստորեն, հարկադրված է նրանից մեջբերելու). «Մենք կարողանում ենք ազդեցիկ տեսքով հայտարարել «այսպես է ասում Ցիցերոնը», կամ «այսպիսին է Պլատոնի ուսմունքը բարոյականության մասին», կամ էլ «ահավասիկ Արիստոտելի ստույգ խոսքը»: Լավ, իսկ ինքներս, մե՛ր անունից ի՞նչ կասենք: Որո՞նք են մեր սեփական դատողությունները: Ինչպիսի՞ն են մեր արարքները: Իսկ չէ՞ որ այդկերպ կարող է խոսել նաեւ կապիկը»:
Կապիկի հետ համեմատությունը, թերեւս, այդքան էլ համոզիչ չէ, սակայն աներկբա է Մոնտենի եզրակացությունը. «Մենք ուրիշների մտքերն ու գիտելիքը ընդունում ենք սոսկ որպես պահոց, մինչդեռ հարկ է դրանք դարձնել մեր սեփականը»: Այսինքն՝ խնդիրը մեծերի իմաստությունը, դարերի փորձի ամփոփումը, պատգամներն ու խորհուրդները ընկալելն է այնպես, որ յուրացվածը վերածվի սեփականի, ուրիշի մտքերին ծանոթանալը նպաստի սեփական մտածելակերպը կրթելուն եւ ինքնուրույն մտքեր արարելուն:
Սա նշանակում է նաեւ հետադարձ կապի ապահովում. կիրթ մարդը ուրիշի մտքերի մեջ գտնում է սեփականը հաստատելու եւ զարգացնելու հիմք ու ազդակ: Ձեւավորվում է ընտրողական վերաբերմունք դեպի անցյալի իմաստությունը, այլ կերպ ասած՝ ընթերցանության ճաշակ, ուրեմն եւ մեծերի մտքերին հաղորդակցվելու որոշակի պահանջմունք:
Զուր չէր Ղազարոս Աղայանը կրկնում՝ տասը ուրիշ գիրք կարդալու փոխարեն տասն անգամ Շեքսպիր կկարդամ:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր