Պատմոս կղզում կա մի մեծ արծվի նմանությամբ ժայռաբեկոր՝ անձավներով, որտեղ ինչ-որ մի ընթացք ապրել է նաեւ Հովհաննես առաքյալը, ում ավետարանական խորհրդանիշն էլ արծիվ էր։ Եւ ընդհանրապես արծվի կերպարը սավառնում է ողջ Աստվածաշնչում եւ ամենուր խորհրդանշում Աստծուն։ Ելից գրքում Աստված ասում է. «Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտոսացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի»։ Ելից 19։4
Նույն արծվային հետաքրքրությունը, մտահոգությունն ու հոգատարությունն են ներկայացված Երկրորդ օրինաց գրքում.
«Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը,
Շուռ է գալիս իր ձագերի վերայ,
Տարածում է թեւերը, վեր առնում նորանց,
Տանում նորանց իր թեւերի վերա»: Երկրորդ օրինաց 32։11
Այժմ էլ Հայտնության գրքում է հայտնվում արծիվը, եւ կնոջը թեւեր տալով, փրկում նրան վիշապի հետապնդումից. «Եւ երբոր տեսաւ վիշապը, թէ վայր գցուեցաւ երկրի վերայ, ընկաւ այն կնկայ ետեւից, որ արու զաւակը ծնեց։ Եւ այն կնկան երկու մեծ արծուի թեւ տրուեցաւ, որ թռչի անապատն՝ իր տեղը. ուր որ կերակրվում է մի ժամանակ, եւ ժամանակներ եւ կէս ժամանակ օձի երեսիցը»։ Հայտնություն 12։13-14
Սա նշանակում է, որ վտանգի պահին, հակաքրիստոսի իշխանության ժամանակահատվածում Աստված իր թեւերի, իր հովանու տակ է առնելու եկեղեցին՝ իրական հավատացյալներին։ «Եւ օձն իր բերանիցը գետի պէս ջուր թափեց այն կնկայ ետեւից, որ նորան ընկղմէ»։ Հայտնություն 12։15
Կարելի է ենթադրել որ ամենատարբեր բնույթի իրարանցումների բուռն հեղեղներ են լինելու, որոնք քշելու են մարդկանց։ Ի՞նչ է գետը։ Գետը ժամանակի նման անդառնալիորեն հոսում է առաջ` իր հետ տանելով բոլոր նրանց, ովքեր կպատահեն իր ճանապարհին։ Իսկ եկեղեցին ապաստանելու է անապատում։ Անապատը մի վայր է, որտեղ չկա գայթակղություն։ Այնտեղ մաքուր տեսադաշտ է մաքուր մտքերի համար։ Այնտեղ ոչ ոք մարդուն չի կանչում մեղքի հետեւից։ Իսկ գետը անապատի հակապատկերն է՝ փրփրադեզ, վարարուն, արագընթաց տարերք է, որը քեզ քաշում է իր հետեւից, անընդհատ առաջ է տանում, առաջարկում ամենատարբեր իրավիճակներ, եւ դու չես կարողանում խուսափել այդ ամենից։
Մարդիկ անապատ են փախչում եռուզեռից, իրարանցումից։ Մեր դարաշրջանը ձեռք է բերել մինչ այս չլսված, չտեսնված հմտություններ՝ մարդուն խճանկարի պես մասնատելու։ Ժամանակակից մարդը չի ապրում, այլ անընդհատ պայքարում է ապրելու համար։ Ինքնապահպանման համար հարկավոր է ներդնել ահռելի ուժ ու եռանդ։ Երբ գետի վարար հոսանքը քեզ տանում է վար, մեծ ջանք ու ճիգ է հարկավոր գոնե տեղում մնալու համար։ Մարդու հինգ զգայարաններն էլ աշխատում են հոգին ջլատելու, մասնատելու ուղղությամբ։ Այդպիսի հոգին չի կարող հավատալ։ Մենք չենք հոգնում ֆիզիկապես, հյուծվում ենք ցրված մտքերից։ Այդպիսի մարդուն հեշտ է գայթակղել։ Տարատեսակ գովազդներն ու տեղեկատվական հոսքերը մարդու միտքը անընդհատ ճառագայթում են տարբեր ուղղություններով։ Սոկրատը մի անգամ շուկայում շրջելուց հետո ասել է. «Տեր Աստված, աշխարհում ինչքան շատ իրեր կան, որոնք ինձ պետք չեն»։ Մեզ մոտ հակառակն է՝ տեսնում ենք ու ցանկանում։
«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»։ Հայտնություն 12։16
Քանի տարի որ կա, գոյություն ունի եկեղեցին, այդքան տարի կան հալածանքները. սակայն եկեղեցին «կանգուն» է։ Միշտ վրա է հասնում անսպասելի օգնությունը։ Ժամանակին ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչովը հեռուստատեսությամբ խոստացավ ցուցադրել վերջին քահանային։ Այսօր Խրուշչովը չկա, իսկ հեռուստատեսությամբ հաճախ են ներկայացնում հոգեւորականների ու նրանց խոսքը։ Հալածանքներն, ի վերջո, մի օր ավարտվում են։
Սակայն վիշապը, չհասնելով նպատակին, ավելի է գազազում եւ անցնում է վճռական հարձակման. «Եւ վիշապը բարկացաւ այն կնկայ վերայ, եւ գնաց պատերազմ անելու նորա միւս զաւակների հետ, որ Աստուծոյ պատվիրանքները պահում են, եւ Յիսուսի (Քրիստոսի) վկայութիւնն ունին։ Եւ ծովի աւազի վերայ կանգնեց»։ Հայտնություն 12։17
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ