Երբ պարզվեց, որ մենք՝ մարդիկս, այնքան էլ խելացի չենք, ինչպես մեզ փորձում էր համոզել Բանականության երկրպագու Լուսավորության դարաշրջանը, մեր տեսակի «Homo Sapiens» անվանման կողքին դրվեց «Homo Faber»՝ ստեղծող մարդ անվանումը: Այս եզրը առաջինից ավելի հաջող չէր, որովհետեւ «faber»՝ ստեղծող են նաեւ շատ կենդանիներ: Նույնը կարելի է ասել նաեւ խաղալու վերաբերյալ. խաղում են բազում կենդանիներ: Ահա թե ինչու, կարծում եմ, «Homo Ludens»՝ խաղացող մարդը, նույնպես էական գործառույթ է հատկանշում, ինչպես ստեղծողը, եւ իրավունք ունի տեղ զբաղեցնելու «Homo Faber»-ի կողքին….
Խաղն ավելի հին է, քան մշակույթը, քանի որ «մշակույթ» հասկացությունը, որքան էլ անբավարար բնութագրված լինի, ամեն դեպքում ենթադրում է մարդկային հասարակություն, իսկ կենդանիները չեն սպասել մարդուն, որ նա իրենց խաղալ սովորեցնի: Այո՛, կարելի է վստահորեն ասել, որ մարդկային քաղաքակրթությունը «խաղ» ընդհանուր հասկացությանը ոչ մի էական հատկանիշ չի ավելացրել: Կենդանիները խաղում են ճիշտ այնպես, ինչպես մարդիկ: Խաղի բոլոր հիմնական գծերն արդեն առկա են կենդանիների խաղի մեջ….
Արդեն իր պարզագույն ձեւերում եւ կենդանիների կյանքում խաղն ավելին է, քան զուտ ֆիզիոլոգիական երեւույթ կամ ֆիզիոլոգիապես պայմանավորված ֆիզիկական հակազդեցություն: Խաղը, որպես այդպիսին, գերազանցում է զուտ կենսաբանական կամ, համենայն դեպս, զուտ ֆիզիկական գործունեության սահմանները: Խաղն իմաստալից գործառույթ է: Խաղի մեջ «խաղում» է, մասնակցում մի բան, որը վեր է գոյություն պահպանելու անմիջական մղումից եւ իմաստ է հաղորդում այդ գործողությանը:
Ամեն մի խաղ ինչ-որ բան նշանակում է: Եթե խաղը կյանքի կոչող այդ ակտիվ սկզբունքն անվանենք «ոգի», չափից շատ ասած կլինենք, եթե անվանենք «բնազդ»՝ նույնն է, թե ոչինչ չենք ասել: Ամեն դեպքում, ինչպես էլ այն դիտելու լինենք, խաղի համար այս «նպատակով» խաղի էության մեջ իսկ ի հայտ է գալիս մի ոչ նյութական տարր….
Յուրաքանչյուր խաղ նախ եւ առաջ ազատ գործողություն է: Հրամանով խաղն արդեն խաղ չէ: Ծայրահեղ դեպքում այն կարող է խաղի պարտադրված ընդօրինակումը լինել: Այս ազատության բնույթի շնորհիվ խաղն արդեն դուրս է գալիս բնական ընթացքի շրջանակներից: Խաղը կցվում է, ավելանում բնական ընթացքին, դրվում նրա վրա որպես զարդ:
Խաղը շռայլություն է: Խաղի անհրաժեշտությունը կարեւոր է միայն այնքանով, որքանով դրա համար ցանկություն է առաջանում: Ամեն ժամանակ խաղը կարող է հետաձգվել կամ էլ տեղի չունենալ: Ֆիզիկական կարիքը չէ, առավել եւս՝ բարոյական պարտականությունը, որ խաղալ է պարտադրում: Խաղն առաջադրանք չէ: Այն տեղի է ունենում «ազատ ժամանակ»….
Խաղը «սովորական» կամ «իսկական» կյանքը չէ: Խաղը դրանից դուրս ելնելն է հատուկ նպատակ ունեցող ժամանակավոր գործունեության ոլորտ: Անգամ փոքրիկ երեխան լավ գիտի, որ ինքը «միայն հենց այնպես» է անում, որ դա «միայն կատակի համար» է….
Խաղի այս «միայն»-ի մեջ թաքնված է ինչ-որ անլիարժեքության գիտակցում՝ «չարաճճիություն» ընդդեմ «լրջմտության», որն առաջնային է երեւում: Սակայն «միայն խաղալ» հասկացությունն ամբողջովին չի բացառում, որ այդ «միայն խաղալը» կարող է տեղի ունենալ ամենայն լրջությամբ, անգամ նվիրվածությամբ, որը փոխվում է ոգեւորության, եւ «միայն» որակումը միառժամանակ ամբողջությամբ վերանում է:
Խաղատարածության ներսում տիրում է ուրույն ու պարտադիր կարգ ու կանոն: Այստեղ անմիջապես տեսնում ենք խաղի մի նոր, է՛լ ավելի դրական գիծ, որ կարգ ու կանոն է ստեղծում եւ ինքնին կարգ ու կանոն է: Անկատար աշխարհում եւ խառնաշփոթ կյանքում խաղն ստեղծում է ժամանակավոր, սահմանափակ կատարելություն: Խաղի պարտադրած կարգ ու կանոնը բացարձակ է: Դրա ամենափոքր խախտումն իսկ խափանում է խաղը, հեռացնում իր բնույթից եւ արժեզրկում….
Խաղը կռիվ է ինչ-որ բանի համար կամ ցուցադրումն է ինչ-որ բանի: Այս երկու գործառույթները կարող են միավորվել այնպես, որ խաղը «ցուցադրում» է պայքար հանուն ինչ-որ բանի, կամ էլ այն մի մրցում է, թե ով կարող է ավելի լավ ցուցադրել ինչ-որ բան:
Խաղին ամենասերտ կերպով կապված է «հաղթանակ» հասկացությունը: Միայնակ խաղի ժամանակ նպատակին հասնելը դեռ հաղթել չէ: «Հաղթել» հասկացությունն ուժի մեջ է մտնում միայն, երբ խաղում են իրար դեմ…. Հաղթանակը մեծարանք է պարգեւում, արժանացնում հարգանքի…. Այն հարցը, թե դրանից հետո անհատը կամ խումբը կավելացնի՞ իր նյութական կարողությունը, թե՞ ոչ, մնում է միայն երկրորդ տեղում: Կարեւորը հաղթանակ նվաճելն է: Հաղթանակի ցնծության ամենամաքուր օրինակը, որ հնարավոր չէ տեսնել կամ ճաշակել խաղի ընթացքում, այլ միայն հաղթելիս, տալիս է շախմատը….