Օրերս Անթալիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում, ինչպես հայտարարել են կողմերը, քննարկումներ են եղել Արցախի, Սիրիայի եւ Լիբիայի հարցերի շուրջ։
Սիրիայի հարցում, ինչպես կողմերը նշել են համատեղ մամուլի ասուլիսում, ձեռք է բերվել համաձայնություն Իդլիբում առանց զենքի ու զինվորականների գոտի ստեղծելու վերաբերյալ, սակայն դրա ինչպիսին լինելու մասին բացատրություն չի ներկայացվել։ Ուստի այդ առնչությամբ միջազգային ԶԼՄ-ների ու փորձագետների շրջանակներում տարբեր ենթադրություններ են արվում։ Իրանական «Isna» գործակալությունը նշում է, թե արդյոք խոսքը վերաբերում է Հալեպ-Լաթաքիա M-4 միջազգային ավտոմայրուղու երկու կողմում «ապահով անցակետի՞ն», որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել 2020 թ.։
Նշենք, որ 2020 թ. մարտի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի՝ 5 ժամ 40 րոպե տեւողությամբ բանակցությունները հանգեցրին Իդլիբում հրադադարի համաձայնության ստորագրմանը: Դա տեղի ունեցավ կողմերի միջեւ Մոսկվայում ու Անկարայում կայացած բանակցությունների 3 փուլից հետո, որոնք լուրջ ձեռքբերումներ չունեցան, սակայն դրանց ընթացքում թուրքական կողմը շարունակաբար խոսում էր նման հանդիպման մասին: Թեեւ Թուրքիան մեծ քանակությամբ զորք ու զինամթերք էր տեղափոխել Սիրիա, բայց եւ այնպես հայտնվել էր ծանր վիճակում, ուստի, որպես փրկօղակ, հույսը դրել էր հիշյալ հանդիպման վրա: Հանդիպում, որը, փաստորեն, արդարացրեց Էրդողանի հաշվարկներն ու սպասումները: Հաջողությամբ պսակված բանակցություններն առաջինը ողջունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հույս հայտնելով, որ լարվածության թուլացման շուրջ ձեռք բերված համաձայնությունը կվերածվի կայուն խաղաղության եւ կդառնա Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածի խաղաղ բնակչության ապահովության երաշխիք: ԱՄՆ պետքարտուղարությունը եւս, ողջունելով համաձայնությունը, հույս հայտնեց, թե Իդլիբում կնվազեն բախումները, ու կբարելավվի հումանիտար իրավիճակը:
Այսուհանդերձ, Լավրով-Չավուշօղլու համաձայնությունը, թերեւս, պետք է մեկնաբանել առաջին հերթին հուլիսի 10-ին Սիրիա-Թուրքիա սահմանին Բաբ ալ-Հաուա անցակետի, ըստ պայմանավորվածության, փակվելու համատեքստում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, օգտվելով իր վետոյի իրավունքից, Ռուսաստանին հաջողվել է Սիրիա-Թուրքիա սահմանին 4 անցակետից միայն մեկը բաց պահել։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գիր Պետերսոնը պահանջել է, որ չփակվի Բաբ ալ-Հաուա անցակետը՝ Իդլիբի «ապստամբներին» մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Սակայն Ռուսաստանը դեմ է դրան եւ շեշտում է, որ մարդասիրական աջակցությունը նրանք կարող են ստանալ Դամասկոսից եւ այլ շրջաններից։ Ուստի անցակետի աշխատանքների շարունակության հարցը կրկին պետք է Անվտանգության խորհրդում քվեարկության դրվի, որտեղ Մոսկվան, բացառված չէ, կրկին կօգտվի վետոյի իրավունքից։ Նշյալ անցակետի բաց մնալու հարցում առավելապես շահագրգիռ է Թուրքիան, որն այս ուղղությամբ ջանք չի խնայել, եւ ըստ երեւույթին Անթալիայի համաձայնությունը հենց այս հարցի լուծումն է։ Այս առնչությամբ Անվտանգության խորհրդի երկու ոչ մշտական անդամ Նորվեգիան ու Իռլանդիան համատեղ բանաձեւի նախագիծ են ներկայացրել՝ պահանջելով եւս մեկ տարով երկարաձգել Բաբ ալ-Հաուայի աշխատանքները, բացի այդ, բացել եւս մեկը՝ Յարաբիան։ Իսկ Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պահանջում են հյուսիսարեւմտյան հատվածում բացել Բաբ ալ-Սալամա անցակետը։
Նշենք, որ 2016 թ. վերջին, երբ Ռուսաստանի օգնությամբ Սիրիայում իշխանական ուժերի դիրքերն զգալիորեն ամրապնդվել էին, Աստանայում Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ սկսվեցին բանակցություններ, որոնք հայտնի դարձան Աստանայի գործընթաց անունով, որտեղ Թուրքիան պաշտպանում էր եւ պաշտպանում է ընդդիմադիր ուժերի գլխավոր կոալիցիայի՝ բանակցությունների գերագույն խորհրդի շահերը, որն ընդգրկում է շուրջ 2 տասնյակ, երբեմն միմյանց հակադիր, տարբեր խմբեր, Իսկ Իրանն ու Ռուսաստանը՝ իշխող վարչակարգինը: 2017 թ. Աստանայում կողմերը Սիրիայում բախումնազերծ տարածքների շուրջ համաձայնության եկան, ինչի երաշխավորը համարվեցին հիշյալ երկրները։ Թուրքիային սահմանակից՝ Սիրիայի տարածքի 11 տոկոսը կազմող Իդլիբ նահանգի եւ դրա շրջակա տարածքների վերահսկողությունը հանձնված է Թուրքիային, որտեղ վերջինս ունի ավելի քան 13 դիտակետ։
Հետագայում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն անցան իշխանական ուժերին, որտեղից էլ ահաբեկչական խմբերը, փախուստի դիմելով, կենտրոնացան Իդլիբում։ Վերջիններս սկսեցին ընդդեմ իշխանական ուժերի հարձակումներ իրականացնել այդտեղից։ Հանգամանք, ինչի բերումով Աստանայի գործընթացի օրակարգում հենց Իդլիբի խնդիրն էր։ 2018 թ. սեպտեմբերի 17-ին թեհրանյան գագաթնաժողովը նվիրված էր այդ հարցին, որը, կարելի է ասել, ձախողվեց, ինչը, թերեւս, պայմանավորված էր Ասադի շահերի՝ Թեհրանի անզիջում պաշտպանությամբ։ Ահա թե ինչու դրանից 10 օր անց Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում կողմերն Իդլիբի հարցի շուրջ համաձայնության եկան: Ըստ դրա՝ այդտեղ իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ անվտանգության գոտի էր ստեղծվելու, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը, որը խիստ դեմ էր Իդլիբի վրա հարձակվելուն: Սակայն Անկարան չցանկացավ, թե ի զորու չեղավ լիովին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը, ուստի առայսօր չլուծված է մնացել Իդլիբի հարցը՝ Թուրքիայի նպատակներով պայմանավորված։
Ընդդիմադիր ուժերը, գլխավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունները, պետք է հեռանային նշյալ գոտուց, մինչդեռ Իդլիբի 60 տոկոսը վերահսկող ահաբեկչական «Թահրիր ալ Շամ» կամ նախկին «Ալ Նոսրա» խմբավորումը հայտարարեց, թե դեմ է Սոչիի պայմանավորվածությանը եւ երբեք չի հրաժարվի ջիհադից ու պայքարից։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ձախողեց պայմանավորվածությունը, եւ հարցը մնաց օրակարգում, այդ թվում՝ 2019 թ. փետրվարի 14-ի Սոչիի գագաթնաժողովինը, որտեղ կողմերը համաձայնել էին ջանքեր գործադրել Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ, եւ դրան հաջորդեց 2020 թ. Պուտին-Էրդողան մոսկովյան հերթական հանդիպումը։