Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ավարտվեց միջազգային հարաբերությունների երկբեւեռ համակարգը, Չինաստանը դարձավ միջազգային համակարգի կարեւոր առանցքներից մեկը։ Ներկայումս զգացվում է այդ երկրի աճող ներկայությունն ու ազդեցությունը աշխարհաքաղաքական փոփոխությունների վրա, ինչը դրսեւորվում է նախեւառաջ տնտեսական ազդեցության լծակների, ինչպես նաեւ «փափուկ ուժի» տարբեր գործիքների կիրառմամբ։ Նախօրեին Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի ազգային կոմիտեի նախագահ Վան Հունինգը խորհրդատվական հանդիպման ժամանակ կոչ էր արել կրկնապատկել ջանքերը՝ չինական մշակույթն ամբողջ աշխարհում ավելի արդյունավետ տարածելու համար։ Չինական կողմը հրաշալի գիտակցում է, որ նոր աշխարհակարգում առաջատար լինելու համար բավարար չեն միայն տնտեսական եւ «փափուկ» ուժի ընձեռած հնարավորությունները։ Դրանցից բացի, անհրաժեշտ է ապահովել չինական քաղաքակրթության, նրա արժեհամակարգի, գաղափարական-մշակութային բաղադրիչների գրավչության մեծացումը։
Թեեւ Չինաստանը նախընտրում է ներկայիս միջազգային համակարգի պահպանումը «խաղաղ համակեցության» սկզբունքների հիման վրա, սակայն վերջին շրջանում արտաքին քաղաքականության մեջ նկատելի է դառնում քաղաքական պրոակտիվ կեցվածքը։ Հիշեցնենք, որ փետրվարին Չինաստանը հրապարակել էր Գլոբալ անվտանգության նախաձեռնության իր հայեցակարգը, որը ներառում է այդ երկրի համար ընդունելի համաշխարհային անվտանգության վեց հիմնական սկզբունքները։ Դրանով ցանկանում է առաջատար դիրքերում մնալ փոփոխվող աշխարհում՝ ներկայացնելով չինական մոտեցումներն ու սկզբունքները։ Առաջնահերթ քայլերի շրջանակներում Չինաստանը ձգտում է համագործակցային սերտ հարաբերություններ պահպանել եւ զարգացնել տարածաշրջանային երկրների հետ։ Ի դեպ, այսօր Սիան քաղաքում մեկնարկել է «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովը, որը ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Դայ Բինի գնահատմամբ՝ կարեւոր քայլ է Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ ընդհանուր ապագայի վրա կենտրոնանալու եւ ընդհանուր ճակատագիր ունեցող համայնք ստեղծելու ճանապարհին: «Գագաթնաժողովը նոր գլուխ կբացի Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարաբերություններում, նոր հնարավորություններ կբերի եւ նոր խթան կհաղորդի Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Դայ Բինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Կենտրոնական Ասիայում խաղաղության, վստահության եւ համագործակցության գոտու հարցի քննարկման ժամանակ։ Նկատենք, որ Չինաստանը բավական սուր է ընդունում ոչ տարածաշրջանային պետությունների կողմից միջամտության փորձերը՝ համարելով, որ «արտաքին ուժերի միջամտությունը Կենտրոնական Ասիայի ներքին գործերին տարածաշրջանում ստեղծում է քաոս եւ անկարգություններ»։ Դայ Բինը նաեւ հայտարարել է, որ Չինաստանը կհամագործակցի տարածաշրջանի երկրների հետ՝ ուժեղացնելու պայքարը «չարի երեք ուժերի»՝ ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության դեմ։ Դրա շրջանակներում առաջարկում է Կենտրոնական Ասիայի երկրներին իր աջակցությունը սահմանային վերահսկողության եւ իրավապահ ոլորտում։
Այդպիսով՝ Չինաստանը ձգտում է «փափուկ ուժի» գործիքակազմի օգնությամբ իր գերական դիրքն ապահովել Կենտրոնական Ասիայում, ինչը «անվտանգ գոտի» կստեղծի առնվազն արեւմտյան կողմից։ Դրա հետեւանքով Չինաստանը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը։ Ինչ խոսք, զարգացումները պայմանավորված չեն լինի միայն չինական գործոնով։ Կարեւոր ազդեցություն կունենան տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ թյուրքական գործոնն ու ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը։ Այդ առումով ուշադրության է արժանի երեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի այցը Թայվան։ Նա կղզի է ժամանել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամի կարգավիճակով եւ կմնա այնտեղ մինչեւ մայիսի 20-ը։
Թրասը այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ գործարար եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Ելույթ ունենալով Թայբեյում «Prospect Foundation» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը կոչ է արել ստեղծել «ՆԱՏՕ-ի տնտեսական տարբերակը» Չինաստանին հակազդելու համար: Այստեղ ակնհայտ են Չինաստանի տնտեսական ներուժի դեմ պայքարելու բրիտանա-ամերիկյան նույնական մոտեցումները։ Թրասը հիշեցրել է, որ «սառը» պատերազմի ժամանակ գործել է կոմիտե, որը կարգավորել է ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Բրիտանիայի նախկին վարչապետը մանրամասնել է, որ նման կազմակերպության առկայությունն անհրաժեշտ է Չինաստանի նկատմամբ այնպիսի հարցերի շուրջ ընդհանուր քաղաքականություն մշակելու համար, ինչպիսիք են տեխնոլոգիաների արտահանումը, առեւտուրը եւ ներդրումները: Նշենք, որ տեխնոլոգիաների զարգացումը Չինաստանի տնտեսության առաջատար ուղղություններից է, մասնավորապես՝ նախագահ Սի Ծինփինի «Չինական երազանքի» շրջանակներում նախատեսվում է մինչեւ 2035 թ. առաջատար դառնալ նորարարության ոլորտում։ Չինաստանի հավասարակշռված քաղաքականությունը եւ նպատակների հստակ թիրախավորումը առայժմ հնարավորություն են ընձեռում պահպանել եւ զարգացնել ձեռք բերված նվաճումները։