«Հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը»։
Վազգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թ. ամռան կեսերին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Նպատակը պարզ էր՝ դեռ մարտեր էին ընթանում Արցախում եւ ՀՀ սահմանին, ուստի պետք էր մի կառույց, որ ղեկավարեր կամավորական ազատամարտիկների գործունեությունը։ Հաշվի առնելով այն, որ մեր երկիրը թշնամիներով շրջապատված տարածքում է, հետագայում էլ երկրապահը շարունակեց գործել եւ դարձավ եռասերունդ՝ իր կազմում ունենալով նաեւ «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ակումբները։
1997 թ. Վ. Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Պատանի երկրապահ» կառույցը, որում ընդգրկված էին ՀՀ եւ Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտներ։ Սպարապետի նպատակն ու երազանքն էր ունենալ հզոր Հայաստան, իսկ դրա համար մեր ժողովրդին պետք է նախապատրաստել դեռ դպրոցից։ 2007 թ. Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում՝ Սեւանա Լճի ափին, ԵԿՄ երկրորդ նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնվեց «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարը, որտեղ յուրաքանչյուր ամառ հանգստանում են պատանիներ եւ աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից ու սփյուռքից: Հաճախ եմ ներկա եղել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի մարզումներին, նրաց մասնակցությամբ միջոցառումների, ճամբարական կյանքին։ Նույն ժամանակ ծանոթացել եմ ԵԿՄ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաների եւ նրանց ղեկավար, ենթասպա Սամվել Խաչատրյանի հետ։ Սիրով ու նվիրումով է Ս. Խաչատրյանը, ով անցել է նաեւ Արցախյան գոյամարտի ճամփաներով, աշխատում իր սաների հետ։ Օրերս կրկին այցելեցի ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունք, զրուցեցի բաժանմունքի նախագահ Ռուստամ Ղազարյանի, ազատամարտիկների ու դպրոցականների հետ, ծանոթացա պատանի երկրապահների մարզումներին։ Ազատամարտիկների մի մասը վերջերս են տուն եկել դիրքերից։ ԵԿՄ անդամները հերթափոխով միշտ էլ մասնակցում են սահմանի պաշտպանությանը։
Լեգենդար «Արաբո» ջոկատի անդամ Ռ. Ղազարյանը բաժանմունքի նախագահն է 2019-ից։ Տեղեկացրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի առաջին օրվանից իրենց բաժանմունքի 100-ից ավելի ազատամարտիկ-կամավորականներ մասնակցել են մարտական գործողություններին։ Եղել են Ջրականում, Քաշաթաղի շրջանում՝ Իշխանաձորում, Գետամեջում։ Հետագայում տեղափոխվել են Արցախի Մարտունու շրջան։ Մարտերի ընթացքում ջոկատից 7 հոգի նահատակվել են, ունեն 2 անհետ կորած, 7-ից ավելի վիրավոր։ Պատերազմից հետո էլ տղերքը շարքում են եւ առաջնագծում ժամկետային զինվորներին հավասար հսկում են դիրքերում։ Հանդիպմանը ներկա ազատամարտիկներից Արթուր Մայիլյանը, Ազատ Պետրոսյանը, Տիգրան Փախչանյանը, Արտյոմ Սարիբեկյանը, Լեւոն Գեւորգյանը, այլք, երբ վերադառնում են դիրքերից, հաճախ են հանդիպում պատանի երկրապահների հետ, պատմում Արցախյան առաջին գոյամարտի, նոր օրերի հերոսների, իրենց գործողությունների մասին, երբեմն՝ մարզում։ Բաժանմունքի նախագահը գովեստով է խոսում պատանիների ու նրանց ղեկավար Ս. Խաչատրյանի մասին։ «Սամվել Խաչատրյանը նվիրումով է աշխատում, չնայած տարիքին, լավ է աշխատում երեխաների ծնողների, ուսուցիչների հետ, եւ պատահական չէ, որ այսօր մոտ 40 պատանիներ ու աղջիկներ են համալրում ԵԿՄ Էրեբունու բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբը։ Կարեւոր է նաեւ, որ աղջիկներն էլ են սիրով մասնակցում մարզումներին, սովորում զենք կրել»,- նշեց Ռ. Ղազարյանը։ Երբեմն նաեւ դաշտային մարզումների են գնում պատանիները, սովորում՝ ինչպես իրենց դրսեւորել խրամատներում, պաշտպանվել ԱԹՍ-ներից եւ այլ վարժանքներ։
Ընթացքում ներկա եղա պատանիների մարզում-վարժանքներին։ Աղջիկները սովորում էին հակագազ օգտագործել, կրակել ԱԿՄ ինքնաձիգից եւ նռնակ նետել։ Իհարկե մարզումների տարածքը փոքր է՝ հատկացված շենքի միջանցքում, բայց կարեւորը նպատակն է, ձգտումը։ Տղաները մարզիչ Աշոտ Գեւորգյանի ղեկավարությամբ ձեռնամարտի վարժանքներ էին անում։ Ս. Խաչատրյանը գոհ է մարզիչից, ով համաձայնել է անշահախնդիր աշխատել երեխաների հետ։ Հավելեց նաեւ, որ իր աշխատանքն անարդյունք կլիներ, եթե իրեն չօգնեին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բաժանմունքի նախագահն ու անդամները, ծնողները։ Նշեց նաեւ, որ աշխատում է Երեւանի թիվ 160, 167 եւ Արմեն Հովհաննիսյանի անվ. 194 հիմնական դպրոցների հետ։ Գոհ է այս կրթօջախների տնօրեններից, ուսուցիչներից։ Պատանի երկրապահները նաեւ որպես թմբկահարներ են հանդես գալիս։ Ջոկի հրամանատար Աննա Ճաղարյանի գլխավորությամբ ներկայացրեցին տարբեր համարներ։ Իր սաների կազմում հատկապես շատ են թիվ 160 հիմնական դպրոցի (տնօրեն՝ Հասմիկ Մարտիրոսյան) աշակերտները։ Նույն դպրոցի զինղեկ Միշա Ապրեսյանն ու ուսուցչուհի Աննա Դավթյանը նույնպես շատ են օգնում իրեն։ Երկար ժամանակ ղեկավարելով ակումբը` Ս. Խաչատրյանը հասցրել է նաեւ ՀՀ ազգային բանակի համար լավ զինվորներ պատրաստել։ Նշեց, որ հաճախ է զորամասերի հրամանատարներից, տեղակալներից շնորհակալական նամակներ ու զանգեր ստացել։ Տեղեկացրեց նաեւ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իր սաներից 5 հոգի մասնակցել են մարտերին, Սուրեն Խեչումյանը զոհվել է։ Կարեն Երիցյանը, Զոհրաբը վիրավորվել են։ Որդին՝ Հայկը, նույնպես եղել է իր սանը, զորակոչվել բանակ եւ ծառայել որպես հրետանավոր։ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերել է արիություն, արժանացել հրամանատարության շնորհակալագրերին, այլ պարգեւների։
Մարզումներից հետո զրուցեցի նաեւ պատանիների ու աղջիկների հետ։ Մեծ մասի կարծիքով՝ շատ կարեւոր են այս մարզումները։ Ամենակրտսեր մասնակիցներից Վահագն Մանասյանը սովորում է 2-րդ դասարանում։ Նոր է սկսել մարզումները՝ հետեւելով հինգերորդ դասարանցի քրոջը՝ Ինեսային, ով արդեն լավ ծանոթ է մարզումներին։ Աննա Ճաղարյանը լավ առաջադիմությամբ սովորում է թիվ 167 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ 4-րդ դասարանցի քույրը՝ Անին, նույնպես իր հետեւորդն է։ Աննան առաջին դասարանից պատանի երկրապահի անդամ է։ Հատկապես սիրում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաները, բայց հաստատ որոշել է՝ զինվորական է դառնալու։ Կարողացել է համոզել ծնողներին, որ այլ ոլորտում իրեն չի տեսնում։ Ասաց, որ հորեղբայրը՝ հայոց բանակի սպա, հրետանու կապիտան, 1991 թ. ծնված Նարեկ Ճաղարյանը, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ մասնակցել է ռազմական գործողություններին եւ հերոսի մահով ընկել 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Նրա աճյունն ամփոփված է Վահան գյուղի պանթեոնում, որտեղ հանգչում են նաեւ Վահանի, Ճամբարակի եւ Արցախի սահմանները պաշտպանելիս թշնամու դեմ մղված մարտերում զոհված վահանցի քաջերը։ Աննայի հորեղբոր որդին՝ Գոռ Ճաղարյանը, արդեն 7 տարի նույնպես պատանի երկրապահների շարքում է։ Ուսանում է Էրեբունու բժշկական ակադեմիայի դեղագիտություն մասնագիտության երկրորդ կուրսում։ Ասաց, որ դեռ բանակում չի ծառայել, նպատակն է դառնալ ռազմական բժիշկ։ Թիվ 160 դպրոցի սաներ Ադիխանյան քույրերը՝ 7-րդցի Անահիտը, հինգերոդցի Անին եւ երրորդ դասարանցի Ամալյան, միասին են մասնակցում մարզումներին։ Ս. Խաչատրյանը, ներկայացնելով իր սաներից Յանա Բենեկտովային, ասաց, որ ամենաչարաճճի, սակայն շատ սիրելի երեխաներից է։ Սովորում է թիվ 160 դպրոցի 7-րդ դասարանում։ Սաֆարյան եղբայրները՝ թիվ 160 դպրոցի 7-րդ եւ 3-րդ դասարանցիներ Հրաչյան ու Հարությունը, նույնպես սիրով են մասնակցում մարզումներին, որոշել են, նաեւ հայրն է համաձայն, որ զինվորական դառնան։ Թիվ 123 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արամ Փափազյանը նույնպես զինվորական դառնալու մտադրությամբ է գալիս մարզումների առաջին դասարանից սկսած։ Լավ է սովորում հատկապես մաթեմատիկա առարկան։
Մնացած երեխաները նույնպես պատմեցին իրենց նախասիրությունների, դպրոցական կյանքի մասին եւ համոզված են՝ դառնալու են հայրենիքին պիտանի ու արժանի մասնագետներ։ Հրաժեշտ տվեցի մեր պատանիներին՝ հավատով, որ նրանք ու իրենց հասակակիցները տեր են կանգնելու հայրենիքին, մասնակցելու են նրա շենացման գործընթացին։