Ի պատասխան Արցախի Հանրապետության խորհրդարանի, արտգործնախարարարության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի՝ երկրի բռնազավթված բնակավայրերում, մասնավորապես, բերդաքաղաք Շուշիում ադրբեջանցիների կողմից հայկական պատմամշակութային հուշարձանների պղծման, զանգվածային ոչնչացման վերաբերյալ հնչեցված ահազանգերի, արված հայտարարությունների ու միջազգային կառույցներին ուղղված դիմում բողոքների՝ այնուամենայնիվ, դարերի պատմություն ունեցող ազգային այդ արժեքները բարբարոսների ձեռքով շարունակում են ավերածությունների ենթարկվել ու անհետանալ: Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արձագանքներն ուշանում են կամ լավատեսություն գրեթե չեն ներշնչում: Մինչեւ կառույցի ներկայացուցիչները «տեղ կհասնեն», թշնամին ջանք չի խնայում հին բնակավայրում «հայկական հետքը» ջնջելու եւ իսպառ վերացնելու համար: Իսկ հանցագործներին այսօր հատկապես իր հայատյաց արշավով անձամբ քաջալերում է Ադրբեջանի նախագահը, որի հրահանգով ոչնչացվում, հողին է հավասարեցվում Շուշիի հայկական գերեզմանոցը, որտեղ «ննջում» են մշակույթի եւ արվեստի, գրականության երեւելիներ, ռազմական եւ քաղաքական գործիչներ, գիտնականներ:
Բերդաձորցի Հրաչիկ Հարությունյանն ավանդապահ այն մտավորականներից էր, ով Շուշին ազատագրվելուց հետո՝ առաջիններից մեկը, իր ընտանիքով վերահաստատվեց բերդաքաղաքում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ականատեսը լինելով հայերի նկատմամբ վարվող խտրական, հայատյաց քաղաքականության ու բազում անարդարությունների (70-ական թթ. սկզբներին նա Շուշիի կոմերիտմիության շրջկոմի երկրորդ քարտուղարն էր) եւ չհամակերպվելով տեղական իշխանությունների լկտի պահվածքին ու քողարկված «բարեկամությանը», նա ստիպված էր հրաժարվել պաշտոնից եւ տեղափոխվել Ստեփանակերտ, որտեղ երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում։ Մասնագիտությամբ լինելով բանասեր-պատմաբան՝ թոշակի անցնելուց, հավատարիմ իր նախասիրություններին ու հետաքրքրություններին, որոշեց «պարապ չնստել» եւ օգտակար գործ ձեռնարկել՝ փորձելով, իր իսկ խոսքե րով, նպաստել հայոց Շուշիի մշակութային եւ հոգեւոր արժեքների վերականգնմանը,
բերդաքաղաքի հնությունների՝ դարավոր փոշուց մաքրմանն ու սրբավայրերի պահպանմանը։
Օրերից մի օր ձեռքն էր ընկել ճանաչված պատմաբան Ս. Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» գիրքը, որտեղ հեղինակը, անդրադառնալով Շուշիի պատմությանը, մասնավորապես նշել է. «Շուշին Արցախի ամենափոքր շրջանն է ու զբաղեցնում է Կարկառ գետի վերին հանքը։ Ցավալի է, որ այստեղ հին հուշարձանները վատ են պահպանվել, եւ հատկապես Շուշիից արձանագրություններ շատ քիչ ունենք»։
Այդ իրողությունը Հրաչիկին շատ մտահոգեց։ Ու նա որոշեց ուժերի ներածին չափով զբաղվել բերդաքաղաքի պատմությամբ։ Սկսեց գրի առնել քաղաքի հին հայկական գերեզմանատների ու պատմաճարտարապետական հուշարձանների վիմագիր արձանագրությունները, որոնք հավաստի տեղեկություններ են հաղորդում Շուշիի մասին։ Թղթապանակը թեւի տակ, լուսանկարչական ապարատը ձեռքին՝ նրան հաճախ կարելի էր տեսնել Շուշիի հայկական հին գերեզմանոցներում ուսումնասիրություններ, գրառումներ կատարելիս։ Նրան հետաքրքրում էին ինչպես անվանի մարդկանց, զորապետների, արվեստագետների եւ գրողների, ազգի նվիրյալների ճակատագրերը, նրանց տոհմածառերը, այնպես էլ հայկական օջախների հարուստ ավանդույթները։ Իր տքնանքի ու աշխատասիրության, երկարատեւ պրպտումների արդյունքում հեղինակը հետագայում տպագրության պատրաստեց «Շուշի՝ նորահայտ նյութեր քաղաքի պատմության մասին» աշխատությունը, որտեղ առաջին անգամ տեղ են գտնում մի շարք արժեքավոր արձանագրություններ։ Ցավոք, երեք տարի առաջ նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին, ու շատ ծրագրեր, մտահղացումներ այդպես էլ անավարտ մնացին:
Գրքում ներկայացվող վիմագիր, համառոտ կենսագրականները՝ հնագետների ու պատմաբանների համոզմամբ, եզակի տեղեկություններ են հաղորդում հինավուրց ծաղկուն բերդաքաղաքի 18-19-րդ դարերի գավառային իշխանությունների, մարդկանց նիստուկացի, արհեստագործության եւ առեւտրի, դատաիրավական համակարգի, հարուստ մշակույթի, ինչպես նաեւ արտաքին ու ներքին թշնամիների դեմ հայ բնակչության մղած հերոսական պաշտպանական մարտերի, արտաքին աշխարհի հետ ունեցած կապերի մասին։ Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների արդյունքում երեւան են հանվել մի շարք վիմագիր արձանագրություններ, որոնք կարող են կարեւոր սկզբնաղբյուր դառնալ քաղաքի ոչ վաղ անցյալի բուռն իրադարձությունների վերաբերյալ։ Նպատակ ունենալով մոռացությունից փրկել այդ նշխարները՝ նա համոզված էր, որ իրական այդ բացառիկ փաստարկներով դյուրին կլինի սանձահարել ադրբեջանցի վայ գիտնականներին, պատմական այն կեղծարարներին, որոնք փորձում են խեղաթյուրել Շուշիի պատմությունը եւ հայոց բերդաքաղաքը միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ ադրբեջանական հին բնակավայր ու մշակույթի կենտրոն։
Հատկանշական է, որ քաղաքն ունեցել է 6 հայկական գերեզմանատուն, որոնցից պահպանվել են հյուսիսային մասի, Երեւանյան դռների հարավ արեւմտյան մասի ու քաղաքի հարավային մասում (Ժամհարյանների հայտնի տնից վերեւ) գտնվող գերեզմանատները։ Ընդ որում՝ վերջինից բացի՝ մյուսները միտումնավոր պատվել են ակացիաներով, փշոտ թփերով եւ մացառներով՝ վերածվելով շամբուտների, որպեսզի անծանոթ մարդը պատկերացում չունենա այդ մասին, եւ հայկական գերեզմանատները հավերժ գոցված մնան գալիք սերունդների, հնագետների ու պատմաբանների համար։ Իսկ պատմական վկայագրություններից դժվար չէ ենթադրել, թե ինչպիսի դառն ճակատագիր է ունեցել քաղաքի իսկական տերը՝ Շուշիում ապրող հայը, ով շարունակ փորձությունների էր ենթարկվում՝ դարավոր թշնամու կողմից հայտնվելով բնաջնջման հորձանուտում։
Գիտական շատ աղբյուրների թվում Հրաչիկ Հարությունյանի ուշադրությունը գրավել էր պարսիկ պատմաբան Համիղ Ալգարի «Միրզա Մելքում խան» 308 էջանոց գիրքը, որը հրատարակվել է 1973 թ.։ «Ինձ համար առեղծված էր մնում մի շիրմաքարի արձանագրություն, որը տեղեկություններ է հաղորդում Մելքում խանի գերդաստանի, նրա հարուստ տոհմածառի մասին»,- զրույցներից մեկի ժամանակ նշել է Հրաչիկը։ Այն գտնվում է քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարավարեւելյան կողմի գերեզմանատանը, որի վիմագիր արձանագրության համաձայն՝ գերդաստանի նահապետը բնակվել է Շուշիում 17-րդ դարի վերջերին։ Ըստ Հ. Ալգարի՝ Միրզա Մելքում խանը, որ կրում է գերդաստանի նահապետի անունը եւ տոհմածառի 7-րդ սերունդն է ներկայացնում, «սերված է Ղարաբաղից եւ բնիկ հայկական ընտանիք է, իսկ արմատները՝ Շուշի քաղաքից են»։ Այս մասին են վկայում նաեւ շիրմաքարերի բազմաթիվ այն արձանագրությունները, ըստ որոնց՝ հայերը Շուշիում ապրում են դեռ 1600-ականներից՝ ի տարբերություն այն թյուր վարկածի, թե, իբր, Շուշին հիմնադրել է թուրքական քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ խանը»:
Գաղտնիք չէ, որ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին հայ-թուրքական ընդհարումների, ավելի կոնկերտ՝ հայ բնակչության ջարդերի հետեւանքով Շուշիում տարեցտարի նվազում էր նրանց թիվը, շատերն իրենց ընտանիքների անվտանգությունն ապահովելու նպատակով ստիպված էին լքել ծննդավայրը եւ տեղափոխվել այլ բնակավայրեր։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ հայկական կամավորական ջոկատները սեփական օջախների պատիվը փրկելու համար զենք են վերցրել ու դիմակայել թշնամուն։ Ոմանք էլ, խաղաղ աշխատանքի ժամանակ, նենգաբար ընկել են թուրքի գնդակից։ Այդ մասին են խոսում շիրմաքարերին փորագրված բազում արձանագրությունները, որոնք, թեկուզեւ մի քանի խոսքով, սերունդներին տեղեկացնում են հայ ընտանիքների ողբերգությունների մասին։ Ինչպես Հր. Հարությունյանի ուսումնասիրություններն են փաստում, հարյուրների է հասնում նման շիրմաքարերի թիվը։
«Անգութ հրացանը թուրք ավազակին,
Ինձնից հավիտեան խլեց իմ հոգին,
Թողեց քարհատում իմ անշունչ մարմին,
Քառասուն եւ հինգտարոյս հասակին։
1876 ամի, 15 մայիսի». այս է արձանագրված Գյավուր սարի քարհատում աշխատելիս թուրքի գնդակից սպանված քարհատ Իվան Ղուկասի Տեր-Մկրտիչեանցի շիրմաքարին։
Նման արձանագրությունները հատկապես «խոսուն» են 1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումները, 1920 թ. հայ բնակչության ջարդերը վկայագրող տեքստերով։ Ըստ Հրաչիկ Հարությունյանի՝ առավել արյունահեղ է եղել 1906 թ. հուլիս-օգոստոսը, երբ «հայերի արյամբ լվացվել են Շուշիի փողոցներն ու հրդեհված տների բակերը»։ Դիմադրության ժամանակ այդ օրերին են զոհվել սարկավագուհի Գայանե Վարդապետյանը, տեր Ներսես Բախտամյանցը, տեր Համբարձում Ստեփանյանը (Ասծատրյան), 20-ամյա Բադաս Զաքարյանը, հայդուկների տասնապետ Ասլան Աղաբաբյանը, որոնք հրոսակներից պաշտպանում էին ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ հետագայում ուսուցիչ Ավետիք Բահաթրյանն իր «Հին հայոց տաղաչափական արվեստը» գրքում (1891 թ.) անդրադարձել է Ասլան Աղաբաբյանի եղբոր՝ Արսենի, եւ ծնողների սրտակեղեք ողբին, որն արձանագրված է շիրմաքարին։ Այն 49 տողից բաղկացած յուրահատուկ էպիտաֆիա է, որտեղ պատկերվում են «օրիորդների եւ վիզը ծռած նշանածի անդառնալի, խորունկ ցավն ու հոգու տվայտանքը»։ Շուշիի հայկական հին գերեզմանատանն է ամփոփված նաեւ Բ. Բահաթրյանի աճյունը, որի գրքի մասին գրախոսել է մեծն Եղիշե Չարենցը՝ այն համարելով քննական տեսության դասագիրք։ «Սա է գիրք հանճարեղ եւ զարմանալի՝ գրված լինելով 1890-ական թվականներին՝ շուշեցի ուսուցչի ձեռքով։ Այս գիրքը էապես մի զարմանալի հանք է՝ գտնված հանճարեղ բնազդի տեր հեղինակի կողմից…», -ասվում է Ե. Չարենցի գրախոսականում։
Շուշիի հայկական հին գերեզմանատանը «հանգրվանել» է մի «շիրմաքար», որի վրա՝ ձախ մասում, խաչ է քանդակված, իսկ աջ կողմին՝ հրացան։ Քիչ ներքեւում փորագրված է. «Սա է մեր կիանքը վտանկից պաշտպանողը։ 1905 ամի, 6 փետրվարի»։ Այն զգոնության է կոչում հայերին, որպեսզի համախմբվեն եւ զինվեն, պատրաստ լինեն հակահարված տալու թշնամուն։ Շուշեցի անհայտ վարպետի փորագրությունը մի յուրահատուկ կոչ-ահազանգ է… Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու հերթական բարբարոսությունները Շուշիում ասվածի վառ վկայությունն են: