Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) բարձրագույն մարմնի գագաթնաժողովում, որը ներառում է Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը եւ Բահրեյնը, կողմերը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը կլիմայի փոփոխության եւ կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաեւ որոշվել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ յուրաքանչյուր տերության վրա հարձակումը կդիտվի որպես գրոհ Խորհրդի անդամ բոլոր երկրների վրա:
Էր Ռիյադում կայացած գագաթնաժողովի կոմյունիկեում նշված է, որ «ցանկացած վտանգ, որը սպառնում է իրենցից մեկին, սպառնում է բոլորին»: Կապված դրա հետ՝ կողմերը հաստատել են «Խորհրդի անդամ երկրների հավատարմությունը կոլեկտիվ գործողություններին ընդդեմ բոլոր սպառնալիքների ու մարտահրավերների»:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը գագաթնաժողովում հայտարարել է, որ Պարսից ծոցի միապետությունները պաշտպանում են «Իրանի հետ երկար ու համապարփակ միջուկային պայմանագրի» ստորագրումը բանակցություններում, որոնք ընթանում են Վիեննայում:
Արաբական թերակղզու պաշտպանության համատեղ զինված ուժերը դեռ 1984 թ. են ձեւավորվել՝ ՊԾԱՊՀԽ-ի ստեղծումից երեք տարի անց: Սակայն երեք հազար մարդուց բաղկացած այդ ուժերը բավարար չէին՝ պաշտպանելու Քուվեյթը 1990 թ. օգոստոսին Սադամ Հուսեյնի ներխուժման ժամանակ: 2003 թ. Իրաքի հնարավոր նոր հարձակումը հետ մղելու համար Քուվեյթում տեղակայվեց 10000 զինվորականներից բաղկացած «Թերակղզու վահանը»՝ համալրված երկու նավով, սակայն հարձակում չեղավ։ 2011 թ. մարտին ՊԾԱՊՀԽ-ի բոլոր վեց անդամներից որոշ քանակությամբ զինվորականներ գործուղվեցին Բահրեյն, որտեղ բողոքի ցույցեր էին սկսվել «արաբական գարնան» ֆոնին:
Այս գործողություններից յուրաքանչյուրն ուղեկցվում էր Խորհրդի անդամների միջեւ համակարգման բավական երկար գործընթացով: 2013 թ. Պարսից ծոցի միապետությունները ԱՄՆ-ի բազմաթիվ հորդորներից հետո հայտարարեցին միացյալ ռազմական հրամանատարության ստեղծման մասին:
Ինչպես դեռ 2014 թ. նշել է ԱՄՆ ազգային անվտանգության ինստիտուտի՝ Մերձավոր ու Միջին Արեւելքի գծով հայտնի մասնագետ Յոել Գուզանսկին, «Խորհրդի երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ առաջընթացը շարունակում է դանդաղ մնալ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ հարեւան երկրներին, հատկապես՝ Իրանին զայրացնելու մտավախությունը, ինչպես նաեւ պետական ինքնիշխանության պաշտպանությունը, պաշտպանության այլ ձեւերի վրա հենվելը, ինչպիսիք են ազգային զինված ուժերը եւ օտարերկրյա դաշնակիցները»:
Այժմ Բարձրագույն խորհրդի գագաթնաժողովում, դատելով կոմյունիկեում տեղ գտած տեղեկություններից, հերթական փորձն է արվել՝ ստեղծելու «Պարսից ծոցի ՆԱՏՕ»։ Իսկ ինչո՞ւ այս անգամ ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, կավարտվի այնպես, ինչպես անցած 40 տարում: Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» ասել է արաբագետ, Ազգային տնտեսության եւ պետական ծառայության ռուսական ակադեմիայի հասարակական գիտությունների ինստիտուտի դոցենտ Սերգեյ Դեմիդենկոն:
«Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հիման վրա որոշակի ռազմական ինչ-որ միավորման ստեղծման պատմությունը, որը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անալոգը, քննարկվում է արդեն մի քանի տարի։ Բայց չկա ոչ մի իրական գործող տարածաշրջանային հարթակ, որը կմիավորի Պարսից ծոցի միապետություններին քաղաքական կամ տնտեսական առումով: Ավելին՝ այս պետությունների միջեւ հակասությունները բավական ուժեղ են: Բավական է հիշել 2017-2020 թթ. Քաթարի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սառեցումը, ինչպես նաեւ. նրանց վեճը «արաբական գարնան» ժամանակ։
Եվ սրանում է Պարսից ծոցի ու Հյուսիսատլանտյան դաշինքի տարբերությունը։ ՆԱՏՕ-ն հենվում է ոչ միայն ԱՄՆ ռազմական հեգեմոնիայի, այլեւ եվրաատլանտյան համերաշխության վրա: Պարսից ծոցում նման բան չկա։ Ծոցի երկրները շատ երիտասարդ են, նրանց մեծ մասը հայտնվել է 1960-1970-ական թթ., եւ կարելի է ասել, որ դեռ չեն հասունացել լիարժեք ռազմական դաշինքի համար, այդ թվում նաեւ այն պատճառով, որ շատերն առայժմ չեն կողմնորոշվել իրենց քաղաքական հետաքրքրությունների հարցում։ ՊԾԱՊՀԽ-ը 1981 թ. ստեղծվել է հիմնականում Իրանի դեմ։
Սակայն հետագայում պարզ դարձավ, որ Իրանը տարածաշրջանի նույն քաղաքական իրականությունն է, ինչ Իսրայելը, եւ այդ փաստի դեմ պետք չէ պայքարել, պետք է ընդունել։ Այժմ Իրանն ամբողջությամբ որոշել է իր արտաքին քաղաքականությունը եւ չի պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա։ 1980-ականներին սպառնալիք կար Սադամ Հուսեյնի կողմից՝ իր միլիոնանոց բանակով, որն ազատ արձակվեց իրանա-իրաքյան պատերազմից հետո, եւ այդ ժամանակ Էր Ռիյադը միավորեց Պարսից ծոցի մնացած արաբական երկրներին՝ սպառնալիքին դիմակայելու համար: Իսկ հիմա սպառնալիք չկա։ Իրաքն ապակենտրոնացված է, Սիրիան նույնպես սպառնալիք չի ներկայացնում։ Հետեւաբար, իրական պատճառ չկա՝ ստեղծելու Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ռազմական բլոկ:
Բայց գլխավորն այն է, որ արաբական աշխարհի բոլոր պետությունները խիստ մասնատված են։ Նրանք ունեն տարբեր արժեքներ, քաղաքական ձգտումներ, հավակնություններ, տնտեսական առաջնահերթություններ։ Արաբական աշխարհում տնտեսական հարուստ կենտրոն կա՝ Պարսից ծոցը։ Իսկ այս տարածաշրջանից դուրս արաբական երկրների մեծ մասը շատ ավելի ծանր վիճակում է։ Միեւնույն ժամանակ Պարսից ծոցի միապետությունները մտադիր չեն ներդրումներ կատարել արաբական բոլոր երկրներում։ Այստեղ նույնպես ՆԱՏՕ-ից տարբերություն է նկատվում. ՆԱՏՕ-ում անդամ երկրներն իրար հետ կապված են ընդհանուր արժեքներով, իսկ Ծոցում նման բան չկա։ Տասնհինգ տարի է՝ քննարկվում է միասնական արժույթի ներդրման հարցը, բայց ոչ մի միասնական արժույթ չկա, ամենայն հավանականությամբ չի էլ լինի, քանի որ պետությունները շատ մեկուսացված են։ Չկա առաջնորդ, քանի որ Սաուդյան Արաբիան այլեւս Արաբական թերակղզու անվիճելի առաջնորդը չէ»,-շեշտել է Դեմիդենկոն:
Բայց կա մի հանգամանք, որը, անկախ նշված տարաձայնություններից, կարող է նկատելիորեն առաջ մղել ռազմական միավորման ստեղծման գաղափարը: Դա այն է, որ ԱՄՆ-ը հրաժարվել է օգնել Իսրայելին Իրանի դեմ հնարավոր պատերազմում, եւ Իսրայելը, որը երկար տարիներ նույնիսկ հարաբերություններ չի ունեցել արաբական տերությունների հետ, այժմ դրանք կառուցելու ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում: Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը դեկտեմբերի 13-ին բանակցություններ է վարել Պարսից ծոցի ամենահարուստ երկրներից մեկի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ շեյխ Մուհամեդ բին Զաիդ ալ Նահայանի հետ: Մինչ այդ Իսրայելի ոչ մի վարչապետ չէր այցելել ԱՄԷ:
«Հրեական աշխարհ» թերթը հրապարակել է «The Jerusalem Post» թերթի խմբագրի տեղակալ Քերոլայն Գլիկի հոդվածը՝ «Իսրայելցիները սկսում են հավատալ, որ Իրանի միջուկային ծրագրին հրեական պետությունը պետք է միայնակ դիմադրի»: Իսրայելի պաշտպանության բանակում եւ «Մոսադում» սկսում են գիտակցել այդ պարզ ու ցավալի իրողությունը, որ ԱՄՆ-ը չի կիսում Իսրայելի նպատակը՝ չթույլատրելու, որ Իրանը վերածվի միջուկային տերության: Հավանաբար, Թել Ավիվը այժմ հենարաններ է փնտրում արաբական աշխարհում՝ ընդդեմ Իրանի: Եվ պատահական չէ, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Նաֆթալի Բենետի այցն ԱՄԷ խարխլում է տարածաշրջանի անվտանգությունը: Նրա խոսքերով՝ նման գործողություններն ուղղված են տարածաշրջանի բնակիչների ու հենց արաբական երկրների դեմ:
Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձինք դժվարանում են հավատալ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից հնչեցված հայտարարությունների լրջությանը: Աբու Դաբին իր դաշնակցին տեղեկացրել է 23 մլրդ դոլարի սպառազինության ձեռքբերման գործարքից դուրս գալու պատրաստակամության մասին: Խոսքը նաեւ 5-րդ սերնդի «F-35» կործանիչների գնումից հրաժարվելու մասին է:
Արաբական պետությանը մարտական ինքնաթիռների վաճառքը կարեւորագույն պայման է համարվել 2020 թ. Իսրայելի հետ նրա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման համար։ Բայդենի ժամանակաշրջանում, սակայն, գործարքի ստուգման հարցն անորոշության մեջ էր ԱՄԷ-ի եւ Չինաստանի միջեւ կապերի պատճառով: Բացառված չէ, որ ԱՄՆ-ի հետ ԱՄԷ-ի հարաբերությունների վրա ազդեցություն են գործել նաեւ Նահայան-Բենետ բանակցությունները: