Հայ-հնդկական հարաբերություններից թե խոսենք, պիտի գանք հազարամյակների խորքից, միջնադարով «քայլենք» ու հանգրվանենք մեր ժամանակաշրջանում՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից անցնելով Հայաստանի Հանրապետություն։ Բնականաբար, ընդամենը 105 տարեկան արհեստածին պետությունը, որից տարիքով մեծ են աշխարհահռչակ շատ ապրանքանիշներ անգամ, այս դարավոր կապը չի ընկալի եւ կզայրանա, որ Հնդկաստանը Հայաստանի «ականջին փսփսում է՝ եկեք բարեկամանանք» (ըստ ադրբեջանական մամուլի ձեւակերպման)։ Իսկ Հնդկաստան-Իրան-Հայաստան «եռակի դաշինքի» կապն իրեն կզգուշացնի, եւ այդ կապը կհամարի «Անտանտին՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջանին դեմ»։ Մենք, իհարկե, մեղմ ասած, դանդաղում ենք ընդհանրապես դաշնակցային լրջագույն հարաբերություններ կառուցելու գործում, եւ այս իրավիճակից Թուրքիան ու Ադրբեջանն իրապես օգուտներ են քաղում՝ ամենօրյա կտրվածքով Հայաստանին պահանջագրեր ներկայացնելով։ Հենց այնպես չգործածեցինք «զգուշանալ» բառը. Բաքուն ծաղրում է Հնդկաստան-Իրան-Հայաստան հնարավոր ծավալումները, բայց տողատակում զգուշություն կա՝ Հայաստանի «ռեւանշիստներից»։ Մի պահ նույնիսկ այնքան է տարվում ծաղրանք-սպառնալիքով, որ իրանական Չաբահար նավահանգիստը վերագրում է Հնդկաստանին, իսկ վերջինիս էլ խորհուրդ է տալիս զբաղվել Քաշմիրով։
Մի փոքր բացենք փակագծերը։ Մեր նպատակն ամենեւին էլ լսելը չէ, թե ում ինչ է ասում Բաքուն, բայցեւ՝ նաեւ անտեսելը չէ այն տողատակերն ու «մեսիջները», որոնք վերաբերում են Հայաստանին կամ Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Մանավանդ որ Բաքուն ինչքան էլ գործիք, բայց Անկարայի գործիքն է։ Հիմա այս գործիքը նեղվել է, որ «The Quint»-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ Հնդկաստանը մոտենում է Իրանին Ադրբեջանի եւ Իսլամական Հանրապետության միջեւ լարվածության աճի ֆոնին: Դելիի նպատակն է, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքն անցնի Հայաստանով, ոչ թե Ադրբեջանով»։ Եվ հենց եզրակացության (ադրբեջանական) մեջ էլ պարզ է դառնում, որ իրանական Չաբահար նավահանգիստն այլեւս հնդկական է. «Հայաստանի եւ Իրանի հետ Հնդկաստանի մերձեցումը կապված է ոչ միայն «պակիստանյան գործոնի», այլ նաեւ երկրի սեփական տնտեսական շահերի հետ։ Հնդկական Չաբահար նավահանգիստը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի մի մասն է, որով Հնդկաստանը ցանկանում է ամրապնդել առեւտրային կապերը Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի, իսկ հետո՝ Եվրոպայի հետ»։ Հին քարտեզներում Ադրբեջան անունը զավեշտալիորեն փնտրող այս պետության համար ի՜նչ տարբերություն՝ նավահանգիստն ումն է, որ կողմում է, Դելին ու Թեհրանը դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինեն, որ Չաբահարն ադրբեջանական չի դարձել…
Հիմա 105 տարեկան արհեստածին այս միավորն ինչու է աղմկում, որ երկու պետություն կարող են Հայաստանի հետ գործակցությունում իրենց շահը տեսնել։ Անկեղծանում է այդ միավորի մամուլը. «Իսլամաբադի հետ Բաքվի մերձեցման ֆոնին եւ Ադրբեջանի ու Իրանի միջեւ լարված հարաբերությունների պատճառով Հնդկաստանի եւ Իսլամական Հանրապետության կողմից մշակվել է տրանսպորտային միջանցք Հայաստանով, այլ ոչ Ադրբեջանով անցկացնելու ծրագիր… Սա նշանակում է, որ Հնդկաստանը պաշտպանում է Թեհրանի դիրքորոշումը «տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության» վերաբերյալ։ Հնդկաստանին պետք է նաեւ, որ Իրանը ճնշում գործադրի Պակիստանի վրա իր արեւելյան սահմաններից: Եթե Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտություն առաջանա, Դելին անտարբեր չի մնա եւ կաջակցի Իրանին»։
Ադրբեջանին այնքան է զայրացնում հայ-հնդկական հարաբերությունների հնարավոր ծավալումը, որ հասնում է Քաշմիրի խնդրին, իբր՝ «հնդիկ նացիոնալիստները» հարց լուծող լինեին, Քաշմիրի հարցը կլուծեին, Հայաստանի՞ն ինչպես են աջակցելու։ Ուշադրություն դարձնենք՝ գործածվում է «նացիոնալիստ» եզրույթը։ Այսինքն՝ հայերի ականջին «եկեք բարեկամանանք» շշնջում են հնդիկ ազգայնականները։ Ո՞ւմ նկատի ունի Ադրբեջանը «ազգայնականներ» ասելով։ Այդպես նա կոչում է Մոդիին եւ նրա համակիրներին։ Ներենդրա Դամորդաբաս Մոդի. ազգությամբ հնդիկ, դավանանքով հինդուիստ պետական այս գործիչը 2001 թ. ստանձնել է Գուջարաթ նահանգի նահանգապետի պաշտոնը եւ 2014-ից Հնդկաստանի վարչապետն է։ Դեռ երիտասարդ տարիներից ընդգրկվել է Հայրենիքի կամավոր ծառաների միության շարքերում։ Նրա կերպարը միջազգային մամուլում հակասական է, բայց նրան է վերագրվում Գուջարաթի տնտեսական աճը (2000-ականներին), եւ երկու տարբեր տարիների՝ 2006-ին եւ 2011-ին հենց նա է ճանաչվել Հնդկաստանի լավագույն գլխավոր նախարար։
Հիմա Ադրբեջանը Հնդկաստանի «վարչապետ Մոդիին եւ հնդիկ ազգայնականներին» (հաճախ է այս խոսույթին դիմում) խորհուրդ է տալիս նախ Քաշմիրով զբաղվել, հետո Հայաստանին օգնելու մասին մտածել։ Բնականաբար, թյուրքական կողմը Քաշմիրի խնդիրը ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ կրոնական շղարշով։ Հետո թե՝ «Մոդին ու նրա համախոհները չեն էլ մտածում նահանջել… Ազգայնականները համառ մարդիկ են… նրանք պատրաստ են նույն բանը սովորեցնել Երեւանին…»։ Ադրբեջանի մամուլում կարմիր գծով անցնում է այս մտահոգությունը եւ հետեւում խորհուրդը՝ «Հայաստանի ռեւանշիստները թող զուր ժամանակ չվատնեն», «Հայաստանի ռեւանշիստները թող իլյուզիաներ չունենան», «զուր հույսեր չփայփայեն» եւն։ Եվ խորհուրդը հենց Ադրբեջանի առաջին դեմքի բերանով է հնչում։ Մի հարցնող լինի՝ «ամեն օր ասում ես՝ հայերին հաղթել ես, ոչնչացրել ես, հարցը լուծել-փակել ես, հապա ինչո՞ւ ես պարբերաբար զգուշացնում, հիմա էլ հասել ես հնդիկ ազգայնականներին»։
Ինչեւէ, որ մենք դեռ կարող ենք ոտքի կանգնել, բայց չենք գործածում այդ հնարավորությունը, փաստ է։ Երբ 2021 թ. Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Երեւանում էր, հայտարարեց, որ Դելին ու Երեւանը միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասնակից են, ունակ են հաղթահարել երկու երկրների միջեւ առկա հաղորդակցային խոչընդոտները. «Քննարկել ենք Հայաստանի հետաքրքրությունը՝ կապված Չաբահար նավահանգստի օգտագործման հետ (Իրանի հարավ-արեւելքում գտնվող). այդ նավահանգիստը զարգացել է Հնդկաստանի օժանդակությամբ։ Առաջարկեցինք, որ Չաբահար նավահանգիստը եւս մաս կազմի Հյուսիս-Հարավ տրասնպորտային միջանցքին։ Կողմ ենք Չաբահար նավահանգստի օգտագործմանը եւ այլ նախաձեռնություններին, որոնք կընդլայնեն կապը մեր երկու երկրների միջեւ»։ Ուշադրություն դարձնենք՝ Հնդկաստանը կողմ է նաեւ «այլ նախաձեռնությունների», որոնք կընդլայնեն հայ-հնդկական կապերը։ Հասկանալի է, որ խոսքն այս դեպքում մշակութային ու կրթական կապերի մասին չէ…
Դեռ 2021 թ. մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել էր, որ ծրագրում են միացնել Չաբահարի արեւմտյան մասը եւ Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով։ Այս մասին նաեւ արտերկրի ԶԼՄ-ները նշեցին։ Հասկանալի է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը Հայաստանով անցկացնելու մասին հայտարարությունը Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներում լիովին տեղավորվում է: Այդ օրերին, երբ այս թեմայով զրուցում էինք էներգետիկ անվտանգության փորձագետ, տրանսպորտային ոլորտն ուսումնասիրող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ, նա նկատեց, թե Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարության մոտիվները պետք է փնտրել Հնդկաստան-Հայաստան ու Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների ավանդական հակադրման տրամաբանության մեջ: Չաբահար նավահանգիստը նպատակ է հետապնդում ծովային կապ ապահովել հնդկական Մումբայի նավահանգստի հետ։ Միաժամանակ Չինաստանն ակտիվորեն աջակցում է Պակիստանի տարածքում Գվադար նավահանգստի նախագծին, որը դիտարկվում է որպես իրանական Չաբահարի առանցքային մրցակից: Հաշվի առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ առկա հակամարտությունն ու մյուս կողմից՝ Պակիստանի ու Ադրբեջանի միջեւ շարունակաբար խորացող հարաբերությունները՝ պարզ է, որ Հնդկաստանի դեսպանի հայտարարությունն ուղղված է ոչ այնքան Բաքվին, որքան իր ուղղակի թշնամուն՝ Պակիստանին:
Մեծ աշխարհաքաղաքականություն լինի, թե տարածաշրջանային, այն պիտի կիրառական հիմք ունենա։ Մենք այս առումով խնդիրներ ունենք։ Հյուսիս-Հարավի պայմանագրի կողմերը եթե նայենք, ապա կտեսնենք նաեւ Ղազախստանին ու Ադրբեջանին։ Միջանցքի առանցքային դերակատարն էլ Մոսկվան է։ Եթե գեոքաղաքատնտեսական՝ հօգուտ մեզ որոշում կայացվի, ապա ծագում է մյուս հարցը՝ պատրա՞ստ է դրան մեր երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը։ Այսինքն՝ մենք ոչ միայն քաղաքական առումով ենք դանդաղ աշխատում (հատկապես 44-օրյայից հետո իրանական ու հնդկական կողմից հնչող մեսիջները հիշենք), այլեւ՝ տնտեսա ենթակառուցվածքային։ Եթե չաշխատենք, ինչ մեսիջ եւ բարեկամական որ կողմից էլ ուզում է լինի, ոտքի չենք կանգնելու՝ թույլ տալով թյուրքական կողմին շարունակելու կիրառական հոխորտանքները։