Հուլիսի 8-ին Եռաբլուրում հերթական համազարկով հուղարկավորվեց քաշաթաղցի Հրաչյա Գալուստի Մարտիրոսյանի աճյունը, որը վերջերս հաստատվեց ԴՆԹ փորձաքննությամբ։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը, որը կայացավ 1993 թ. վերջերին եւ տարիներ շարունակ շենանում էր, հայանում, դեպի իրեն էր ձգում շատ նվիրյալների, ովքեր գիտեին ազատագրված հայրենիքի վերաբնակեցման արժեքը։ Այդ նվիրյալներից էին ամուսիններ Գալուստ եւ Գոհար Մարտիրոսյանները, ովքեր 2 դստեր ու որդու հետ 1997 թ. Արթիկից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջան եւ բնակություն հաստատեցին Արվական գյուղում։ Պատմական անցյալ ունեցող այս բնակավայրի մասին հիշատակվում է դեռեւս 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում։ Գյուղը Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք (պատմիչի օրոք՝ արդեն Քաշաթաղ) գավառի կազմում է եւ 1300 միավոր հարկ է վճարել Տաթեւի վանքին։ Նրանց երկրորդ զավակը՝ որդին, ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 22-ին։ 1985-1995 թթ. ընդունվել ու ավարտել է Արթիկի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2 տարի՝ 1997-99 թթ. ծառայել է հայոց բանակում՝ Արցախի Մատաղիս գյուղի տարածքում։ Զորացրվել է 99-ի հոկտեմբերին՝ պատվոգրերով, եւ կյանքը շարունակել արդեն նոր հայրենիքում՝ Արվականում։ Այստեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ՝ Աստղիկ Սամվելի Նազարյանի հետ, ով բնակվում էր հարեւան Մշենի գյուղում։ Ամուսնացել են 2007 թ. հոկտեմբերի 27-ին, ունեն 3 զավակ՝ Հովհաննեսը՝ 12 տարեկան, Գրիգորը՝ 11, եւ Գոհարը՝ 4 (կրում է տատի անունը)։ Մոտ 11 տարի տարածքում անտառապահ էր աշխատել Հրաչյան, լավ էր ճանաչում հայրենի եզերքը, սիրած զբաղմունքներից ձկնորսությունն էր։
Անցած տարի, այս օրերին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ այցելեցինք Քաշաթաղի շրջանի Հոչանց գետի աջափնյա Մշենիի գյուղական համայնք, որի կազմում է նաեւ Արվական գյուղը։ Այստեղ գործում էր հիմնական դպրոց, որը տնօրինում էր Հրաչյայի կինը՝ Աստղիկը։ Դպրոցի շենքը ոչ բարվոք վիճակում էր, ուներ նորոգման խնդիր։ Այստեղ էր նաեւ Հրաչյան, ով պատրաստակամություն հայտնեց մասնակցել դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, միայն թե հատկացվեր շինանյութ։ Հատկացվեց շինանյութ, սկսվեցին նորոգման աշխատանքները, սակայն եղավ պատերազմ…
2016 թ., երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, ապրիլի 2-ին առաջնագիծ մեկնողներից մեկը Հրաչյան էր, ով մինչեւ մայիսի վերջը մասնակցեց մարտական գործողություններին, տուն եկավ։ Իր պարտքը հայրենիքի հանդեպ նվիրված կատարելու համար պարգեւատրվեց պատվոգրերով եւ «Մարտական ծառայություն» մեդալով։ Նշեմ՝ 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին Քաշաթաղից մասնակցեցին 1200-ից ավելի կամավոր եւ 200-ից ավելի ժամկետային զինծառայող։ Այդ կռվում Քաշաթաղից նահատակվեց Աղավնատուն գյուղական համայնքի Խաչգետիկ գյուղի բնակիչ Համլետ Հաջոյանը՝ ծնված 1970 թ. հուլիսի 8-ին՝ երեւանաբնակ ավանդապաշտ եզդիների ընտանիքում։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դարձյալ շատ քաշաթաղցիների ոտքի հանեց, ու հարյուրավոր պահեստազորայինների կազմում պատերազմի առաջին օրը մարտադաշտ մեկնեց Հրաչյան։
Մարտնչում էր Ջրական-Ջաբրայիլ հատվածում։ Կինը՝ Աստղիկը, ցավով է տեղեկացնում, որ վերջին զանգը ամուսնու հետ եղել է օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին։ Երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, կար հույս՝ միգուցե ողջ է, գերեվարված է։ Երկար ամիսների սպասումներն իզուր էին. հազարավոր հայորդիների նման հավերժի ճամփան բռնեց նաեւ Հրաչյան։ Նույն պատերազմի պատճառով թշնամուն մնաց նաեւ Արվականը, որտեղ ծնվել էին Հրաչյայի զավակները։ Կիսատ մնաց դպրոցի շենքի նորոգումը, անտեր մնացին հայրենի անտառներն ու Հոչանց գետը, Կատոսավանքն ու մոտակա խաչքարերը։
Նույն Արվական գյուղից էր Համլետ Հանիբալի Հովհաննիսյանը՝ ծնված 1993 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Արթիկ քաղաքում, մտավորականի ընտանիքում։ 1997-ից բնակվում էր Արվականում։ Ավարտել է նույն գյուղի դպրոցը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը։ Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից կապիտան Համլետ Հովհաննիսյանի մարտկոցը գործել է անվրեպ՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն։ Նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում (Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա) անմահության ճամփան բռնեց նաեւ Համլետը։ Հուղարկավորված է Երեւանում՝ Եռաբլուր պանթեոնում՝ իր նման հազարավոր քաջորդիների շարքում։ Այսպես է հայի ճակատագիրը՝ փոքր գյուղակը հայրենիքի փրկության համար պատերազմ ուղարկեց մոտ 10 հայորդու, որոնցից երկու Անմահ հերոս մնացին հավերժ երիտասարդ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ