Բոլոր նրանք, ում բացառիկ բախտ է վիճակվել ապրելու հանճարեղ մարդկանց ընկերակցությամբ, զարմացած են եղել նրանց այն հատկությամբ, որով նրանք թյուր մեկնաբանություն են տալիս շրջապատի մարդկանց ամեն մի արարքի, ամենուր հալածանք են տեսնում եւ ամենուր առիթ էին գտնում խոր, անվերջանալի մելամաղձության համար: Այդ հատկությունը պայմանավորված է հատկապես նրանց մտավոր ուժերի գերզարգացվածությամբ, որի շնորհիվ օժտված մարդն ավելի ընդունակ է լինում ճշմարտությունը գտնելու եւ միեւնույն ժամանակ դյուրին մոգոնելու կեղծ փաստարկներ հօգուտ իրենց տանջող մոլորության հիմնավորման: Շրջապատի հանդեպ հանճարների մռայլ հայացքը, իմիջիայլոց, մասամբ կախված է այն բանից, որ լինելով մտավոր ոլորտի նորարարներ, նրանք աներեր հաստատակամությամբ արտահայտում են իրենց համոզմունքները, որոնք չեն համընկնում ընդունված կարծիքին եւ դրանով իրենցից վանում են մարդկանց մեծ մասին….
Մելամաղձություն, ձանձրություն, ամոթխածություն, եսականություն՝ ահավասիկ գերագույն մտավոր օժտվածության գործադրման համար դաժան հատուցումը, ինչպես որ մարմնական հաճույքների չարաշահումը հանգեցնում է սեռական համակարգի խանգարման, ուժասպառության եւ ողնուղեղի հիվանդությունների, իսկ սննդի անզսպվածությունն ուղեկցվում է ստամոքսի բորբոքումներով….
Բնախոսական առումով հանճարեղ մարդու բնականոն վիճակի եւ ցնորվածի միջեւ կան համընկնման ոչ քիչ կետեր: Հանճարեղ մարդկանց միջեւ հանդիպում են ցնորվածներ, իսկ ցնորվածների միջեւ՝ հանճարներ: Բայց եղել են եւ կան հանճարեղ բազմաթիվ մարդիկ, որոնց մեջ հնարավոր չէ գտնել ցնորվածության անգամ նվազագույն դրսեւորում, բացառությամբ հուզական ոլորտի որոշ տարօրինակությունների….
Արդ, հանճարը եւս կարող է մոլորվել, բայց այդ մոլորությունը երբեք չի հասնում ակնհայտ անհեթեթության, ինչն այդքան հաճախ տեսնում ենք ցնորվածների դեպքում: Եթե վերջիններիցս մի քանիսը դրսեւորում են մտավոր արտակարգ հատկություններ, ապա դա լինում է համեմատաբար հազվադեպ, բայց դրանից նրանց միտքը միշտ միակողմանի է: Շատ ավելի հաճախ մենք նրանց մեջ նկատում ենք տոկունության, ժրաջանության, բնավորության կայունության, ուշադրության, հիշողության, ճշտապահության եւ հանճարի մյուս հիմնական հատկությունների պակասություն: Եվ դրանք մեծավ մասամբ ամբողջ կյանքում մնում են միայնակ, անմարդամոտ, անտարբեր եւ անզգայուն այն ամենի հանդեպ, ինչը հուզում է մարդկային ցեղը, կարծես շրջապատված են հատուկ, միայն իրենց պատկանող մթնոլորտով:
Մի՞թե հնարավոր է նրանց համեմատել այն մեծ հանճարների հետ, որոնք հանդարտ եւ սեփական ուժերի գիտակցումով անշեղորեն շարժվել են իրենց բարձր նպատակին տանող ճանապարհով՝ առանց դժբախտություններից հուսահատ լինելու եւ իրենց թույլ չտալով գայթակղվել որեւէ կրքով…. Նրանք երբեք չեն դավաճանել իրենց համոզմունքներին, չեն եղել ուրացող, չեն շեղվել իրենց նպատակից, կիսատ չեն թողել սկսված գործը: Որքան հաստատակամություն, եռանդ, նրբազգացություն են դրսեւորել նրանք իրենց ձեռնարկումներն իրականացնելիս եւ որքան չափավորությամբ, բնավորության ամբողջականությամբ են նրանք աչքի ընկել կյանքում:
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ