Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզական ծառայությունը գլխավորող Խալիդ բին Ալի ալ-Հումայդանը հերթական անգամ առերես զրույց է վարել Եգիպտոսում Սիրիայի պետական անվտանգության ղեկավար Հուսամ Լուկայի հետ: Հանդիպման մասին հաղորդել են տեղի ԶԼՄ-ները՝ կրկին մատնացույց անելով պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Դամասկոսի հետ կապերի վերականգնման գործընթացն ընդհանուր միտում է դարձել Պարսից ծոցի առանցքային խաղացողների համար՝ արտացոլելով նրանց մտահոգությունները, թե դեպի ուր կարող է «շարժվել» տարածաշրջանն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ, հնարավոր է, «միջուկային» փոխզիջում ձեռք բերվի: Բայց մի խնդիր կա. Սիրիայի վերադարձն արաբական ընտանիք այն կարող է վերածել մրցակցության դաշտի:
Սաուդյան Արաբիայի ու Սիրիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Կահիրեում մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն դրա մասին տեղեկությունները նոր են տարածվում:
Առաջին անգամը չէ, որ տվյալներ են հայտնվում երկու երկրների հետախուզական գերատեսչությունների ղեկավարների շփումների մասին։ Մայիսի սկզբին արաբական լրատվամիջոցները հայտնեցին, որ Էր-Ռիյադն ալ-Հումայդանի գլխավորությամբ հատուկ բարձրաստիճան պատվիրակություն է գործուղել Դամասկոս՝ դիվանագիտական լարվածության թոթափման հեռանկարների շուրջ բանակցելու համար: Արաբական աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը խզել է պաշտոնական հարաբերությունները Սիրիայի հետ հանրապետությունում զինված հակամարտության սկզբում՝ աջակցություն հայտնելով հակակառավարական կազմավորումներին, քննադատելով պաշտոնական Դամասկոսին ընդդիմությանը կոշտ ճնշելու համար։ Սիրիան հեռացվեց Արաբական պետությունների լիգայից (ԱՊԼ) եւ հայտնվեց համատարած մեկուսացման մեջ։
Այս տարի բեկումնային պահ դարձավ այն, որ Էր-Ռիյադում անցկացված Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հանդիպմանը հրավիրվել էր նաեւ Սիրիայի զբոսաշրջության նախարար Ռամի Մարտինին: Մերձավոր Արեւելքի քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների շրջանում առանձնակի հետաքրքրություն են առաջացրել լուսանկարները, որոնցում երեւում է, թե ինչպես են գերատեսչության պետն ու նրա ենթականերն անցնում մայրաքաղաքի օդանավակայանի VIP գոտով։ Այդ ֆոնին համաարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը նույնիսկ հայտնել է, որ սաուդյան իշխող տունը պատրաստ է վերանայել Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի լեգիտիմության մասին իր հայացքները՝ մատնացույց անելով այն, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն անձամբ է շահագրգռված հարաբերությունների «ջերմացման» հարցում:
Այս ֆոնին սիրիա-սաուդական շփումների զարգացման վերաբերյալ դրական կանխատեսումներ է արել Արաբական Հանրապետության նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը։ «Սաուդյան Արաբիայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունները բարելավելու փորձերը շուտով կարող են դրական արդյունքներ տալ»,- հույս է հայտնել նա:
Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման «պիոներներից» մեկն Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) էր, որը 2018 թ. վերադարձրեց իր դեսպանատունը Սիրիա։ Մեկ շաբաթ առաջ Դամասկոս պատմական այց է կատարել ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդալլա բին Զաիդ Ալ Նահայյանը։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ով մայրաքաղաք է ժամանել պետական նախարար Խալիֆա Շահին ալ-Մարարի եւ ԱՄԷ ինքնության, քաղաքացիության, մաքսային եւ նավահանգստային անվտանգության դաշնային վարչության ղեկավար Ալի Մուհամմեդ ալ-Շամիսիի ուղեկցությամբ, անձամբ զրուցել է Ասադի հետ՝ բարձրացնելով երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցը։
Օրերս Սիրիայի էկոնոմիկայի եւ արտաքին առեւտրի նախարար Մուհամմեդ Սամեր ալ-Խալիլը հանդիպել է Էմիրաթների արտաքին առեւտրի պետնախարար Տանի բին Ահմադ Ալ-Զեյուդիի հետ: Բանակցությունները, որոնք ընթացել են «Expo Dubai» ցուցահանդեսում, շոշափել են «երկու եղբայրական երկրների միջեւ» տնտեսական համագործակցության ընդլայնման թեման: Այս մասին հաղորդել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։ Նրա տեղեկություններով՝ քննարկվել են «երկու երկրների մի շարք կարեւոր հատվածներում տնտեսական ինտեգրման ուղիների հաստատումը եւ փոխանակման զարգացումը»։
Դամասկոսն ու Աբու Դաբին արդեն հասցրել են նվազագույն տնտեսական փոխգործակցություն հաստատել։ Արաբական պետության էկոնոմիկայի նախարարությունը կիսվել է տվյալներով, որ այս տարվա առաջին կիսամյակում Սիրիայի հետ իր ոչ նավթային առեւտրի ծավալը հասել է 272 միլիոն դոլարի։
«Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում մեկնաբանելով Սիրիայի եւ Սաուդյան Արաբիայի մերձեցման թեզը՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգորի Կոսաչը նշել է, որ դա բազմաքայլ կոմբինացիա է, որն առնչվում է թե ԱՄՆ-ին, թե Իրանին։ «Այս դեպքում կարեւորը ոչ թե Սիրիան է, այլ Միացյալ Նահանգների վերաբերմունքը Սաուդյան Արաբիայի նկատմամբ,- ասել է փորձագետը։- Առաջին հերթին հենց այդ հարցն է ծագում։ Որքանո՞վ ԱՄՆ-ն կզարգացնի հարաբերություններն Իրանի հետ, որքանո՞վ կլուծվի իրանական միջուկային ծրագրի նկատմամբ ամերիկյան վերաբերմունքի հարցը»։ Այս խնդիրների լուծումը, ըստ Կոսաչի, պետք է հանգեցնի Իրանի նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մեջ ավելի լուրջ տեղաշարժերի։
Էր-Ռիյադը, ինչպես հայտնի է, նույնպես ներգրավված է Թեհրանի հետ ուղիղ բանակցությունների մեջ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարխանը մի առիթով նշել է, որ Իսլամական Հանրապետության հետ երկխոսությունն անցնում է ջերմ մթնոլորտում, բայց արդյունավետությունն առանձնապես բարձր չէ:
Իրանի հետ կարգավորման հարցն ինքնաբերաբար պետք է հանգեցնի Սիրիայի՝ Արաբական լիգա վերադարձի գործում վետոյի վերացման եւ հարաբերությունների վերականգնման հարցերին։ Առավել եւս, որ Պարսից ծոցի որոշ երկրներ, որոնք եղել են սիրիական վարչակազմի ակտիվ հակառակորդները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, լուրջ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, եւ Սաուդյան Արաբիան չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքները։
Կոսաչը չի բացառել, որ երբ Դամասկոսը վերադառնա արաբական ընտանիք, Պարսից ծոցի երկրների միջեւ որոշ հակասություններ կարող են արտացոլվել սիրիական ասպարեզում։ «Դա իրադարձությունների միանգամայն հնարավոր զարգացում է,- նշել է փորձագետը։- Առավել եւս, որ Էմիրություններն առաջ են անցել եւ արդեն բավականաչափ գործ արել են Սիրիայի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Սաուդյան Արաբիան այս առումով հետ է մնում։ Այլ հարց է, թե ում են աջակցելու այս երկու պետությունները։ Ես վաղուց խոսակցություններ չեմ լսում այն մասին, թե ինչ է կապված սիրիական ընդդիմության այսպես կոչված էր-ռիադյան պլատֆորմի հետ։ Այս հարցը մի կողմ է թողնվել։ Ոչ բանակցություններ, ոչ հանդիպումներ. հիմա դա հրատապ չէ, բայց ապագայում կարող է հիմնաքար դառնալ»։
Էմիրությունների գործողությունները, ըստ փորձագետի, գլխավորապես ուղղված են սիրիական վարչակազմի հետ հարաբերությունների զարգացմանը, մինչդեռ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, այստեղ ընտրություն կանի եւ հօգուտ Ասադի, եւ հօգուտ սիրիական ընդդիմության։ «Այնպես որ, այդ տարաձայնությունները որոշակի փուլում կարող են իրականություն դառնալ»,-եզրափակել է Կոսաչը: