Ստամբուլի Քադըքյոյ շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» եկեղեցու պատի վրա պարող տղամարդիկ ձերբակալվել են:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով քաղաքի վարչակազմին, փոխանցում է tert.am-ը:
«Երեք քաղաքացի, որոնք մասնակցել են այդ գործողությանը, ձերբակալվել են իրենց տներում: Հետաքննություն է սկսվել: Մենք դատապարտում ենք այդ զազրելի արարքը, որը դրսեւորվել է սուրբ վայրերի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երեւում էր, թե ինչպես է երկու տղամարդ պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը: Նշվում է, որ տղամարդիկ գինովցած են եղել:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցության մամուլի քարտուղարը դատապարտել է կատարվածը` դա նկարագրելով որպես «մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ ուղղված ակցիա, որն անարգանք եւ սադրանք է բոլորի նկատմամբ»: