Հայոց վաղնջական պատմության էջերում քիչ չեն ազգընտիր այն հոգեւորականները, ովքեր նվիրական գործունեությամբ փառավորել են իրենց անունը, երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին հանդես եկել որպես իմաստուն ու խորագետ առաջնորդ, հարկ եղած դեպքում՝ մի ձեռքին խաչ, մյուսին՝ սուր, զինվորագրվել ու մարտնչել ընդդեմ ոսոխի: Իսկ խաղաղության պայմաններում տաճարներ են հառնեցրել, հիմնել կրթարաններ, մագաղաթել պատմություն, քարոզել սեր ու միաբանություն, քրիստոնեավայել անաղարտ վարք ու բարք, եղբայրակցություն, միաբանություն ու նվիրում՝ առ սրբազան հայրենիք:
Այդ խնկելի դեմքերից է Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին՝ Հովհաննես Եղիկյան ավազանական անուն-ազգանունով: Նրա շքեղ հուշարձանը զարդարում է հայահոծ Ջավախքի կենտրոն Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակը եւ ընկալվում որպես ուխտավայր: Թե ինչով է պայմանավորված մանավանդ ջավախքահայության նման ակնածալից վերաբերմունքը աստվածաշնորհ հոգեւորականի հանդեպ՝ դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ՝ գանք հեռվից. Արեւմտյան Հայաստանի՝ առավելապես ռազմական առանցքային կենտրոն համարվող Կարին-Էրզրումում է ծնվել Գրիգոր եւ Արեգնազ Եղիկյանների օրհնյալ զավակը: Սովորել է Ակնի հոգեւոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի մոտ, այնուհետեւ Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն եւ տարբեր լեզուներ: 1801-ին ուսյալ կարնեցին վարդապետ է ձեռնադրվել Ակնում, ապա նշանակվել Կարնո եւ Ակնի վիճակների վանքապատկան կալվածքների հոգաբարձու, իսկ յոթ տարի անց՝ Կարնո հոգեւոր թեմի առաջնորդ: 1811-ին Եփրեմ Ա Ձորագեղցին նրան շնորհում է արքության պատիվ ու տիտղոս: Դա նրան հնարավորություն է տալիս ընդարձակելու իր գործունեության շրջանակները՝ ծավալում է տնտեսական, հոգեւոր, մշակութային ակտիվ աշխատանք, հիմնում իր անունը կրող Կարապետյան վարժարանը: Ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ, մտահոգ իր ժողովրդի ճակատագրով, Բագրատունի սրբազանը հնարավորինս աջակցում է ռուսական զորքին ու արքունիքին՝ 1829 թ. Էրզրումի գրավման ժամանակ: Ցավոք, այդ հաղթանակի պտուղն ի չիք էր դառնալու, եւ փլուզվելու էին հայության հույսերը. նույն թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանուպոլսի պայմանագրով Էրզրումի, Բայազետի եւ Կարսի նահանգները վերադարձվում են թուրք ենիչերիներին: Թեմական առաջնորդը, քաջ ճանաչելով ոխակալ թշնամուն եւ երկյուղելով սելջուկ-բորենիների վրեժխնդրությունից, Էրզրումի եւ շրջանի հայության անունից, 29 ճանաչված ու պատվավոր քաղաքացիների հետ, ռուսական բանակի գլխավոր հրամանատար Պասկեւիչին է ներկայացնում խնդրագիր՝ հայցելով թույլտվություն տեղի հայերին գաղթելու Ռուսական կայսրության սահմանները: Բարեբախտաբար, խնդրագիրը չի մերժվում: Եվ հեռատես սրբազանի հորդորով ու առաջնորդությամբ 1830-ի մայիսին հարազատ բնօրրանից՝ Էրզրումից, շրջակա հարյուրավոր գյուղերից ու շեներից 7298 ընտանիք՝ շուրջ 50 հազար հայ գաղթում եւ բնակություն է հաստատում Ջավախքում՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Ծալկայում, նաեւ՝ Լոռի-Փամբակում, Գյումրիում, Շորագյալում: Կարապետ Բագրատունու ջանքերով Էրզրում քաղաքի եւ մերձակա գյուղերի վանքերից եւ եկեղեցիներից հավաքվում, Ախալցխա են տեղափոխվում հոգեւոր-մշակութային արժեքներ ու գանձեր՝ եկեղեցական սպասք, հոգեւոր գրքեր, հնօրյա եզակի ձեռագրեր, հանրահայտ «Ծուղրութի ավետարանը»: Դրանց համար ապահով հանգրվան է դառնում Ախալցխայի նորակառույց Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սրբազանի աջակցությամբ եւ ջանադիր մասնակցությամբ են ստեղծվում Ախալցխա քաղաքի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, հարյուրից ավելի գյուղեր Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ վաթսուն եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը, Ախալքալաքի Սուրբ Մեսրոպյան արական կրթօջախը, ազգապահ ու ազգաշահ այլ հաստատություններ:
Վիրքի այդ տարածաշրջանները վերաշնչավորած ազգընտիր հոգեւորականը 1837 թ. հունվարի 20-ին նշանակվում է Վրաստանի եւ Իմերեթի հայոց թեմի առաջնորդ: Նույն տարվա սեպտեմբերին մեծ հեղինակություն վայելող սրբազանը վրաց մայրաքաղաքում դիմավորում է Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարին, տեսակցություն ունենում ռուսաց գահակալի հետ եւ իր համայնքներում բոլորանվեր գործունեության համար արժանանում Նորին կայսերական մեծության բարձր գնահատանքին: Ավելին՝ ընդառաջելով հոգեւոր առաջնորդի խնդրանքին՝ ցարը արտոնություն է տալիս հայ գաղթականներին, որ ամբողջ մեկ տարի հարկ չվճարեն պետությանը: Այնուհետեւ այդ ժամկետը զգալիորեն երկարացվում է: Իր մատուցած բազմաթիվ ծառայությունների համար ռուսական կայսրության կազմի մեջ մտնող տարածաշրջանի լուսամիտ հոգեւոր առաջնորդը արժանանում է Սուրբ Աննա շքանշանի: Սա պետական բարձրագույն գնահատանք էր եռանդուն սրբազանին:
Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, որ մինչեւ իր երկրային կյանքի ավարտը մտահոգ էր հազարամյա բնօրրաններից գաղթած հավատավոր իր արյունակիցների հոգսերով ու խնդիրներով, առաջնորդության իր քսան տարիներին արել է հնարավորը, որ արմատահան եղած հայության զանգվածները նորից արմատավորվեն, հավատարիմ մնան ազգապահ իրենց լեզվին ու կրոնին, պապենական ավանդույթներին, ապավինեն հայոց զորավոր գենին: Ահա այս անմնացորդ նվիրումն է նախապայմանը, որ 1856-ին վախճանված մեծ հոգեւորականի գերեզմանն առ այսօր շարունակում է ուխտատեղի մնալ Ախալցխայի քաղաքային գերեզմանոցում: Նրա շիրմին մատուռ է կառուցվել՝ ի նշան խոնարհման ու երախտիքի: Իսկ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ ձեռամբ ջավախքցի շնորհառատ քանդակագործ Լեւոն Գրիգորյանի, հառնեցվել է սրբազանի աթոռանիստ հուշարձանը՝ տիրական հայացքն հառած հայաշունչ Ջավախք աշխարհին…
Ամփոփենք. ո՞վ կարող է տարակուսել կամ ի՞նչ երաշխիք կարող էր լինել, որ նույն՝ թուրք-թալեաթական հայաջինջ եղեռնագործության զոհը չէր դառնա նաեւ Կարին-Էրզրումի եւ հարակից նահանգների հայությունը, եթե ողջամիտ հոգեւոր առաջնորդը չձեռնարկեր 1830-ի մայիսյան մեծ գաղթը եւ չնվիրվեր նրանց փրկության գործին…