Սկզբում ապրում ես մի շրջան, երբ առանց որեւէ հիմքի հավատում ես ամեն ինչի, ապա՝ մի կարճ ժամանակ՝ ոչ ամեն ինչի, հետո չես հավատում ոչ մի բանի, իսկ հետո նորից՝ ամեն ինչի: Եվ, ըստ որում, հիմքեր ես գտնում, թե ինչու ես հավատում ամեն ինչի….
Ավելի իմաստուն դառնալ՝ նշանակում է առավել լավ ճանաչել այն գործիքի հնարավոր սխալները, որի օգնությամբ մենք զգում ենք եւ դատում: Դատողությունների մեջ շրջահայացություն՝ ահա՛ թե ինչ պետք է հանձնարարել այսօր բոլորին եւ յուրաքանչյուրին: Եթե տասը տարին մեկ անգամ յուրաքանչյուր գրող փիլիսոփայից մենք ստանայինք թեկուզ մեկական անվիճելի ճշմարտություն, ապա մեր բերքը միշտ բավական առատ կլիներ….
Ես, թերեւս, ավելի հաճույքով կհնարեի «գերիմաստուն» բառը, քան որեւէ ուրիշը: Այն, անտարակույս, պատիվ է բերում իր ստեղծողին: Չէ՞ որ գոյություն ունեն մարդիկ, որոնք սովոր են ամեն ինչի մասին բարբառել խորիմաստ դատողություններով ոչ թե նրա համար, որ այդ դատողությունները բնականորեն ծագում են նրանց գլխում, ավելի շուտ՝ ընդհակառակը, այդ գաղափարներն արհեստական են եւ բոլորովին էլ պիտանի չեն փիլիսոփայության համար: Այսպես ասած՝ դրանք հրաշքներ են գաղափարների աշխարհում, որոնց վրա հույս դնել չի կարելի: Քանի որ նման մարդիկ մշտապես պատճառներ են բերում (երեւի դա համարում են շատ գեղեցիկ կամ թե իրենց պարտքը), նրանք գրեթե միշտ աչքաթող են անում բնական բացատրությունը. ամեն մի դժվարիմաց, դզածփչած բան նրանց հպարտությունն ավելի է շոյում, քան բնականը, որովհետեւ հենց դա է մղում նրանց այդպես վարվելու: Եվ այդտեղ է թաքնված նաեւ այն բանի պատճառը, թե ինչու մեծ հայտնագործությունները մեզ միշտ այնքան դյուրին են թվում, երբ արդեն կատարված են….
Չափից դուրս կարդացած մարդիկ հազվադեպ են մեծ հայտնագործություններ անում: Ես դա ծուլությունն արդարացնելու համար չեմ ասում, որովհետեւ հայտնագործությունը ենթադրում է առարկաների խոր եւ ինքնուրույն հայեցում. պետք է ավելի շատ տեսնել անձամբ, քան թե կրկնել ուրիշի խոսքերը….
Հաճախ որոշ մարդիկ դառնում են գիտնական, այնպես, ինչպես ուրիշները՝ զինվոր, լոկ այն պատճառով, որ նրանք որեւէ այլ գործի պիտանի չեն: Աջ ձեռքը նրանց համար պետք է ապրուստ հայթայթի, եւ ահա նրանք, կարելի է ասել արջի պես մեկնվում են ձմռանը եւ ծծում իրենց թաթը….
Նա, ով չի կարողանում իր մասնագիտության խնդիրների մասին հանպատրաստից դատողություններ անել, այլ նախապես պետք է քրքրի իր գրառումները կամ իր գրադարանը, անտարակույս, թերավարժ է: Այսօր գոյություն ունի նշանավոր մարդ դառնալու արվեստ, որը հներին անծանոթ էր: Նրանք նշանավոր էին դառնում իրենց հանճարի շնորհիվ. իսկ նոր գիտնականներից շատերը՝ կեղծված զարդեր են եւ ոչ իսկական ադամանդներ….
Որեւէ գիտության ամենից թունդ պաշտպանները, որոնք չեն հանդուրժում նույնիսկ մի թեթեւակի խեթ հայացք նրա վրա, սովորաբար այնպիսի մարդիկ են, որոնք հեռու չեն գնացել այդ գիտության մեջ եւ գաղտնաբար զգում են իրենց թերությունը….
Կա՞ արդյոք գիտությունների եւ արվեստների մեջ լավագույնի մի այնպիսի սահման, որից այն կողմ մեր դատողությունը չի կարող անցնել: Հնարավոր է, որ այդ կետը անսահմանորեն հեռու է, բայց, դրանով հանդերձ, ամեն անգամ նրան մերձենալիս ճանապարհը մեր առաջ կարճանում է….
Անշուշտ, լավ կլինի ամեն առարկա ամենեւին չուսումնասիրել, քան ուսումնասիրել մակերեսորեն, որովհետեւ մարդկային առողջ դատողությունը, ցանկանալով արտահայտել իր համոզումը առարկաների մասին, այնպիսի վրիպումներ թույլ չի տալիս, ինչպես թերուսությունը….
Եթե բնությանը նայում ես որպես վարժուհու, իսկ խեղճ մարդկանց որպես նրա աշակերտների, ապա հակված ես լինում չափազանց յուրօրինակ գաղափար կազմել մարդկային ցեղի մասին. կարծեք թե, մենք բոլորս դասի ենք նստած դպրոցում եւ սովորում ենք այն հիմունքները, որոնք անհրաժեշտ են այդ դասը հասկանալու եւ յուրացնելու համար, բայց ամբողջ ժամանակ ավելի շատ ականջ ենք դնում մեր ընկերների շաղակրատանքին, քան վարժուհու բացատրությանը: Իսկ եթե մեր հարեւանը որեւէ բան է գրի առնում, մենք նրանից արտագրում ենք, գողանում ենք նրանից այն, ինչը նա ինքը, հնարավոր է, պարզ էլ չի լսել, դրա վրա ավելացնելով նաեւ իր ուղղագրական եւ տրամաբանական սխալները….
Երբ մարդկանց կսկսեն սովորեցնել ոչ թե այն, թե ի՛նչ մտածեն, այլ՝ ինչպես մտածեն, այն ժամանակ բոլոր թյուրիմացությունները կվերանան:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ