Գիտական կամ փիլիսոփայական ամեն մի հիմնախնդրի լուծման նույնիսկ անհաջող փորձը, եթե դա ազնիվ եւ անկեղծ փորձ է, ինձ համար ավելի կարեւոր է, քան «Ի՞նչ է գիտությունը» կամ «Ի՞նչ է փիլիսոփայությունը» տեսակի հարցերի քննարկումը….
Ուզում եմ մեկ էլ կրկնել իմ այն պնդումը, թե փիլիսոփան պարտավոր է փիլիսոփայել, նա պետք է փորձի լուծել փիլիսոփայական խնդիրներ, ոչ թե խոսի փիլիսոփայության մասին…. Տվյալ դեպքում իմ ձգտումը` խոսել փիլիսոփայության մասին, այլ ոչ թե փիլիսոփայել, որոշ չափով արդարանում է այն հույսով, թե դա հարմար առիթ կլինի նաեւ փոքր-ինչ փիլիսոփայելու….
Փիլիսոփայական ճշմարիտ հիմնախնդիրները միշտ գոյանում են փիլիսոփայությունից դուրս առաջացած հիմնախնդիրներից եւ մահանում են, երբ այդ կապը կտրվում է: Փիլիսոփայական հիմնախնդիրներ լուծելու իրենց ջանքերի մեջ որոշ փիլիսոփաներ մշակում են փիլիսոփայական մեթոդի նման մի բան կամ էլ հաջողության հասնելու հատուկ հնարքներ, մինչդեռ նման մեթոդներ կամ հնարանք գոյություն չունեն: Փիլիսոփայության մեջ մեթոդներն էական չեն, ամեն մի մեթոդ էլ արդարացված է, եթե հանգեցնում է ռացիոնալ քննարկման արժանի որեւէ արդյունքի: Կարեւոր են ոչ թե մեթոդները, այլ հիմնախնդիրների հանդեպ նրբա-զգացությունը եւ դրանք լուծելու ցանկությունը, կամ, ինչպես ասում էին հույները, զարմանալու ունակությունը:
Մենք լիովին արդարացիորեն «ֆիզիկական» ենք համարում այն հիմնախնդիրը, որն առնչվում է ավանդաբար ֆիզիկոսների քննարկման տիրույթում գտնվող հիմնախնդիրներին եւ տեսություններին (օրինակ՝ մատերիայի կառուցվածքի հիմնախնդիրը), անգամ երբ դրա լուծման մեթոդները զուտ մաթեմատիկական են լինում: Եվ ճիշտ նույն կերպ որեւէ հիմնախնդիր լիակատար իրավունքով կարող է անվանվել «փիլիսոփայական», եթե նույնիսկ պարզվում է, որ այն նախապես գոյացել է, դիցուք, ատոմային էներգիայի առնչությամբ, բայց շատ ավելի սերտորեն կապված է եղել փիլիսոփայության հիմնախնդիրների եւ տեսությունների հետ, քան այն տեսությունների, որոնցով այսօր ֆիզիկոսներն են զբաղվում: Եվ դարձյալ բնավ կարեւոր չէ, թե ինչ բնույթի մեթոդներ ենք օգտագործում նման հիմնախնդիրները լուծելիս: Տիեզերաբանությունը, օրինակ, մշտապես առաջացնելու է փիլիսոփաների սեւեռուն ուշադրությունը, թեպետ դրա որոշ մեթոդներ շատ մոտիկ են այն բանին, որ կոչվեն «ֆիզի-կա»….
Մատերիայի անտեսանելի կառուցվածքի մասին գաղափարը պատկանում է ֆիզիկայի՞ն, թե՞ փիլիսոփայությանը: Եթե ֆիզիկոսը լոկ գործում է տվյալ տեսության հունով` ելնելով սեփական հիմնախնդրային իրավիճակից, եւ այդ ընթացքում ստեղծում է մատերիայի կառուցվածքի նոր որոշակի տեսություն, ապա ես նրան չեմ կարող անվանել «փիլիսոփա»: Բայց եթե նա մտորում է բուն այդ գաղափարի շուրջ եւ, դիցուք, մերժում է այն (Բերկլիի կամ Մախի պես), գերադասելով ֆենոմենոլոգիական կամ պոզիտիվիստական ֆիզիկան տեսական եւ մասամբ նպատակաբանական մոտեցումից, ապա նրան հնարավոր է «փիլիսոփա» անվանել: Ճիշտ նույն կերպ, նա, ով գիտակցաբար ընտրում է տեսական մոտեցումը, մշակում է այդ տեսությունը, արտահայտելի ձեւակերպում, նա դրանով իսկ վարկածային եւ արտածական մեթոդը փոխադրում է նպատակաբանությունից դեպի ֆիզիկա, ուստի նա փիլիսոփա է, թեկուզ որպես ֆիզիկոս ձգտում է ստեղծել մատերիայի անտեսանելի կառուցվածքի որոշակի տեսություններ:
Փիլիսոփայական տեսության տիպիկ օրինակ է Կանտի ուսմունքը փորձարարական աշխարհում դետերմինիզմի մասին: Թեպետ Կանտը հոգում ինդետերմինիստ էր, սակայն «Գործնական բանականության քննադատության» մեջ նա ասել է, որ հոգեկան եւ ֆիզիոլոգիական պայմանները, ինչպես նաեւ շրջապատող միջավայրի մասին լիակատար իմացությունը մեզ հնարավորություն կընձեռեին կանխատեսելու մեր ապագան նույն ճշգրտությամբ, որով մենք կանխատեսում ենք արեգակնային եւ լուսնային խավարումները….
Փիլիսոփայական հիմնախնդրի բացահայտումը երբեմն կարող է լինել վերջնական. դա արվում է մեկընդմիշտ: Բայց փիլիսոփայական հիմնախնդրի լուծումը երբեք չի լինում վերջնական: Այդ լուծումը չի կարող հենվել վերջնական ապացուցման կամ վերջնական հերքման վրա, քանզի փիլիսոփայական տեսություններն անհերքելի են: Նման լուծումը չի կարող հենվել նաեւ փիլիսոփայության մարգարեների մոգական բանաձեւերի վրա: Բայց ամեն մի լուծում հենվում է հիմնախնդրային իրավիճակի, դրա հիմքում եղած ենթադրությունների եւ լուծման հնարավոր եղանակների գիտակցական եւ քննադատական վերլուծության վրա….
Փիլիսոփայի խնդիրներից մեկը եւ նրա գերագույն նվաճումներից մեկն այն է, որ առեղծվածը, հիմնախնդիրը, պարադոքսը տեսնի այնտեղ, որտեղ ոչ ոք ավելի վաղ չի նկատել: Դա նույնիսկ ավելի մեծ նվաճում է, քան առեղծվածի լուծումը: Նոր հիմնախնդիրը նկատող եւ ըմբռնող փիլիսոփան մեզ դուրս է հանում ծուլության եւ բարեհոգության վիճակից: Նա այն է անում, ինչն արեց Հյումը Կանտի համար. արթնացնում է «դոգմատիկական քնից»: Նա նոր հորիզոններ է պարզում մեր առջեւ:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ