Վրաստանի իշխանություններն ընդամենը 3 օր կարողացան դիմակայել ընդդիմության միացյալ ճնշմանը: Փորձագետները, սակայն, համոզված են, որ դա մարտավարական քայլ էր իշխանությունների կողմից, եւ «Վրացական երազանքն» ավելի ուշ կվերադառնա այդ հարցին: Ընդդիմության համար հաղթական էր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի 3-րդ օրը: Դրանից դեռ մեկ օր առաջ վրացական իշխանությունները վստահ էին, որ չեն հրաժարվի արտասահմանյան գործակալների մասին օրինագծից:
Արդեն երեկոյան բողոքի մասնակիցները կրկին գրոհի ենթարկվեցին հատուկ նշանակության ուժերի կողմից, որոնք նաեւ արցունքաբեր գազ էին օգտագործում: Բայց արդեն հաջորդ օրվա առավոտյան հայտնի դարձավ, որ իշխանության կուսակցությունը պատրաստ է հետ կանչել սկանդալային օրինագիծը:
Հատկանշական է, որ նման հայտարարությունները սկզբում ընկալվում էին որպես հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ, որովհետեւ վրացական օրենսդրությունն առաջին ընթերցմամբ անցած օրինագիծը հետ կանչելու ոչ մի հնարավորություն չի նախատեսում: Սակայն արդեն շուտով «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար շրջանակները հստակեցրեցին, որ օրինագիծը «կսպանվի» միակ հնարավոր միջոցով. այն կդրվի երկրորդ ընթերցման եւ անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի ստանա: Մարտի 9-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխանությունները կատարել են երկրորդ սկզբունքային պահանջը. բաց էին թողել բողոքի ակցիաների ձերբակալված բոլոր մասնակիցներին:
Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում: Արդյոք այդ զիջումները բավարա՞ր են մարդկանց հանգստացնելու համար: Վրացական իշխանություններին ի՞նչը հանկարծ ստիպեց ընդունել ցուցարարների պահանջը: Հնարավո՞ր է, որ վերջնարդյունքում իշխանությունները փորձեն երկրորդ անգամ օրինագիծը շրջանառության մեջ դնել: Բողոքի ցույցերը որքանո՞վ կփոխեն Վրաստանը եւ նրա եվրոպական ապագայի հնարավորությունները: Փորձենք պատասխանել այս հարցերին:
Նախ նշենք որ բողոքների պատճառն արտասահմանյան գործակալների մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումն էր, որի համար հիմք էր ծառայել ռուսական նույն օրենքը: Այդ նախագիծը վերահսկողության լծակներ էր ստեղծում Վրաստանում շատ հզոր ոչ առեւտրային հասարակական կազմակերպությունների եւ մեդիայի վրա: Սովորաբար նման գործիքներն անհրաժեշտ են ընտրությունների նախօրեին՝ տեղեկատվական տարածքը մոնոպոլացնելու համար: Սակայն Վրաստանում հաջորդ ընտրությունները կկայանան մեկուկես տարի անց, ավելին՝ ընդդիմությունն այժմ որեւէ սպառնալիք չի ներկայացնում իշխանությունների համար:
Կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանքի» համար առավել հրատապ սպառնալիք է Եվրահանձնաժողովի հաշվետվության հրապարակումը Վրաստանի կողմից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանների կատարման մասին: Վրացական իշխանությունների անցած քաղաքականությունը կասկած չէր թողնում, որ այդ պահանջները չեն կատարվի: Նման իրավիճակում «Վրացական երազանքը» կարող էր օգտագործել իր սովորական հնարքը՝ մեղադրել եվրոպական ինստիտուտներին կանխակալ վերաբերմունքի մեջ, իսկ իր խոսքերն ամրապնդելու համար մեջբերել եվրոպական հատուկենտ քաղաքական գործիչների հայտարարությունները: Մասնավորապես՝ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդել է, որ Եվրամիությունը կողմնակալ է գործել, երբ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տվել:
Չնայած օրինագիծը նման է ռուսական տարբերակին, չի կարելի վստահաբար պնդել, որ Վրաստանում օրինագծի առաջմղումն իրականացվել է ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ: Բայց անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Վրաստանի՝ եվրոպական կուրսից շեղումը ցանկալի է Մոսկվայի համար: Իսկ այն, որ հանրությունը եւս մեկ հաջող ճնշում գործադրեց իշխանությունների վրա, ցավագին է ընդունվել ՌԴ-ի իշխանական շրջանակների կողմից:
Անկեղծ ասած՝ վրացական իշխանությունները նման հզոր ճնշում չէին սպասում: Պայքարի դուրս եկավ երիտասարդությունը, որն այդ օրինագիծն ընկալել է որպես հարձակում երկրի եվրաինտեգրման կուրսի, հետեւաբար՝ նրա ապագայի վրա: Պարզվեց, որ իշխանությունները պատրաստ չեն իրադարձությունների նման ընթացքին: Պատահական չէ, որ բողոքների հենց առաջին օրը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, «Վրացական երազանքը» փորձեց կասեցնել բողոքի շարժման հետագա զարգացումը՝ հայտարարելով, որ օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, եւ միայն այդ կառույցի որոշման դեպքում օրինագիծը կդրվի երկրորդ ընթերցման:
Վրաստանում բողոքների շարժման փորձը ցույց է տալիս, որ իշխանություններին կարելի է ստիպել զիջումներ կատարել միայն փողոցի եւ Արեւմուտքի համատեղ ճնշմամբ: Այս անգամ երկու կողմից ճնշումն աննախադեպ ուժեղ էր:
Վերջին տասնամյակում առաջին անգամ Թբիլիսիում քաղաքական բազմամարդ միտինգները շարունակվում են մի քանի օր: Միաժամանակ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից իշխանությունների գործողություններին տրված գնահատականները շատ կոշտ էին եւ միանշանակ: Եվ գլխավորը՝ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն հայտարարեց խաղաղ միտինգների վրա հարձակման կազմակերպիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Միեւնույն ժամանակ չի կարելի կարծել, որ հասարակական շարժումն ընդամենը օժանդակ դեր ուներ: Դժվար թե առանց հանրության նման հզոր արձագանքի Արեւմուտքն այդքան կոշտ ու վճռական գործեր:
Իշխանությունների զիջումը չի նշանակում, որ Վրաստանը վերադառնում է վերաինտեգրման ճանապարհ, քանզի նշված օրինագիծը միակ խոչընդոտը չէ: Վրաստանը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի՝ Եվրամիության 12 պայմանները կատարելու համար: Միայն այդ դեպքում Թբիլիսին ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա: Այդ բարեփոխումները ոչնչացնում են «Վրացական երազանքի», ավելի ճիշտ՝ նրա փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի իշխանական բացարձակ մոնոպոլիան, ուստի Եվրամիության պահանջների կատարումը մինչեւ հիմա քիչ հավանական էր թվում:
Հենց այդ պատճառով կարեւոր է այն, ինչ հռչակում են բողոքողները: Նրանց պահանջները չեն սահմանափակվում գործակալների մասին օրենքի հետկանչմամբ, այլ վերաբերում են երկրի վերադարձին դեպի եվրաինտեգրման կուրս: Ցուցադրական է, որ կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին պահանջները հրապարակվեցին բողոքների միայն 3-րդ օրը, երբ իշխանությունները զիջումներ էին կատարել սկզբնական պահանջների հարցում: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ այդ պահանջները հնչեցրել են ընդդիմադիր քաղաքական գործիչները, եւ առայժմ անորոշ է՝ շարքային ցուցարարները կաջակցե՞ն նրանց: Բողոքների նոր ալիքի խթան կարող է լինել Վրաստանում եվրաինտեգրացիոն հաջողությունների բացասական գնահատականը, այդ դեպքում հանրությունը կարող է պահանջել իշխանությունների հրաժարականը, եթե վերջիններս չկատարեն սահմանադրության պահանջը եւ հնարավորը չանեն, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության անդամ:
Օրինագիծը հետ կանչելով խորհրդարանից՝ Վրաստանի իշխանությունները չեն հայտարարել, որ այդ նախաձեռնությունը սխալ էր: Ընդհակառակը՝ նրանք շարունակում են պնդել, որ իրենց ճիշտ չեն հասկացել, որ ավելի ուշ իրենք կապացուցեն այդ օրենքի օգտակարությունը պետության համար: Միեւնույն ժամանակ նշել են, որ զիջումներ են կատարում «վրացի երեխաների» համար, որոնց ընդդիմությունը, իբր, մղում է ոստիկանության հետ բախման: Սա նշանակում է, որ Վրաստանի այժմյան ղեկավարությունը հետագայում պլանավորում է օրինագիծը կրկին մտցնել խորհրդարան:
Բայց պետք է նկատի ունենալ, որ այս բողոքները չեն ընթացել ընդդիմության հետ համակարգմամբ, ինչով էլ պայմանավորված է նրանց արդյունավետությունը: Ճիշտ է՝ առանց քաղաքական ներկայացուցչության, որը կհետեւի իշխանությունների կողմից եվրաինտեգրացիոն «տնային առաջադրանքի» կատարմանը, դժվար կլինի: Հնարավոր է, որ այդ դերն ստանձնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հենց առաջին օրվանից աջակցում է ցուցարարներին: Հնարավոր է, որ այս բողոքներն ի հայտ բերեն նոր առաջնորդների, եւ 2024 թ. խորհրդարանական ընտրություններին Վրաստանը կմոտենա արեւմտամետ հզոր ընդդիմությամբ: