Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք համընդհանուր ընտրությունների ելքը կորոշեն երիտասարդությունն ու չկողմնորոշվածները: Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն՝ հենց ընտրողների այդ հատվածից է կախված, թե արդյոք երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա՞ շրջանցել իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Լրացուցիչ աջակցություն ստանալու համար թուրքական քաղաքական գործիչները տարբեր միջոցներ են օգտագործում: Երկրի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն անսպասելիորեն հերքել է Էրդողանի այն հայտարարությունը, թե ապրիլի 27-ին Պուտինին սպասում են Թուրքիայում: Թուրքական այժմյան քաղաքականության մեջ ամեն բան, իհարկե, ստորադասվում է մեկ ամիս անց կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին:
Նախընտրական քարոզարշավը մտնում է վճռորոշ փուլ: Ընտրական բարձրագույն հանձնաժողովն ապրիլի 11-ին ավարտել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու թեկնածուների դիմումների ուսումնասիրությունը՝ ճշտելու, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են օրենքին: Ձեւավորվել են նախընտրական ցուցակներ: Խորհրդարան մտնելու համար հիմնական պայքարը կծավալվի ընդդիմադիր «Ազգային դաշինքի» կամ, ինչպես հաճախ նշվում է, «Վեցի սեղանի» եւ նախագահամետ դաշինքի միջեւ, որը գլխավարում է Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Ըստ այդմ՝ նախագահական ընտրություններում երկու հիմնական թեկնածու կա՝ «Վեցի սեղանի» առաջնորդ Քըլըչդարօղլուն եւ նախագահ Էրդողանը:
«Հուրիեթ» թերթը երեքշաբթի հրապարակել է նոր հարցման արդյունքները, որն անցկացրել է Թուրքիայում ամենահեղինակավոր «Optimar» սոցիոլոգիական ծառայությունը: Ըստ դրա՝ Քըլըչդարօղլուն ու Էրդողանը գրեթե հավասար հնարավորություններ ունեն: Էրդողանի օգտին արտահայտվել է հարցման ենթարկվածների 45.9 տոկոսը, Քըլըչդարօղլուի օգտին՝ 43.9 տոկոսը: Այս տարբերությունը, ըստ «Optimar»-ի, պահպանվում է արդեն երկու ամիս: 53.4 տոկոսը վստահ է, որ Էրդողանը կվերընտրվի: Իսկ Քըլըչդարօղլուի հաղթանակին հավատում է 42.1 տոկոսը: Միեւնույն ժամանակ սոցիոլոգիական բոլոր ծառայությունները, նույնիսկ նրանք, որոնք բացահայտ աջակցում են որեւէ թեկնածուի, միաձայն պնդում են, որ չկողմնորոշված ընտրողները շատ են, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող երիտասարդների թիվն այս անգամ բարձր է, ինչպես երբեք: Այս գործոններն անկանխատեսելի են դարձնում ընտրությունների արդյունքները:
Նախընտրական տեսանկյունից արժե դիտարկել թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները, մասնավորապես՝ «A-Haber» հեռուստաալիքին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի տված աղմկահարույց հարցազրույցը։ Բուն Թուրքիան եւ, իհարկե, երկրի արեւմտյան հարեւանն առավել հաճախ ուշադրություն են դարձնում Հունաստանի դեմ ելույթին, որն արել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Նա կրկին հիշեցրել է, որ Էգեյան ծովում կան վիճելի տարածքներ՝ «անորոշ ինքնիշխանությամբ»։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո երկու երկրների իշխանությունները ոչ հրապարակայնորեն խոստացել են զերծ մնալ միմյանց վրա հարձակումներից։ «Երկրաշարժի դիվանագիտությունն» արդեն ավարտվել է: Էրդողանը պայքարում է ազգայնական թուրքերի քվեների համար, ովքեր արտաքին քաղաքականության մեջ կոշտության կողմնակից են, եւ չկողմնորոշվածների մեջ նրանց թիվը մեծ է։ Այդ իսկ պատճառով նա չի ցանկանում մեղմություն ցուցադրել Հունաստանի նկատմամբ։
Թուրքիայի ղեկավարը միեւնույն ժամանակ չի ուզում զայրացնել գլխավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին: Ռուսաստանյան լրատվամիջոցները ձգտում են դրանով բացատրել Չավուշօղլուի հարցազրույցի մի հատվածը: Վերջինս հայտարարել է, որ ներկա պահին չի պլանավորվում Էրդողանի այցը Ռուսաստանի Դաշնություն, ոչ էլ Պուտինի այցը՝ Թուրքիա: Դա չի համապատախանում Էրդողանի խոսքերին, ով մարտի վերջին հայտարարել է, որ, հնարավոր է, Ռուսաստանի նախագահը նույնպես ներկա կլինի «Ակկույու» ատոմակայանի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի բավարարվել է խոտումով՝ ավելի ուշ տեղեկացնելու, թե ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը բացման արարողության ժամանակ: Բայց, դատելով Չավուշօղլուի խոսքերից, Պուտինին Թուրքիայում չեն սպասում նվազագույնը մինչեւ համընդհանուր ընտրությունները: «Նեզավիսիմայա գազետան», հաշվի առնելով, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի ու Քըլըչդարօղլուի հանդիպումից հետո Էրդողանի ու Նահանգների հարաբերությունները սրվել են, նման զգուշավորությունը միանգամայն տրամաբանական է համարում:
Ընդդիմության առաջնորդը, իր հերթին, մոտ ժամանակներս կկենտրոնանա մի շարք խնդիրների լուծման վրա: Դրանցից ամենակարեւորները «Վեցի սեղանի» միասնության ապահովումն է եւ դաշնակիցների փնտրտուքը: Ընտրություններում վճռորոշ ձայն կարող է ապահովել քրդամետ ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը, որը նախագահի թեկնածու չի առաջադրել: «MetroPoll»-ի հարցման տվյալներով՝ քրդական շրջաններում ընտրողների մոտ 80 տոկոսը պատրաստ են պաշտպանել Քըլըչդարօղլուին: Սակայն եթե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հանդես գա նրա դեմ, քրդերը, ամենայն հավանականությամբ, պարզապես չեն քվեարկի: Քըլըչդարօղլուի վստահ հաղթանակի համար բավարար չէ այդ կուսակցության չեզոքությունը՝ հօգուտ նրա: Իսկ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ դաշինքը կարող է վախեցնել ազգայնական ընտրողներին: Մինչեւ ընտրությունները մեկ ամիս է մնացել, եւ Քըլըչդարօղլուն պետք է լուծի այդ բարդ երկըտրանքը:
Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քաղաքական 26 կուսակցություններ են հայտեր ներկայացրել խորհրդարանական ընտրություններում: Իշխող «Ժողովրդական դաշինքի» յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր սեփական ցուցակը, մինչդեռ հիմնական ընդդիմադիր բլոկը՝ «Ազգային դաշինքը», ընտրություններին կմանակցի երկու կուսակցության ցուցակով:
Դեռ մեկ ամիս առաջ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էին թուրքական 35 քաղաքական շարժումներ, սակայն վերջնարդյունքում միայն 26-ը հասցրեցին կազմել իրենց ցուցակները եւ ներկայացնել Թուրքիայի ընտրական մարմնին:
Եթե կուսակցությունների հարցում ամեն բան արդեն որոշված է, ապա բաց է մնում պատգամավորների թեկնածուների հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմետ Յենարի խոսքով՝ խորհուրդը կպարզի՝ արդյոք հավակնորդները համապատասխանո՞ւմ են օրենքի պահանջներին, ապա որոշում կկայացնի:
Ավելացնենք, որ ոչ բոլոր քաղաքական շարժումներն են ընտրություններին մասնակցելու իրենց անվանումներով ու խորհրդանշաններով: Նրանցից ոմանք ընդգրկվել են ավելի հանրահայտ կուսակցությունների շարքում, քանի որ ինքնուրույն չեն կարող հաղթահարել ընտրական 7 տոկոսի շեմը: