Մինչ Թուրքիան զբաղված է երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներով, Ադրբեջանն ակտիվորեն փորձում է սպասարկել ինչպես սեփական, այնպես էլ «ավագ եղբոր» օրակարգը։ Տարածաշրջանում առեւտրատնտեսական, կոմունիկացիոն եւ էներգետիկ ուղղություններով գերակա դիրք ապահովելու համար Ադրբեջանը հաջողությամբ օգտագործում է տարամետ շահեր։ Հատկապես արդյունավետ է օգտվում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով առաջացած տարանցման սահմանափակումներից։ Ռուսաստանից դեպի Իրան ապրանքների տարանցման անհրաժեշտությունը եւս Մոսկվայի համար գրավիչ է դարձնում Բաքվի հետ հարաբերությունների ակտիվ սերտացումը։ Փաստացի ներկա պայմաններում Ռուսաստանը ռազմավարական շահերը ստորադասում է կարճաժամկետ տնտեսական օգուտին։ Նշենք, որ անցած տարվա կտրվածքով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մեկ քառորդով, սակայն ամենաէականն այն է, որ Ադրբեջանը դարձել է Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման միջանկյալ օղակ՝ «փրկելով» ռուսական գազից հրաժարվող Եվրոպայի դեմքը։
«Ռոսսելխոզնադզորի» տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ավելի քան 20 ռուսական ընկերություններ իրավունք են ստացել անասնաբուծական արտադրանք մատակարարել Ադրբեջան, ներառյալ՝ կերի եւ կերային հավելումները։ Այդպիսով՝ այժմ 1180 ռուսական ձեռնարկություն իրավունք ունի արտահանում իրականացնել դեպի Ադրբեջան։ Ռուսաստանի առանձին շրջաններ նույնպես ակտիվ առեւտուր են անում Ադրբեջանի հետ, օրինակ՝ Դաղստանը մատակարարում է ձուկ, միս, մրգեր, բանջարեղեն եւ նույնիսկ բուժիչ բույսեր: Ստավրոպոլի երկրամասից՝ հացահատիկ, պարարտանյութեր եւ թռչնամսի մեծ խմբաքանակներ։ Ժամանակին Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի նահանգների միջեւ ուղիղ տնտեսական կապ ստեղծելու եւ տնտեսության զարգացմանը խթանելու ուղղությամբ աշխատանքներ էր նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, պետական, քաղաքական գործիչ, ՌԴ սենատոր, լրագրող Լեւոն Չախմախչյանը՝ 2004-ին ընտրվելով Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ։ Այդ ասոցիացիայի անդամներ են եղել Ռուսաստանի 15 նահանգապետներ: Ցավոք, նման հնարավորությունը բաց թողնվեց, բնականաբար, պետական, նահանգային մակարդակով տնտեսական կապերի զարգացման արդյունավետությունն էապես տարբերվելու էր անհատական մակարդակում ձեւավորված բիզնես համագործակցությունից։
Արդյունքում նման իրողություններում Ռուսաստանը համառորեն ձեռնպահ է մնում վճռական քայլեր ձեռնարկել «բնապահպան ակտիվիստների» կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ։ Դրանից, բնականաբար, օգտվում է Ադրբեջանը։ «ՀՀ»-ն բազմիցս անդրադարձել է պատմական դասերը հաշվի չառնելու վտանգավոր միտումներին։ Ինչպես անցած դարասկզբին, այնպես էլ ներկայումս ռուսական քաղաքական եւ տնտեսական վերնախավը բավարար չափով հետեւություններ չի անում Թուրքիայից, իսկ մեր օրերում արդեն թուրք-ադրբեջանական տանդեմից բխող մարտահրավերներից։ Շատ է գրվել նաեւ պանթուրանական ծրագրերի եւ Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ որոշակի նկրտումների մասին, բայց, ինչպես տեսնում ենք, քաղաքական կարճատեսությունը գերակա է մնում։
Ոչ պակաս կարեւոր գործընթաց է Թուրքիայի եւ Ադրբեջանի հասարակություններում ձեւավորված տրամադրությունների բնույթը եւ ուղղվածությունը։ Հատկապես կարեւոր է երիտասարդության շրջանում առկա վերաբերմունքը, քանի որ նրանք են վաղվա օրվա քաղաքականություն իրականացնողներն ու գաղափարախոսության կրողները։ Այսպես՝ տարվա սկզբին թուրքական «Gezici» մասնավոր սոցիոլոգիական կենտրոնը հրապարակել էր Ռուսաստանի նկատմամբ երկրի քաղաքացիների վերաբերմունքի վերաբերյալ հարցման արդյունքները։ Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ բնակչության 90 տոկոսը թշնամի է համարել ԱՄՆ-ին, իսկ 62 տոկոսը Ռուսաստանին անվանել է «Թուրքիայի համար բարեկամ երկիր»։ Հարցման արդյունքները բավական ուշագրավ են՝ հաշվի առնելով թուրք-ամերիկյան գործընկերային արդյունավետ հարաբերությունները ռազմաքաղաքական ոլորտում։ Այստեղ բնականոն հարց է առաջանում՝ հնարավո՞ր է, արդյոք, որ թուրքական հասարակության մեջ քաղաքական տրամադրությունների փոփոխության արձանագրումը պարզապես կոչված է սպասարկելու թուրքական իշխանությունների ծրագրերն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների նախաշեմին։ Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան հմուտ է անհրաժեշտ պահին «ճիշտ» աշխարհաքաղաքական շրջադարձներ կատարելու մեջ։
Ի տարբերություն թուրքական հասարակության, Ադրբեջանում «Ագորա» վերլուծական խմբի կողմից 18-35 տարեկանների շրջանում արտաքին քաղաքական նախապատվությունների հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 14 երկրների բացասական ռեյտինգը գլխավորում է Հայաստանը՝ 78 տոկոս, Իրանը՝ 72 տոկոս, եւ Ռուսաստանը՝ 51 տոկոս։ Սակայն զեկույցի հեղինակները Ռուսաստանի նկատմամբ իրենց հայրենակիցների վերաբերմունքը կապում են ոչ թե Հայաստանի, այլ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի հետ։ «Պատվավոր» 4-րդ հորիզոնականը Ֆրանսիայինն է, ինչը պայմանավորված է Հայաստանի հետ լավ հարաբերություններով եւ Արցախի հարցում ընդգծված հայամետ դիրքորոշմամբ։ Հարցվածների միայն 34 տոկոսն է համակրում Ֆրանսիային, իսկ 37 տոկոսը, ընդհակառակը, չի սիրում։
Միաժամանակ հարցվածների 81 տոկոսն Ադրբեջանի անվտանգության համար սպառնալիք է համարում Ռուսաստանին, իսկ Հայաստանի եւ Իրանի հարձակումներից վախենում են համապատասխանաբար 74 եւ 73 տոկոսը: Չնայած ԱՄՆ-ի հավանության վարկանիշին՝ 49 տոկոս, երկիրը 17 տոկոսով հայտնվել է առաջին վեցնյակում, որոնք նշվում են որպես Ադրբեջանի անվտանգության սպառնալիք:
«Դրական» երկրների եռյակը կազմում են Թուրքիան (82 տոկոս), Մեծ Բրիտանիան (71 տոկոս) եւ Գերմանիան (71 տոկոս)։ Թուրքիան ասոցացվում է «երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսի շրջանակներում։ Մեծ Բրիտանիան «սիրելի է», քանի որ զգալի ներդրումներ է կատարում ադրբեջանական տնտեսության մեջ, իսկ Գերմանիայում կա թուրքական մեծ սփյուռք։ Հարցվածների 50 տոկոսն Իսրայելին դաշնակից է անվանել, որի հետ Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է պահպանում, այդ թվում՝ զենքի մատակարարում։
Այս հարցման արդյունքներին եւս պետք է որոշակի վերապահումով մոտենալ, քանզի բռնապետական երկրում հազիվ թե հասարակությունն ազատ լինի սեփական կարծիքն արտահայտելու հարցում, մյուս կողմից՝ պետական քարոզչամեքենան տարիներ շարունակ մշակել եւ ձեւավորել է միայն իրեն հարմար եւ անհրաժեշտ ուղղությամբ «մտածող» հասարակություն։ Սոցիոլոգիական հրապարակվող տվյալներն առավելապես ձեւավորող, քան արձանագրող կարող են լինել նման պետություններում։