-Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.
Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։
Գազան թուրքի սըրից փըրկել,
Չոր Ջուղայի քարից պոկել՝
Բերել է ձեզ առատ Փարիա,
Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…
Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին» ծանոթ է դեռ դպրոցական նստարանից, սակայն դպրոցում այն ներկայացվում էր ընդամենը որպես հետաքրքիր պատմություն «չարչու կերպ մտած» թագավորի մասին, որ առավել զարմանք, քան հույզ էր պատճառում, քանզի թվում էր երեւակայական հնարանք, այն հեքիաթների պես, որտեղ թագավորները սովորություն ունեին աղքատի տեսքով ժողովրդի մեջ շրջելու՝ իմանալու համար ճշմարտություններ, որոնք չէին համարձակվի բացահայտ ասել թագավորին։ Սակայն պատմությունն այդ ամենեւին էլ հեքիաթ չէր եւ այնքան էլ հեռու չէր մեզանից, որքան թվում էր, որքան կարող էինք այն ժամանակ գիտակցել ազգային ողբերգությունը։
Սեֆյան Իրանի հզոր թագավորներից մեկը՝ Շահ Աբաս Ա-ն կամ Շահ Աբաս Մեծը, որ պատմական կարեւոր դերակատարություն ունեցավ Իրանի, ճակատագրական՝ տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես՝ հայերի համար, ծնվել է 1571 թ. հունվարի 27-ին, Հերաթում։ Նրա մասին վկայություններից պարզ է դառնում, որ շահը աչքի է ընկել ոչ միայն դաժանությամբ, այլեւ խելքով ու խոհեմությամբ եւ ամեն ինչ արել է նպատակին հասնելու՝ երկիրը զորացնելու, թշնամիների առաջն առնելու եւ բարեկամներ ձեռք բերելու համար։ Նա գահին բազմեց 1588 թ., 17 տարեկանում, սակայն բարեբախտությունը, ինչպես ժողովուրդն է ասում. «Լավ օրից չէր»։ Ութ տարեկան էր, երբ 1579 թ. ղզլբաշները (թյուրքալեզու քոչվոր ցեղ) սպանեցին մորը, 1586-ին՝ անհայտ պայմաններում, սպանվեց եւ ավագ եղբայրը՝ թագաժառանգ Համզան, իսկ հորը գահընկեց արեց ղզլբաշների առաջնորդներից մեկը։ Այնպես որ, Շահ Աբասն արագ կողմնորոշվեց թշնամիների հարցում. 1596 թ. նրա հրամանով ոչնչացվեց ղզլբաշական թեքելու ցեղը։
Շահ Աբասը գահ բարձրացավ այն ժամանակ, երբ Իրանի արեւմուտքն ու հյուսիս-արեւմուտքն օկուպացված էին Օսմանյան կայսրության կողմից, իսկ հյուսիս-արեւելքն ու Խորասանը օկուպացրել էին ուզբեկները։ Շահ Աբասը նախ ջախջախեց ուզբեկներին` ստիպելով նրանց լքել երկրի սահմանները, հետո կենտրոնացավ թուրքերի դեմ պայքարին, միաժամանակ ճնշելով գավառական ապստամբությունները, ձեռնարկեց նաեւ քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնելու գործը, կատարեց բարեփոխումներ։ Արտոնություններ տվեց հայ հոգեւորականներին ու վաճառականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետական մենաշնորհ, կառուցեց իջեւանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ, կարգի բերեց բանակն ու ռազմական գործը։ Արտաքին քաղաքականությունը եւս կազմակերպեց խելամտորեն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Իրանի արեւմտյան եւ հյուսիսային երկրամասերը վերանվաճելու նպատակով պատերազմեց Օսմանյան կայսրության եւ Բուխարայի դեմ, գրավեց Լոռեսթանը, Գիլանը, Մազանդարանը, Խորասանը։ 1601-13 թթ. թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի եւ Վրաստանի մի մասը, Շիրվանը։ Եվրոպայի հետ առեւտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու միտումով 1623 թ. Պարսից ծոցի ափին կառուցեց Բանդար Աբաս նավահանգիստը։ Նրա իշխանության վերջին տարիներին Սեֆեւյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։
Սեփական ուժերով, սակայն, Շահ Աբասը վստահ չէր, թե կկարողանա հաղթահարել իրավիճակը։ Ահա սա էր պատճառը, որ նա՝ օգտվելով թուրքական տիրապետության դեմ դժգոհությունից, հեշտացնելու համար նրանցից անդրկովկասյան տարածքների վերանվաճումը ու նաեւ ամրապնդելու սեփական երկրի սահմանները, կազմակերպեց հայերի ու վրացիների ներգաղթը Իրան։ Մի կողմից՝ շահը հավատափոխ էր անում հայ ու վրաց մանուկներին՝ նրանցից ռազմիկներ պատրաստելու միտումով, մյուս կողմից՝ ձգտում նվաճել գաղթյալների բարեհաճությունը, գոհացնել նրանց պահանջմունքները։ Անգամ որոշեց Սբ Էջմիածնի տաճարը տեղափոխել Իրան եւ այնտեղ կառուցել նմանակը, սակայն խելահեղ որոշումը կանխվեց, եւ շահը բավարարվեց տաճարից առնվազն 15 խորհրդանշական քարեր, Սբ Գրիգոր Լուսավորչի աջը, խաչ ու կաթողիկոս տանելով Իրան, կառուցեց նաեւ Նոր Ջուղան։ Որքան էլ, սակայն, շահը հարազատ միջավայր ստեղծեր գաղթյալների համար, տար առավելություններ, հայրենիքն ու հայրենի հողը անփոխարինելի էին, եւ կարոտյալ հոգիները ձգտում էին այնտեղ, որտեղ ծնվել էին, եւ որտեղ պապերի գերեզմաններն էին, իրենց հավատի տունը…
Շահ Աբասը վախճանվեց 1629 թ. հունվարին 19-ին, Մազանդարանի սիրելի պալատում։ Շուրջ մեկ ամիս շահի վախճանը գաղտնի էին պահում՝ զգուշանալով երկրում քաոսային վիճակ ստեղծելուց։ Գահի դեմ ապստամբած որդիներին դաժանորեն պատժած շահին փոխարինեց թոռը։