Մարդկության զարգացման ու առաջընթացի հետ ոչինչ չի փոխվել մարդու` նվաճողական տեսակի մեջ` ո՛չ վայրենությունն է միջից դուրս եկել, ո՛չ օրինազանցությունն ու ագրեսիվությունը։ Առաջվա նման պետության պաշտպանությունը մնում է թիվ մեկ խնդիրը ցանկացած պետության համար, առավել եւս` մարդկային ռեսուրսներով փոքր այնպիսի պետության, որպիսին Հայաստանն է` շրջապատված թշնամի ու նախահարձակ, շարունակ մեր երկրի վրա աչք դնող վայ-հարեւաններով, որոնց լեզուն շաքարապատված է, իսկ ձեռքերը` արյունոտ։ Պատերազմի մեջ ներքաշվելով նման հարեւանների հետ` անհրաժեշտ է ոչ միայն ուժ ու զորություն, այլեւ խելք ու հնարամտություն, ճանաչողություն։ Նոր չէ, որ պատմության ընթացքում առերեսվում ենք թուրքերի հետ եւ շատ լավ գիտենք նրանց թելադրած «խաղաղության» գինը, որի երաշխավորը ոչ թե նրանք, այլ մենք պետք է լինենք, մենք` մեր պատրաստվածությամբ, համերաշխությամբ ու միասնությամբ, հայրենիքը պաշտպանելու, ոչ մի թիզ հող չզիջելու վճռականությամբ…
Այո, մեզ քանակապես ու տեխնիկապես մի քանի անգամ գերազանցող թշնամին խոստովանենք, որ այնքան էլ վստահ չէ իր ուժերին` մեր դեմ միայնակ առճակատվելու հարցում, այլապես չէր համալրի իր ուժերը այլ պետությունների` խելքից դուրս տարատեսակ, գերժամանակակից ռազմական տեխնիկայով ու միջազգայնորեն սահմանված զինատեսակների անթույլատրելի միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ վարձկան մարդասպաններով։ Պատմության ընթացքում բազմիցս ապացուցվել է մեր դիմադրողականության զորությունը` կնքված մեր արիասիրտ ու հմուտ զորավարների փայլուն հաղթանակներով` թվաքանակով միշտ գերակշիռ, մինչեւ ատամները ժամանակի զինավառությամբ, կռվի մեջ խտրականություն չդնող թշնամու բարբարոսական վարքի դիմաց… Մենք` հաղթահարելով վայրենաբարո, տարատեսակ ցեղախմբերի ասպատակությունները, կարողացել ենք պահպանել մեր հայրենիքն ու պետությունը մի բուռ քաջերի, աներեր ու անկոտրում անհատների, նվիրյալների անխորտակ ոգու շնորհիվ, ու թե պարտվել ենք, ոչ թե թշնամին է հաղթել, այլ ներսի դավաճանությունն ու անհասկացողությունն են եղել գլխավոր դերակատարը մեր պարտության, որ հմտորեն օգտագործել է մեր թշնամին, դավաճանություն, որ, ասես, հավասարաչափ ոտք է գցում ու փորձում մրցել հերոսականության հետ…
Այսօր օրախնդիր է պրոֆեսիոնալ հզոր բանակ, հուսալի պաշտպանված պետություն ունենալը, քանզի չեն փոխվելու ո՛չ մեր հարեւանները, ո՛չ էլ մեր հանդեպ նրանց ագրեսիվ ու ոխակալ նկրտումները։ Անհրաժեշտ է ամեն գնով հայ մարդուն կապել իր հողուջրին, ստեղծել ապրելու պայմաններ ու կոփել անվեհեր ռազմիկներ։ Դրա համար նախ եւ առաջ հարկավոր է համապատասխան կրթություն ու դաստիարակություն, սեր` այն ամենի հանդեպ, որ կազմում է հայրենիքի ու պետության մասնիկ, սեր` սկսած ամենամտերիմ, հարազատ մարդկանցից մինչեւ բոլորովին անծանոթ, հեռավոր հայի հանդեպ, ցանկացած թուփ ու քարի, ցանկացած մեծ ու փոքր կառույցի, հողակտորի, նրա վրա եղած շնչավորի ու անշունչի հանդեպ։ Իսկ այդ սերը նախ եւ առաջ պահանջում է գիտելիքներ ու վերաբերմունք, որ մարդու մեջ պետք է սերմանել ամենավաղ տարիքից` համապատասխան չափաբաժիններով։ Հայրենասիրական մշակույթ ձեւավորելն այնքան էլ բարդ խնդիր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. ամենեւին դժվար չէ ծնողի համար երեխայի առաջին քայլերի հետ նրան սովորեցնել սիրել միջավայրը, ուր ոտք է դնում փոքրիկը. ասենք, չտրորել, շրջանցել ոտքի տակ ընկնող ծաղիկը, քար չնետել ճնճղուկի վրա, նախահարձակ չլինել, հարվածել միայն պաշտպանվելիս, եւ այսպես շարունակ…
Այս փոքրիկ քայլերը պատասխանատվություն ու սեր են սերմանում մարդու մեջ, եւ նա դրանով դառնում է առավել ինքնավստահ ու ուժեղ, դաստիարակվում որպես քաղաքացի։ Այնուհետեւ հերթը դպրոցինն է. սովորեցնել տարրական ինքնապաշտպանության կանոններ` աստիճանաբար` տարիքի հետ, բարդացնելով այն` անցնելով մարտարվեստի տարբեր ձեւերի, իսկ բարձր դասարաններում արդեն` ռազմական տեխնիկային ու զենքին տիրապետելու գործին։ Սա պետք է անել սեռերի միջեւ խտրականություն չդնելով` հաշվի առնելով յուրաքանչյուրի ինքնապաշտպանության անհրաժեշտությունը եւ այն հանգամանքը, որ, անկախ պատերազմական վիճակից, մեր թշնամին իր բարբարոսական վարքով պերմանենտ հարձակումներ է գործում մեր սահմանամերձ բնակավայրերի վրա եւ խտրություն չի դնում ո՛չ սեռերի, ո՛չ տարիքային խմբերի, ո՛չ էլ միջոցների միջեւ։ Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով է, որ ռազմական գործը պետք է սկսել դպրոցից, նախքան բանակ զորակոչվելը։ Վերջին պատերազմը ցույց տվեց, որ հիմնական զոհերը 18-20 տարեկան նորակոչիկներն էին, ովքեր չէին հասցրել հիմնովին պատրաստվել ռազմական գործին ու պատերազմի արհավիրքներին։ Կա մի ուրիշ` ոչ պակաս կարեւոր հանգամանք էլ. ռազմական գործին անտեղյակ, անպատրաստ պատանիները հաճախ խուսափում են բանակից` անվստահ լինելով իրենց ուժերին, որ նաեւ բնական վախ է ծնում մարդու մեջ։ Այդ վախը հեշտ է հաղթահարել մանկությունից եւ վաղ պատրաստվածությունից. զենքի գիտակ մարդը երբեք չի վախենա կռվից ու դրա բերած անակնկալներից, քանզի գիտի անելիքը։
Մեր ժամանակներում, երբ մեծ ու բազմազան են հետաքրքրությունները եւ տեղաշարժի հնարավորությունները, հեշտ է խուսափել բանակից, հատկապես, երբ «հայրենասիրություն» կոչվածը առավել ծաղրի առարկա է, քան սեր, իրավունք ու պարտականություն։ Այս պարագայում ցանկացած պաթոս ու քարոզչություն անընդունելի ու անարդյունավետ են։ Հայրենասիրությունը կոնկրետ աշխատանք է, որ պիտի լինի յուրաքանչյուրի բնական պահանջը. այն նաեւ չպետք է խոչընդոտի անհատի ներուժի դրսեւորմանը. այդ իսկ պատճառով ռազմական պատրաստվածությունը անհրաժեշտաբար պետք է ընթանա սովորելուն, գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ, քանզի առանց գիտելիքների, առանց գիտական, մշակութային, տնտեսական բազայի, քաղաքական կողմնորոշման, քաղաքացիական գիտակցության` անհնար է պետության կայացում ու նրա արդյունավետ պաշտպանություն։ Ըստ այդմ` ռազմագիտություն առարկան լիարժեքորեն եւ ամենայն լրջությամբ պետք է անցնել բուհերում` հնարավորություն տալով տարկետում ունեցողներին ծանոթանալ ռազմական գործի հետ։ Ինչ վերաբերում է ռեսուրսներին. յուրաքանչյուր ծրագիր, նպատակ հուշում են նաեւ դրան հասնելու ուղիներ, միջոցներ գտնելու ճանապարհ, եւ չասենք, թե մեր պետությունը նման «շռայլություն» չի կարող թույլ տալ։ Խնդիրը ծախսերը հաշվարկելն ու միջոցները խելամտորեն բաշխելն է կարեւոր ուղղություններով։ Ընդ որում` բանակի հոգսը կանխավ թեթեւացնելը բանակ պահելու վրա ավելի էժան կնստի ու առավել արդյունավետ կլինի։
Կարծում եմ, այդ գործին սիրով ու խոհեմաբար կլծվեն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բնակվող մեր մեծահարուստները, եւ նորություն չեն հայրենիքին նվիրաբերվող հանգանակությունները, զանազան բարեգործությունները, որ պետք է մղվեն անհրաժեշտ ուղղությամբ։ Ընդամենը պետք է հարցին արմատական ուղղություն տալ, եւ բանակը կհամալրվի խիզախ ու բանիմաց մարտիկներով, որն էլ` իր հերթին, կկանխի արտագաղթը, քանզի հայրենասեր, պաշտպանված ժողովուրդը երբեք չի լքի, չի քանդի սեփական տունն ու գնա անհայտություն…