-1668 թ. հոկտեմբերի 13-ին Ամստերդամում Ոսկան Երեւանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը:
-1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքվել է Կարսի պայմանագիրը մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ բոլշեւիկյան Ռուսաստանի մասնակցությամբ: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ եւ Սուրմալուի գավառը (այն նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջեւանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշեւիկյան կառավարության եւ անձամբ Ստալինի ճնշման տակ:
-1946 թ. հոկտեմբերի 13-ին ծնվել է Լեւոն Անանյանը՝ հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2011 թթ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2008):
-1972 թ. հոկտեմբերի 13-ին մահացել է Գրիգոր Սիսվանը՝ հայ գրող, արձակագիր (ծնվ.՝ 1918 թ.):
-1862 թ. հոկտեմբերի 13-ին մահացել է Գաբրիել Երանյանը՝ հայ երաժշտագետ, կոմպոզիտոր (ծնվ.՝ 1827 թ.):
-1925 թ. հոկտեմբերի 13-ին ծնվել է Մարգարետ Թետչերը՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990 թթ.), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990 թթ.), բարոնուհի (1992 թ.)։ Հայտնի է որպես «երկաթե տիկին» (iron lady)։ Նա առաջին կինն է, որ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
-1937 թ. հոկտեմբերի 13-ին ծնվել է Լորիս Ճգնավորյանը՝ իրանահայ դիրիժոր եւ կոմպոզիտոր: Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ եւ բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ։ 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։
-1863 թ. հոկտեմբերի 13-ին ծնվել է Առաքել Սարուխանը՝ հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ:
-1972 թ. հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել «FH-227» ինքնաթիռի վթարն Անդերում, որը հայտնի է նաեւ որպես «Հրաշք Անդերում»: