Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը. «Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը, եւ չի բացառվում, որ Արցախի դիմորդները եւս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաեւ հանձնել հուլիսին»:
2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը եւ ամռանը: Նրանք, որոնք ձմռանը ցածր գնահատական են ստացել, գոհ չեն իրենց արդյունքներից, կարող են ամռանը կրկին հանձնել քննություն:
2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 6 հազար 856 դիմորդ: Նրանցից շատերը նաեւ երկու քննություն են հանձնել, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 10 հազար 817 դիմորդ: Այս տարվա փոփոխությունների համաձայն, իրենց արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել նաեւ ամառային փուլին: Այս մասին նշեց Կարո Նասիբյանը` ավելացնելով, որ ձմեռային փուլում 6 հազարից ավելի հայտագրումը բավական լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ այս մոտեցումը հետաքրքրում է աշակերտներին: «Մեծ հաշվով այս տարբերակը՝ նկատի ունեմ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը, շատ շահեկան է աշակերտների համար: Ծանոթանում են կազմակերպական գործընթացներին, քննական մթնոլորտին: Եվ նրանց գնահատականները վճռորոշ չեն, այսինքն՝ կարող են քննություն հանձնել նաեւ ամռանը, եթե գնահատականները չեն գոհացնում»,-ասաց Կարո Նասիբյանը:
Անդրադառնալով քննական արդյունքներին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ մյուս առարկաների համեմատ ավելի բարձր միջին ցուցանիշ գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 14.1 միավոր: Սովորաբար նշված առարկայից միջին ցուցանիշը ցածր է լինում: «Հայոց պատմություն» առարկային հաջորդում է «Կենսաբանություն»-ը՝ 13.1 միավոր, «Անգլերեն»-ը՝ 12.9, «Հայոց լեզու»-ն՝ 10.8 միավոր: «Մենք սպասում էինք, որ գնահատականներ ավելի ցածր կլինեն՝ նախորդ տարվա հունիսին անցկացված քննությունների համեմատ: Աշակերտների մեծ մասը դեռ չէր ավարտել այդ դասընթացը, ծրագրային նյութը եւ չէր կարողացել ավելի բարձր գնահատական ստանալ»,- ասաց Կարո Նասիբյանը:
Ձմեռային քննական փուլը մի խումբ դիմորդների համար, պարզվում է, փորձաշրջան էր հուշաղթղթից կամ տեխնիկական այլ միջոցներից օգտվելու հնարավորությունը ստուգելու համար: Քննական գործընթացին հետեւողները 30-ից ավելի դիմորդի մոտ հայտնաբերել են հեռախոսներ. «Որոշներն ուզում էին փորձել, հասկանալ, թե ինչպես կարող են քննության ժամանակ օգտվել հեռախոսներից, տեխնիկական այլ միջոցներից: Երբ հեռախոսները հայտանբերում էինք, ոչ ոք չէր ասում, դե լավ, թույլ տվեք շարունակեմ քննությունը, ինքնուրույն գրեմ: Առանց որեւէ խոսք ասելու՝ դուրս էին գալիս: Դա նշանակում է, որ իրենք պատրաստ չէին»:
Ձմռանը ընդունելության քննություններն անցկացնելը փոքր-ինչ դժվարություններ է առաջացրել կազմակերպական հարցերի հետ կապված: Հատկապես դժվարություններ են եղել դպրոցների դահլիճները ջեռուցելու հարցում: Դա հաշվի առնելով՝ քննարկումներ են անցկացվում ժամկետների փոփոխության հետ կապված: Հնարավոր է հաջորդ անգամ քննությունները անցկացվեն ոչ թե հունվարին, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: