Երբ հոգեկան հիվանդությունը վերջնականապես մաշեց Նիցշեի մտավոր ուժերը, 1889 թվականին փիլիսոփան հասցրեց տեսնել իր գալիք փառքի միայն առաջին նշանները: Մահացավ 1900-ի օգոստոսի 25-ին՝ արդեն հռչակավոր դարձած: Տարեցտարի ընթերցողները հարաճուն լարվածությամբ սպասում էին նրա ժառանգության հերթական հատորի լույս ընծայմանը:
Սկզբնապես Նիցշեի ազդեցությունը մտքերի վրա շշմեցուցիչ էր. նա արդարացնում էր կյանքը հանուն կյանքի, նա դարձավ անկաշկանդվածության կանչող առաջնորդ, նա նրբակերտ բանաձեւեր էր առաջարկում ամեն մի ճաշակի համար, նա գրավում եւ դեպի իրեն էր բարձրացնում մարդուն՝ հնարավորություն ընձեռելով փոքրիշատե ճկուն մտքի տիրոջն իրեն հանճար զգալ: Բայց հենց այդ ժամանակ էլ նրա ազդեցությունը շատ ավելի խորքային եղավ: Քանզի բոլոր նրանց համար, ում մեջ ապրում էր փիլիսոփայության հանդեպ հետաքրքրությունը, որը չէր կարողանում բավարարվել այդ ժամանակ համալսարաններում դասավանդվող, այսպես կոչված՝ «գիտական փիլիսոփայությամբ», Նիցշեն վերադարձրեց նախասկզբնական եւ հավերժական խնդիրները:
Փիլիսոփայությունը, որ գրեթե վերածվել էր զուտ դատողական զբաղմունքի, վերստին դարձավ ամբողջական մարդու գործը: Երիտասարդությունը հրապուրվել էր Նիցշեով համատարած կերպով: Մասնագետ փիլիսոփաները քամահրանքով էին մոտենում նրան, որպես նորաձեւության մի պատահական սիրելիի, բնութագրում էին որպես բանաստեղծի եւ նրա մասին դասախոսություններ էին կարդում, որպեսզի ուսանողներին փրկեին այդօրինակ վարակից….
Նիցշեով 1890–1900-ական թվականներին խելահեղորեն հափշտակված որքան երիտասարդներ, հասունանալով, երես թեքեցին նրանից, համարելով նրան բոլորովին անտանելի: Բայց դա միայն նշանակում է, որ ինչպես ջահելության օրոք, այնպես էլ հասուն տարիքում նրանք Նիցշեին հավասարապես վատ են հասկացել:
Նիցշեն այսօր հասուն մարդկանց ընթերցելիքն է: Սրամտության կայծերով ցայտող մտավոր հրավառությունը, թեկուզ աչքի զարնող, այլեւս ոչ մեկին չի կարող գայթակղել. նրա անլուր չափազանցությունները, շփոթեցնող պարադոքսները վաղուց դարձել են համագործածական դարձվածքներ, ուստի եւ կորցրել են իրենց գրավչությունը: Այժմ տեսանելի է դարձել Նիցշեի անզուգական լրջությունը…. Բայց Նիցշեին հասկանալու համար հարկավոր է հաղթահարել մեր սեփական անմիջական ընկալումը, երբ ամեն ինչ թվում է այնքան գրավիչ, նաեւ առավելագույնս պարզ կամ առավելագույնս անհեթեթ. իսկ դա մեծ ու ծանր աշխատանք է:
Գլխավոր դժվարությունն այն է, որ այնտեղ, որտեղ մենք ակնկալում էինք գտնել փիլիսոփայական ուսմունք, մենք հայտնաբերում ենք բեկորների կույտ: Պատկառազդու հաստափոր հատորների հավաքածուն լցված է անվերջանալի թվով աֆորիզմներով, դիտարկումներով, գրառումներով, ակնարկներով, բանաստեղծություններով….
Նման քաոսայնության պատճառներից մեկը դյուրին է նշել. առնվազն 1874 թվականից մինչեւ մտքի վերջնական մթագնում՝ 1889 թվականին, Նիցշեն շարունակ հիվանդ է եղել: Իսկ մտածված եւ ձեւակերպված ամբողջական աշխատանքի ստեղծումը պահանջում էր հանգստություն, կենտրոնացվածություն եւ ամենօրյա համառ աշխատանք….
Չգրված այդ աշխատությունը նրա գրառումների մեջ պահպանված է որպես in statu nascendi: Ճիշտ է, դրանից նրանք մասամբ շահել են. այդ գրառումներում շնչում է նախասկզբնականության մոգական հմայքը: Բայց դրանցում շատ ավելին է քողարկված, քան թվում է. ով ջանք չի խնայի հիմնավորապես խորամուխ լինելու, կտեսնի, որ կցկտուր այդ գրառումների խայտաբղետության հետեւում կա բնավ էլ ոչ պատահական եւ անկապ մի բովանդակություն: Դրանք բոլորը կապված են ընդհանուր մտահղացմամբ, մեկ մտքով, որը դրանցից ոչ մեկն առանձին ամբողջությամբ չի հաղորդում….
Նիցշեի հիվանդությունը թուլացնում էր արգելակման բոլոր գործընթացները. տրամադրության կտրուկ փոփոխություններ, մի ծայրահեղությունից մյուսը թռիչքներ՝ հիացմունքի գագաթներից մինչեւ հուսահատության խորխորատներ, համառ միակողմանիություն, մե՛կ անբացատրելի մտավոր կուրություն, մե՛կ պատրանքներով մանկական հափշտակություն. սրանք զուտ հիվանդագին վիճակներ են: Նիցշե ուսումնասիրելիս՝ մենք իրավունք չունենք այս ամենի մասին մոռանալու: Մեր պարտականությունն է՝ պաշտպանել Նիցշեին իր նմանակից, պատնեշել այն բանից, ինչն իրականում Նիցշեն չէ:
Նա ինքն է կանոնավորել իր մտքերը, թեպետ այդ մասին ուղիղ չի ասել: Պահեր են եղել, երբ նա իսպառ մոռացել է արդեն ձեռքբերվածը եւ ամեն ինչ նորից է սկսել: Ամեն մի պահ վայր ընկնելով, շեղվելով դեպի քարացած ամրագրումն այն բանի, ինչն իրեն մի պահ թվացել է վերին աստիճանի ճշմարտություն, Նիշցեն իսկույնեւեթ ոտքի էր ելնում՝ լիովին պատրաստակամ նոր հնարավորությունների օգտագործման: Նա միշտ պատրաստ էր ակնթարթորեն դեն նետել հենց նոր կանգնեցրած մտավոր կառույցը:
Մեկնաբանությունը հնարավորություն է ընձեռում մեզ բեկորների կույտի մեջ պարզել այն դիալեկտիկական շարժումը, որի մեջ ներառված է Նիցշեի ամեն մի միտքն առանց բացառության, եւ շարժման շնորհիվ էլ հաղթահարվում է: Նրա փաստացիորեն առկա, թեպետ մեթոդապես զարգացում չստացած դիալեկտիկան իմաստավորում է նրա բոլոր, հաճախ այդքան ապշեցուցիչ դրույթները: Ճիշտ է, մնում է չլուծվող որոշ նստվածք՝ հիրավի անհեթեթ ձեւակերպումներ, բայց դրանց մեծ մասի թվացյալ անմտությունը ամբողջական համատեքստում իմաստ է ստանում….
Նիցշեն մի ամբողջ աշխարհ է: Հարկավոր է իմանալ նրա կյանքի հանգամանքները, նրա ընկերներին, նրա աշխարհագրական միջավայրը, այն ամենը, ինչ շրջապատել է նրան եւ վերածվել նրա համար առասպելի, մի ամբողջության, որից հետագայում ծնունդ են առել նրա լեզվական փոխաբերությունները, եւ որում ապրում են նրա տեսիլքներն ու մտքերը: Մենք այստեղ տեսարաններ ենք դիտում, որ լի են խորությամբ ու վեհությամբ, թեպետ ոչ առանց որոշակի թատերայնության. այստեղ շատ բան վագներյան բնույթի է, շատ բնութագրական է իր ժամանակի համար, որը կերպարավորում է Նիցշեին վատ սազող հագուստի նման:
Նիցշե կարդալիս հնարավոր չէ ստանալ միարժեք տպավորություն, որն այնքան ավելի հստակ դառնա, որքան ավելի խորանանք ընթերցման մեջ: Ընթերցելուն զուգընթաց նա ավելի ու ավելի գրավիչ է դառնում, միաժամանակ՝ ավելի ու ավելի վանող: Նրա մեծությունը, անտարակույս, աճում է, թեպետ նրա բնավորությունը մեր աչքի առաջ փոխվում է. մեծ իմաստուն կամ ստոր մարդ, բայց անվիճելիորեն մեծ: Ընթերցելուն զուգընթաց շատ բան զտվում է, թափվում շուրջը որպես փուտ ու փուչ բաներ: Տակը մնում է իրական մեծությունը՝ վստահություն ներշնչող լրջությունը, դարաշրջանի բուն էությունը թափանցելը, իսկ չէ՞ որ դա նաեւ մեր եւ ձեր դարաշրջանն է, վերջապես՝ մեծագույն ազնվությունը:
Նիցշերի փիլիսոփայությունը մեզ համար անփոխարինելի է, քանի որ հնարավորություն է տալիս զգալու իրական հիմնախնդիրները, եւ ոչ թե այն պատճառով, որ լուծում է դրանք: Նրա ամեն միտքը փորձություն է. ինքն էլ իր համար գործածել է երկիմաստ մի բառ՝ Versuchsphilosophie՝ «փորձարկիչ փիլիսոփայություն»: Մոլեգին արագությամբ փոփոխելով դիրքերը, վերաբերմունքը, տեսակետները, նա պտուտահողմի մեջ է առնում խեղճ ընթերցողին, որն անխուսափելիորեն խելքը կկորցնի, եթե նախապես օժտված չէ սեփական ինքնուրույնությամբ, եթե նրա էքզիստենցիան ի վիճակի չէ յուրացնելու Նիցշեի մտքերը՝ վերածելով դրանք իր «Եսի» մի մասի:
Այդ փիլիսոփայական հիպնոսին, դրա հմայությանը ենթարկվողը պետք է իսկույն փակի գիրքը. Նիցշե կարդալը նրան հակացուցված է: Բայց եւ նա, ով ունակ է չհափշտակվելու, նա էլ, եթե մի ակնթարթ իսկ կորցնի ամբողջականության ընկալումը, ոչինչ չի հասկանա Նիցշեից: Այստեղ հարկ կա ուշադրության եւ մշտական աչալրջության. ամբողջի անընդհատ որոնում, որի լույսով ամեն մի առանձին արտահայտություն պահանջում է ընկալում եւ ստուգում: Հարկ է նաեւ դիմադրել, որպեսզի թույլ չտաս քեզ ճնշել, բայց եւ պատրաստ լինես ներքին փոփոխության:
Հարկավոր է իմանալ Նիցշեին վերաբերվելու կերպը, բայց պետք է նաեւ իմանալ, որ ամենահմուտ մոտեցման պարագայում դուք նրանից ոչինչ վերջնական չեք իմանալու: Փիլիսոփայելու նրա եղանակը դեռ գտնվում է հասկացական հստակությունից անդին, թեպետ աշխատում է այդ շեմքն անցնել: Եվ այդ լույսով տակավին դեռ չողողված խավարի մեջ կարող են հրեշավոր վտանգներ թաքնված լինել….
Նիցշեի հետ հարաբերությունները ճշտելու խնդրի առաջ անխուսափելիորեն կանգնում է նա, ով այսօր փորձում է փիլիսոփայել…. Նիցշեին ըմբռնելու համար հարկավոր է նախապես սովորել փիլիսոփայորեն մտածել, բայց Նիցշեից հնարավոր չէ փիլիսոփայորեն մտածել սովորել. այստեղ մեծ փիլիսոփաներն են կարեւոր, ովքեր ունակ են, այսպես ասած՝ «մեկ շնչով» մտածելու, օժտված են խորաթափանց, կենտրոնացած հայացքով եւ ոչ մի ակնթարթ աչքաթող չեն անում իրենց իմացության համակողմանիորեն բացահայտված սկզբունքները….
Փիլիսոփայելու հիմքը նախկինի պես ավանդույթին հետեւելն է. առանց ուսումնասիրելու Պլատոնին, Կանտին եւ մյուս մեծերին, դուք մի քայլ անգամ չեք անի: Բայց որքան էլ դուք նրանց ուսումնասիրեք, փիլիսոփայությունը ձեզ համար չի դառնա գործունակ եւ իրական ուժ առանց Նիցշեի….
Հատված Կ. Յասպերսի «Նիցշեի տեղը
փիլիսոփայության պատմության մեջ» հրապարակումից
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ