Բալկաններում, մասնավորապես Արեւմտյան Բալկաններում, Միացյալ Նահանգները հետեւողական է ռուսական ազդեցության դեմ պայքարելու առումով։ «Փափուկ ուժի» հնարավորությունները թույլ են տալիս ավելի արդյունավետ գործել ազդեցության լծակներն ամրապնդելու եւ ընդլայնելու համար։ Դրան նպաստում են երկարատեւ հակամարտությունները, չլուծված կամ անարդարացի լուծված ազգամիջյան խնդիրները, որոնց պատճառով Բալկանները շարունակում են խոցելի մնալ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է օրենսդիրներին հաջորդ ֆինանսական տարում, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից, բյուջեից հատկացնել 108 միլիոն դոլար Արեւմտյան Բալկաններում Ռուսաստանի «կործանարար ազդեցության» դեմ պայքարելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ղեկավարի օգնական Էրին Մաքքին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը «դուրս է գալիս Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի սահմաններից», եւ Մոսկվան «ձգտում է օգտագործել Արեւմտյան Բալկաններում տեղական պառակտումները»։ Պարզ է, որ խորհրդային շրջանի տնտեսական, քաղաքական, գաղափարական արձագանքները դեռ զգացվում են այդ տարածաշրջանում։
Արեւմուտքի համար խնդիրը միայն Սերբիան չէ, որը փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Նախօրեին ուշագրավ հայտարարություն է արել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Ծովափնյա Շիբենիկ քաղաքում կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ Եվրամիությանն անդամակցելու 10 տարվա ընթացքում Խորվաթիան մեծ առաջընթաց չի գրանցել, եւ ժամանակն է դադարեցնել ԵՄ-ի իդեալականացումն ու երկրպագումը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի արդարացրել այն ակնկալիքները, որոնց համար խորվաթները բավականաչափ պայքարեցին։ Խոսքը վերաբերում է Խորվաթիայի ազգային շահերին։ Երկրի նախագահը ժողովրդավարական չի համարում ԵՄ մեխանիզմները։ «Խաղաղությունն ու պատերազմը որոշում են մարդիկ, ովքեր չեն ընտրվել, եւ նրանք չեն հարցնում ազգերի կարծիքը,- ասել է նա, ապա հավելել.- Այդ իսկ պատճառով ես անընդհատ կոչ եմ անում, որպեսզի պետական, նյութական շահերը, սեփական ազգի կարգավիճակը, այդ թվում՝ Բոսնիա եւ Հերցեգովինայում, ավելի անմիջական եւ համարձակ ներկայացվեն»։
Այս տարվա հունվարի 1-ից Խորվաթիան դարձել է Շենգենյան գոտու անդամ եւ միացել եվրագոտուն։ Ի դեպ, 2023 թ. հունվարին Զորան Միլանովիչն ավելի համարձակ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Ղրիմն այլեւս երբեք չի լինի ուկրաինական, իսկ Մոսկվային դեռեւս 2014-ից փորձում են սադրել ռազմական գործողությունների դիմելու համար:
Նորություն չէ Սերբիայի ընդգծված լոյալ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Սերբիայի նախագահը Անվտանգության խորհրդի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իր երկիրը թեեւ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նա հայտարարել էր նաեւ, որ հանրապետությունը ժամանակավորապես դադարեցնում է բանակի եւ ոստիկանության զորավարժությունները բոլոր օտարերկրյա գործընկերների հետ։ Շաբաթվա սկզբին Ալեքսանդր Վուչիչը «RTS» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցներ չեն կիրառի, քանի դեռ կարողանում են ինքնուրույն քաղաքականություն վարել։ Իսկ երբ այլեւս չկարողանան, խոստացել է այդ մասին տեղեկացնել երկրի քաղաքացիներին։ Մեկ անգամ չէ, որ Վուչիչը խոսել է Սերբիայի վրա Արեւմուտքից ուժեղ ճնշումների մասին։ Ավելի վաղ՝ մայիսի 22-ին, Եվրամիությունը զգուշացրել էր Սերբիային, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն անհամատեղելի են եվրաինտեգրման ճանապարհին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստից հետո։ Հանդիպման շրջանակներում աշխատանքային ճաշի ժամանակ նա հորդորել է Արեւմտյան Բալկանների պետությունների արտգործնախարարներին «օգտվել Ուկրաինայով պայմանավորված ԵՄ արագ ընդլայնման գործընթացից»։ Բորելը Բելգրադից պահանջել է արագ կատարել Կոսովոյի ինքնահռչակ Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման պահանջները։
Հանրային տրամադրությունները փոխելու եւ դրանով երկրների ղեկավարությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով կիրառվում են երկարատեւ, սակայն ավելի արդյունավետ միջոցները։ Այդ նպատակին կարող է ծառայել ԱՄՆ նախագահի 108 միլիոն դոլարի խնդրանքը, որը պետք է ուղղվի «Արեւմտյան Բալկաններում ժողովրդավարական, ինչպես նաեւ տնտեսական ոլորտներում ինտեգրման ամրապնդման, երկրների միջեւ կայունության եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման համար»։ Ըստ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի օգնականի՝ Բայդենը 31 միլիոն դոլար է խնդրել Բոսնիայում եւ Հերցեգովինայում «ռուսական ազդեցությունը մեղմելու համար»։ Իրականում խնդիրն այն է, որ բալկանյան այդ երկիրը հետաքրքրություն է ներկայացնում Եվրոպայի բնական գազի հարավային ճանապարհի առումով։
Ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում կիրառվում են բոլոր միջոցները. գաղափարական-քաղաքակրթական շղարշի տակ իրականում առաջ են մղվում տնտեսական, էներգետիկ հետաքրքրությունները։ Գործիքները բազմազան են՝ կոշտ հակադրությունից մինչեւ «փափուկ ուժի» օգտագործում։ Վերջին կետով Ռուսաստանը զիջում է Արեւմուտքին, երբ չի օգտվում կամ բավարար չի կարողանում օգտագործել այդ գործիքը։ Առճակատումը՝ մի տեղ «բաց»՝ ռազմական, տնտեսական, գաղափարական հարթություններում, մեկ այլ տեղ՝ քողարկված, ի վերջո, ստիպելու է շահերի բախման կիզակետում հայտնված երկրներին ընտրել այս կամ այն ճամբարը։ Չեզոք մնալու կամ արտաքին հավասարակշռված քաղաքականություն վարելու հնարավորություն չի տրվելու։