Մարդկության պատմությունը, առանց չափազանցության, կարելի է համարել պատերազմների պատմություն, պատերազմները` դաժան ու անմարդկային դրվագների, որոնց մեջ ուրույն տեղ են զբաղեցնում ռազմագերիները, որ առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր ժամանակներում, եւ տարբեր վերաբերմունք է դրսեւորվել նրանց հանդեպ…
Ինչպես գիտենք, հռոմեական առաջին գլադիատորները ռազմագերիներ էին. նրանք թրակիացիներ, գալլեր էին, որոնց իրենց ծագմամբ էլ անվանում էին։ Նրանց սովորեցնում էին հատուկ դպրոցներում, որ հանդես գան ամֆիթատրոններում եւ զվարճացնեն հանդիսատեսին` միմյանց կամ գազանների հետ մենամարտելով, ընդ որում` խաղն ավարտվում էր մեկնումեկի մահացու ելքով։ Դրանք առաջին անգամ Հռոմում ցուցադրվել են Ք. ա. 264-ին, դադարեցվել` V դ սկզբին։ Որքան էլ դրանք «տեսարժան» լինեին, բանական մարդու բնույթի համար, այնուամենայնիվ, անմարսելի էին, անկախ այն բանից, թե ովքեր էին դաժան մենամարտի զոհերը։ Մարդկության կրթվելուն ու զարգանալուն զուգընթաց փոխվում էր եւ վերաբերմունքը գերիների հանդեպ. գթասրտությունն աստիճանաբար սկսում էր գլուխ բարձրացնել։ Հայտնի է, որ 464 թ.` Փարիզի բլոկադայի ժամանակ, միանձնուհի Ժենեւիեւը ֆրանկների արքային խնդրում է մարդասիրաբար վերաբերվել գերեվարված զինվորների հետ։ Կլովիս Առաջինը Ժենեւիեւի դրդմամբ, ի վերջո, ազատում է ռազմագերիներին։
Առաջին անգամ «ռազմագերի» եզրը կիրառվել է 1660 թ., իսկ ռազմագերիների ռեժիմը կարգավորող միջազգային առաջին բազմակազմ համաձայնագրերը Հաագայի կոնվենցիաներն են (1899 եւ 1907 թթ.)։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հայաստանում եւս եղել են ռազմագերիներ, թվով` 16160, որոնց գերակշիռ մասը գերմանացիներ, հունգարացիներ, ռումինացիներ էին։ Նրանք հիմնականում զբաղված էին շինարարական աշխատանքներում կամ արտադրությունում` գործարաններում։ Ժամանակակիցները վկայում են, որ գերիներն աշխատում էին բարեխիղճ, հետեւում անձնական հիգիենային, սակայն զերծ չէին մնում զանազան հիվանդություններից, որոնց պատճառը հիմնականում սովն էր, սով, որ հենց իրենք էին իրենց հետ բերել, եւ ետպատերազմական շրջանում այն համատարած էր, այսինքն` իրենք բողոքելու տեղ չունեին, սակայն, սրանով հանդերձ, տեղի բնակչությունը հանդուրժող էր նրանց հանդեպ եւ հարկ եղած դեպքում օգնություն էր ցուցաբերում։
1944-48 թթ. Հայաստանում ռազմագերիների մեջ էր եւ Կոնրադ Լորենցը` էթոլոգիայի հիմնադիրներից մեկը եւ ապագա Նոբելյան մրցանակակիրը, ով ապրել եւ աշխատել է որպես բժիշկ ու կենսաբան Սեւանի ու Արաբկիրի ճամբարներում։ Նա ազատ ժամանակ կարիճներ էր որսում ու հում-հում ուտում, որի տպավորությամբ էլ նրան հիշում էին ժամապահները։ Լորենցի հետ աշխատում էր եւ երիտասարդ գերյալ ուսանող Վերներ Ստրոբեն, որը հասցրել էր մինչեւ պատերազմը ստանալ 4 կիսամյակի բժշկական կրթություն։ Նրանք կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունը եւ ազատված էին ծանր աշխատանքներից։ Լորենցը բացի տաղանդավոր բժիշկ լինելուց եւ կյանքեր փրկելուց, համարձակվում էր ազատորեն արտահայտել իր կարծիքը եւ անգամ բողոքը, կատարել կենսաբանական ուսումնասիրություններ` ստանալով տեղացիների աջակցությունը` թե՛ բնակչության, թե՛ կոլեգաների, թե՛ իշխանությունների եւ թե՛ մտավորականության։ Հենց վերջիններիս շնորհիվ էլ, մասնավորապես` ճարտարապես Մարկ Գրիգորյանի եւ Լեւոն Օրբելու ջանքերով ու միջնորդությամբ, Լորենցը իր որոշ իրերի ու թռչուններով մի քանի վանդակների հետ տեղափոխվում է մերձմոսկովյան` հատուկ ռազմագերիների Կրասնոգորսկի ճամբար` ընդունվելու համար Ֆիզիոլոգիական գիտությունների ակադեմիա։
Ավստրիացի Կոնրադը ապրեց 85 տարի, վախճանվեց 1989 թ.։ Արդյո՞ք մեղավոր էր նա ֆաշիստների կողմից սանձազերծված պատերազմում։ Ամեն դեպքում, նա այնքան էլ անմեղ չէր այդ հարցում, ով մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտպանում էր բնակչության զտման գործընթացը, այլ կերպ` ըստ ուսումնասիրողների, «անցանկալի» տարրերի` առնվազն, ստերջացումը։ Բացի բժիշկ-գիտնական լինելուց, Լորենցը Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ էր եւ կիսում էր կուսակցության հայացքներն ու փաստացի գործունեությունը, սակայն ԽՍՀՄ-ում գնահատեցին նրա բժշկական, գիտական տաղանդը եւ հնարավորություն տվեցին գերության ընթացքում սովորել ու զբաղվել գիտությամբ, ինչը նրան հետագայում Նոբելյան մրցանակ բերեց։ Դժվար է ասել` ճիշտ վարվեց Խորհրդային Միությունը նրա հանդեպ թե ոչ, բայց պատկերացնենք հակառակը. նրան խոշտանգում կամ սպանում են. չէ՞ որ ֆաշիստները, ում կուսակցությանը հարում էր եւ Լորենցը, ավերեցին, հրո ճարակ դարձրին ԽՍՀՄ քաղաքները, սովի մատնեցին բնակչությանը, սպանեցին բազում մարդկանց, ճամբարներում ենթարկեցին անմարդկային կտտանքների ու բժշկական փորձերի, դարձան միլիոնավոր մարդկանց դժբախտության պատճառ… Արդյո՞ք սպանելով Լորենցին` մի գերու, թեկուզ ֆաշիստ, ինչ-որ բան կփոխվեր դրանից, կամ ԽՍՀՄ-ը առավել զորեղ կդառնար… Լորենցն արդեն անօգնական վիճակում էր, ինչպես բոլոր գերիները, իսկ անօգնականին կտտանքների ենթարկելը կամ սպանելը առանձնակի քաջություն չի պահանջում, սակայն նրա հանդեպ մեծահոգության հետեւանքը` նրա կողմից ներդրումն էր գիտության մեջ, ինչը, անշուշտ, դրական արդյունք էր մարդկության համար։
Լորենցը միակը չէր, ով հանցակցության իր բաժինն ուներ ֆաշիստական գաղափարախոսության ու գործունեության մեջ։ Գերիների շարքերում կային ֆանատներ, որոնք գյուղեր էին այրել, գնդակահարել ծերերին ու երեխաներին, կախաղան բարձրացրել կանանց, կային եւ նացիստական գաղափարախոսությունից զերծ` շարքային քաղաքացիներ։ Գուցե արժե՞ր կոնկրետ հանցագործություններ կատարած գերիների հանդեպ դատավարություն անցկացնել եւ համապատասխան պատիժների ենթարկել, սակայն գերությունն էլ յուրատեսակ պատիժ էր, որ բաժին էր ընկել նրանց, եւ նրանք արդեն իսկ իրենց մաշկի վրա էին զգում սեփական բարբարոսությունների հետեւանքները։ Այնուամենայնիվ, գերիները Հայաստանում զբաղվում էին աշխատանքով, եւ նրանց չէին ստորացնում, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն էր ունենում թե՛ նրանց հայացքների, թե՛ հետագա արարքների վրա, իսկ Լորենցը համարձակվում էր անգամ բողոքել ու գերիների իրավունքները պաշտպանել ճամբարի ղեկավարության մոտ։ Նրան զայրացնում է ռուս ժամապահների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմագերու վիճակը, եւ նա դիմում է ճամբարի ղեկավարությանը. «Այդ մարդը անտեղի ենթարկվել է դաժան ծեծի։ Մենք այստեղ ռազմագերի ենք։ Մենք անպաշտպան ենք։ Բայց պատերազմն ավարտված է։ Ժնեւյան կոնվենցիաներն արգելում են ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքը»։ Ներկա գտնվող ռուս զինվորականները հավանություն են տալիս նրա այդ քայլին։
1948 թ. Խորհրդային Միությունում հայտարարվում է ռազմագերիների համաներում։ Գրեթե բոլորը վերադառնում են իրենց երկրները։ Հատուկենտ մարդիկ մնում են Հայաստանում։ Հայաստանի տարբեր վայրերում պահպանվել եւ վերականգնվում են գերիների գերեզմաններ, դրանց վրա կանգնեցվում խաչեր ու հուշաքար…
Իսկ թե այսօր որքանով են հարգվում Ժնեւյան կոնվենցիաները՝ հաջորդ հոդվածում։