Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր բանակցություններ են սպասվում ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպման ընթացքում: Ըստ ներկայացվող տեղեկությունների՝ թուրքական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասկեր Հաջին եւ Սիրիայի փոխարտգործնախարար Այմեն Սյուզանը: Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները:
Իսկ ահա սիրիական կառավարությանը մոտ կանգնած «Al Watan» թերթի տեղեկություններով՝ հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ Դամասկոսը մինչ օրս Անկարայից չի ստացել երկրի հյուսիսային օկուպացված տարածքներից թուրքական զորքերի դուրսբերման պլանը: Այս հարցում Դամասկոսի դիրքորոշումը սկզբունքային է: Թերթը նշում է, որ Սիրիան Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորի համապատասխան երաշխիքների դեպքում: Դամասկոսն Անկարայից պահանջում է սիրիական տարածքից թուրքական ուժերի դուրսբերման գրաֆիկ ներկայացնել: Հնարավոր բանակցությունները միտված են Անկարայի ու Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, որի մեկնարկը տրվել է անցած տարվա վերջին: Օրակարգում ընդգրկված են հյուսիսարեւելյան Սիրիայում գործող քրդական ջոկատների խնդրի եւ քաղաքական գործընթացի ճակատագրի թեմաները: Թուրքիայում մայիսին տեղի ունենալիք համընդհանուր ընտրություններն այդ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից գոնե նվազագույն առաջընթաց են պահանջում այդ ուղղությամբ: Սակայն դա երկխոսության գործոններից մեկն է: Եվ պատահական չէ, որ մոսկովյան հանդիպման պլանավորման մասին առաջինը հայտնել են թյուրքալեզու հեռուստաալիքները: Ըստ նրանց տեղեկությունների՝ հանդիպումը կկրի տեխնիկական բնույթ. այն հիմքեր կստեղծի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով երկխոսության մշակման համար:
Ռուս դիվանագետ Միխայիլ Բոգդանովը նախօրեին ռուսական գործակալությունների հետ զրույցում հաստատել է, որ քառակողմ բանակցություններին նախապատրաստությունն ընթացքի մեջ է, սակայն նաեւ հասկացրել է, որ արդյունքների մասին ավելի ուշ կհաղորդվի:
Մոսկվայում նախատեսված հանդիպումը կոչված է զարգացնել այն դինամիկան, որը նկատվեց, երբ դեկտեմբերի 28-ին ավելի նեղ խորհրդակցություններ անցկացվեցին Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել: Այնուհետեւ հաղորդումներ եղան, որ հունվարին պետք է հանդիպեն նաեւ արտգործնախարարները, սակայն վերջնարդյունքում դա հետաձգվեց: Պարզվեց, որ Սիրիայի նախագահը չի ցանկանում խթանել երկկողմ մերձեցումն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում չեն կայացել համընդհանուր ընտրությունները, որովհետեւ կապերի զարգացումը, ըստ նրա, կարող է նպաստել Էրդողանի վարկանիշի աճին:
Առանձին հաղորդվել է, որ երկխոսության գործընթացում Անկարայի ու Դամասկոսի միջեւ տարաձայնություններ են նկատվել: Արտգործնախարարների տեղակալների սպասվող հանդիպման ընթացքում ուշադրություն կդարձվի նաեւ այդ հակասություններին: Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել որոշ տարաձայնությունների կամ նվազագույնը բանակցություններին կողմերի պատրաստ չլինելը հաղթահարելու համար, ինչին շատ բանով նպաստում է գլոբալ քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Մյուս կողմից՝ դրան օգնում են տարածաշրջանային նոր միտումները: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կոնկրետ երկրներում նշանակություն կարող է ունենալ նաեւ ներքին դրությունը: Թուրքիայում շուտով ընտրություններ են: Եվ կան մի շարք հարցեր, որոնցում ընդդիմադիր ուժերը շարունակում են ճնշում գործադրել:
Այդ հարցերից մեկը Սիրիայի հետ հարաբերություններում լարվածությունն է: Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախկինում առաջ է քաշել պաշտոնական Դամասկոսի հետ հարաբերությունները հնարավորինս շուտ վերականգնելու անհրաժեշտությունը՝ որպես երաշխիք, որ Թուրքիայի հարեւան երկրից փախստականները վաղ թե ուշ կվերադառնան հայրենիք: Էրդողանը պայքարում է ընդդիմության դեմ գրեթե բոլոր առանցքային ուղղություններում, որոնցում իշխանությունները քննադատության են ենթարկվում, եւ, հավանաբար, կարող է օգտագործել հակառակորդների փաստարկները՝ իր արտաքին քաղաքականությունը վերադասավորելու համար: Ճիշտ է՝ Թուրքիայի ղեկավարը մեկ անգամ չի ցուցադրել, որ կարողանում է իր օգտին շրջել խաղի կանոնները, Սիրիայի հետ հնարավոր բանակցություններում դժվար թե կարողանա օգտվել այդ ունակությունից: Պատճառը պարզ է՝ Բաշար Ասադն ամենեւին էլ մտադիր չէ իր երկրի վրա հարձակված ու նրա տարածքներն օկուպացրած երկրի ղեկավարին նախընտրական հաղթաթղթեր տալ, քանի դեռ վերջինս չի կազմակերպել թուրքական օկուպացիոն զորքերի նահանջը: Մոսկովյան հանդիպումը, իր հերթին, հնարավորություն կտա բանակցությունների իմիտացիա ստեղծել ընտրողների շրջանում: Թուրքիայում հասկանում են նման բանակցությունների անհրաժեշտությունը, ուստի ձգտում են ինչ-ինչ արդյունքների հասնել մինչեւ ընտրությունները եւ դրանք ներկայացնել հանրությանը: Դա առանց Իրանի բավական դժվար կլինի անել՝ հաշվի առնելով, որ եթե Թեհրանը չմասնակցի հանդիպմանը, բավական մեծ հնարավորություններ կստեղծվեն հատկապես սիրիական այն խմբերի համար, որոնք շահագրգռված չեն Թուրքիայի հետ երկխոսության ընդլայնման հարցում: Վերլուծաբանները, ուշադրություն դարձնելով այն գործոնին, որ վերջին տարիներին Ռուսաստանն ու Իրանը մերձեցման քաղաքականություն են վարում, նշում են, որ դա կարող է օգնել նաեւ Սիրիայի հարցում երկխոսության շարունակմանն ու ընդլայնմանը: Ստացվում է, որ Թուրքիայի իշխանություններն այժմ հույսեր են կապում ՌԴ-ի հետ այն առումով, որ Մոսկվան ունեցած լծակների միջոցով Սիրիային կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ռուս-թուրքական համագործակցության այսպիսի օրինակները շատ են, մնում է հասկանալ, թե այժմ այդպիսի պայմանավորվածությունը ում կամ ինչի հաշվին է տեղի ունենում: Բացառված չէ, իհարկե, որ Ռուսաստանը հիմա բացառապես Էրդողանի պաշտպանության դիրքերում է, որովհետեւ առաջիկա նախագահական ընտրություններում նրա վերընտրությունն անչափ կարեւոր է Մոսկվայի համար:
Ինչ վերաբերում է իրանա-սաուդյան վերջին պայմանավորվածությանը, ապա դա գործոններից միայն մեկն է, որը կարող է հետագայում նպաստել, որպեսզի Սիրիայի շուրջ երկխոսությունը չմնա չորս երկրների մենաշնորհը: Պարսից ծոցի երկրները, որոնք ուշադիր հետեւում են Սիրիային, վերջին տարիներին հետեւողականորեն ընդլայնել են շփումները Սիրիայի ղեկավարության հետ եւ մեծացրել են օգնության ծավալը՝ գիտակցելով, որ ապագայում Սիրիայի վերակառուցումը կլինի արաբական պետությունների պատասխանատվությունը: