«Թիֆլիսի ծոցից դուրս եկած Բաբկեն Ներսիսյանը արագ դարձավ հայ-վրացական թատերական արվեստի կամուրջն ու Հայաստանի արվեստասեր հանդիսատեսի սիրելին, Շահումյանի թատրոնի սյուներից: Ներսիսյանը ամենախարակտերային դերասաններից էր՝ յուրահատուկ խորությամբ, լուրջ դերերի ծանրությամբ: Մեծ ամագ ունի Ներսիսյանը մայր թատրոնի ծաղկման գործում: Հիշարժան են նրա Պեպոն, Սայաթ Նովան, Սուրմելյանը…
Ռուբեն Զարյան
Սակավաթիվ արվեստագետների է բախտ վիճակվում, երբ տակավին երիտասարդ, հաստատեն իրենց ես-ը, վաստակած լինեն նախանձելի ճանաչում եւ իրենց համբավը տարածեն գործունեություն ծավալած օտար երկրի սահմաններից դուրս: Այդ եզակիներից էր վրաց մայրաքաղաքում ծնված, հետագայում իր անհատականությամբ հայ թատրոնի սյուներից մեկը խորհրդանշող Բաբկեն Ներսիսյանը, ով բեմարվեստ էր ոտք դրել տասնհինգ տարեկանում, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում: Արվեստասերներն այդ հասակից արդեն իսկ նկատել էին նրա տաղանդը՝ բարձրաձայնելով, որ «ծնվել է հայ թատրոնի ապագա երեւելի դեմքերից մեկը»: Նրան անվանելու էին «թատրոնի սիրտ» եւ կանխատեսելու փայլուն ապագա: Եվ չէին սխալվելու. տասնինը տարեկան դերասանը խաղալու էր «Գիքորում»՝ մարմնավորելով տարեց հոր՝ Համբոյի կերպարը, եւ սա այն դեպքում, երբ Գիքորի դերակատարը տարիքով մեծ էր իրենից: Դրան հաջորդելու էր Ֆերդինանդի դերակատարումը «Խարդավանք եւ սեր» ներկայացման մեջ: Այնուհետեւ համալրելու էր Թիֆլիսի Հայկական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը՝ նույն բեմում խաղալով մեծն Վահրամ Փափազյանի հետ: Տասնյակ գլխավոր դերեր, խենթի պես սիրահարված երկրպագուներ. նրան սիրելու եւ կարոտելու էր ոչ միայն հայ, այլեւ վրացի հանդիսատեսը: Պեպո էր խաղալու եւ հայերեն, եւ վրացերեն լեզուներով: Եվ տաղանդավոր դերասանի համբավը հասնելու էր հայրենիք:
1956 թ. Վարդան Աճեմյանի հրավերով Բաբկեն Ներսիսյանը տեղափոխվում է Երեւան, շարունակում գործունեությունը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ այդ շրջանում դեռ բեմի վրա էին մեր բեմարվեստի կուռքերը՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը: Եկավ միանալու նրանց եւ դառնալու այդ մեծերից մեկը: Լայն դիապազոնի դերասանը հանդես էր գալու ամենատարբեր՝ կատակերգական, բնութագրական, դրամատիկական, ողբերգական դերերով՝ Քաջ Նազար՝ «Քաջ Նազար», Աբիսողոմ աղա՝ «Մեծապատիվ մուրացկաններ», Պեպո՝ «Պեպո», Միքայել՝ «Էլի մեկ զոհ», Օսեփ՝ «Քանդած օջախ», Բեն Ալեքսանդր՝ «Իմ սիրտը լեռներում է», Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ», Արտավազդ՝ «Արտավազդ եւ Կլեոպատրա», Գեւորգ՝ «Նույն հարկի տակ», Տիգրան՝ «Վերջին մեխակներ», Պեպինո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Միքայել՝ «Քաոս» ներկայացումներում:
Բաբկեն Ներսիսյանը, որ թատրոնը գերադասում էր կինոյից, սքանչելի կերպարներ է կերտել նաեւ հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում՝ Մարութխանյան՝ «Քաոս», Ծատուրյան՝ «Կամոյի վերջին սխրանքը», Սուրմելյան՝ «Սարոյան եղբայրներ», մսյո Ժակ՝ «Մսյո Ժակը եւ ուրիշները», Աբբաս Միրզա՝ «Հյուսիսային ծիածան», Բալյան՝ «Թռիչք անդունդի վրայով», Բաբլոեւ՝ «Ում է ժպտում կյանքը»: Չմոռանանք Կիմ Արզումանյանի նկարահանած «Սայաթ Նովան», որը թեեւ էկրան է բարձրացել հեռավոր 1960-ին, բայց առ այսօր շարունակում է մնալ մեր ամենասիրված հուզական ֆիլմերից մեկը: Ավելին, Բաբկեն Ներսիսյանի կերպավորած Սայաթ Նովան այնքան խորն է կերպավորվել ազգի հավաքական հիշողության մեջ եւ մտապատկերում, որ հանճարեղ բանաստեղծին ու աշուղ-երգչին անհնարին է պատկերացնել որեւէ այլ կերպ, քան կինոնկարում, քան բաբկեններսիսյանականն է:
«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր, – գրում է թատերական գործիչ ու վաստակաշատ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:- Իր նախորդների՝ Ադամյանի, Փափազյանի, Աբելյանի, Ալիխանյանի, Զարիֆյանի…, իրապես այս հսկաների արժանավայել շարունակություն… Չեմ կարող ասել՝ երբ եմ առաջին անգամ լսել կամ հանդիպել վարպետին, հետո արդեն՝ բարեկամիս, կյանքի վերջին տարիներին՝ ընկերոջս: Բայց գիտեմ, որ առաջին իսկ շփումից մի փոթորիկ տակնուվրա արեց հոգիս: Դերասան, որի մարմնավորած կերպարները թատրոնում ու կինոյում անտարբեր չթողեցին հանդիսատեսին: Դերակատարումների մասին, անշուշտ, խոսել են ու դեռ երկար կխոսեն թատերագետները…»:
Հավելենք. ժողովրդական դերասանը Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման՝ ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի, որը 1947-ին բեմադրվել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում: Մասնակցել է ռադիոյի եւ հեռուստատեսության բեմադրություններին, հանդես եկել անգերազանցելի ասմունքով… Արվեստագետ, որի նմանների ծարավը՝ այս էլ երբվանից, ունենք ազգովի: