«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր, երբոր մի մարդի կծում է։ Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան. եւ կցանկանան մեռնիլ, եւ մահը կփախչի նորանցից»։ Հայտնություն 9։5-6
Այնուհետեւ Հովհաննես առաքյալը մանրակրկիտ սկսում է նկարագրել այդ մորեխներին. «Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման. Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։ Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի, որ վազում են պատերազմ։ Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։ Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. եւ նորա անունը եբրայեցերեն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։ Մէկ վայն անցաւ, ահա տակաւին երկու վայը գալիս են սորանից յետոյ»։ Հայտնություն 9։7-12
Կանայք եկեղեցիներում լինում են գլխաշորերով, այսինքն՝ ծածկում են մազերը։ Երբ կինը դադարում է ծածկել մազերը, դա հերթական հրաժարումն է կնիքից։ Կանացի մազերն իրենց մեջ գայթակղություն են պարունակում, մոլորեցնող տարր։ Այս մորեխների մեջ համադրված են սպանիչ գործիքն ու գայթակղությունը։ Գայթակղում է ու ոչնչացնում։ Մազերը խորհրդանշում են նաեւ մարմնավոր կամակորություն, ժանիքները ցուցանում են, որ նման մեղքերը լուրջ հետեւանքներ են ունենում։ Օրինակ, Պողոս առաքյալը գրել է, որ ցանկացած մեղք մարդը կատարում է մարմնից դուրս, իսկ անառակը մեղանչում է իր իսկ մարմնի դեմ։ Այն, որ այդ արարածները նկարագրված են մորեխների տեսքով, ցուցանում է, որ այդ կրքերը երբեմն մեզ են մոտենում աննկատ, խայթում կարիճի նման, որը ոչ միանգամից կարող է մահ պատճառել։
Ընդհանրապես քաղաքակրթությունը ներկայումս ձգտում է լինել մահաբեր, դաժան, միաժամանակ նաեւ նուրբ, քնքուշ ու շնացող։ Մորեխի մեջ միավորված են ե՛ւ գայթակղությունը, ե՛ւ տանջանքն ու մահը։ Սահմանված է տանջանքների ենթարկելու հստակ ժամանակ՝ հինգ ամիս։ Ընդ որում, Հայտնության գրքում առաջին անգամ է նշվում հինգ թիվը։ Շա՞տ է, թե՞ քիչ հինգ ամիսը. իհարկե, ողջ մոլորակի համար կտտանքների ենթարկվել հինգ ամիս, շատ մեծ ժամկետ է. «Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»։ Այստեղ ասվում է, որ նրանց տրվեց այդ հինգ ամիսը։ Այսինքն՝ Տերը ինքը ժամկետ է տալիս, չարի գործելու ժամանակահատվածը սահմանափակում է։ Իհարկե, նրանք աջ ու ձախ գայթակղում են, անասելի տանջանքների են ենթարկում թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես, սակայն, բոլոր դեպքերում, սահմանափակ ժամանակահատվածում։
Հինգ ամսվա սահմանափակման նպատակն է, որ մարդիկ գոնե դրանից հետո զղջան եւ ապաշխարեն։ Իսկ ընդհանրապես հինգ թիվը խորհրդանշում է Հիսուսի հինգ վերքերը խաչի վրա։ Տերը հստակ նշում է նաեւ այդ մորեխների թագավորին. «Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. եւ նորա անունը եբրայեցերեն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն»։ Աբադոնն անունը, որ բառացի նշանակում է «կորուսիչ», միշտ հանդիպում է մահվան հետ միասին. «Կորուստն ու մահը ասում են, մենք միայն նորա համբաւն ենք լսել ականջներովս»։ Որոշ լեզուներով աստվածաշնչյան թարգմանություններում «կորուստ» բառի փոխարեն գործածվում է Աբադոն անունը։
«Դժոխքն ու կորուսը Տիրոջ առաջին են. էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը»։ Առակաց 15։11
Այն պահից, երբ Ադամն ու Եվան օձին հավատացին ավելի, քան Աստծուն, նրանք չարին լեգիտիմություն հաղորդեցին, իսկ Հիսուս Քրիստոսը, որպես երկրորդ Ադամ, դադարեցրեց այդ լեգիտիմությունը եւ փակեց նրան գուբում։ Բայց նրանք բաց են թողնվելու։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ