«1888 թվականի հունվարի մեկի առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը: Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:
Մայրս ցույց տվեց:
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից, ու գնաց:
Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի եւ Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել եւ ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը՝ Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը, նույնպես կոնսիստորի անդամ էր…:
Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը՝ Տեր-Թադեւոսը, եկավ գյուղից մի քահանայի եւ մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ, չորս քահանա եւ մի վարդապետ մեզ նշանեցին 1888 թվականի մարտի 24-ին…»:
Օլգա ԹՈՒՄԱՆՅԱՆ
Իսկ ո՞վ էր երիտասարդ բանաստեղծի սիրտը, միտքն ու հոգին գրաված տասնյոթամյա հայուհին՝ Մարիամ Մաճկալյանը, որին հետո Օլգա Թումանյան անուն-ազգանունն էր վերապահվելու. ծնվել է Թիֆլիսի Խարխուփ թաղամասում, տատի տանը, 1871 թ., սովորել է Հովնանյան դպրոցում: Հայրը մշտապես ապրել է դրսում՝ Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա է վերցրել Օլգայի քրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը եւ, որպես քահանա, իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանալու: Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ եւ որդեգրել նրա միակ դստերը: Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաեւ Օլգայի եւ Թումանյանի ամուսնությունից հետո:
Լինելով գրագիր՝ Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանայենց տուն: Այցելություններ, որոնց արդյունքում կայանալու էր 19-ամյա բանաստեղծի եւ Օլգայի ամուսնությունը: Իսկ մինչ ա՞յդ… Մինչ այդ թերթենք Օլգայի հուշագրությունները.
«1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս՝ Օսանը, գնացինք տատիս մոտ, ճաշեցինք այնտեղ: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք՝ նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանն իր կնոջ հետ: Մենք այդ փողոցում էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետեւից՝ բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ:
…Մյուս օրը՝ կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ՝ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան: Ըստ երեւույթին, նա երեկ հետեւել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն՝ ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց եւ գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի: Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարեւանն է, հաճախ իր համար նամակներ է գրում, անունն Օհանես է եւ շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում»:
Նշանվելուց հետո Թումանյանն ավելի հաճախ էր այցելելու իր հարսնացուին: «Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձեւի,- իր հուշերում գրել է Օլգա Թումանյանը:- Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին եւ «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր եւ բացատրություններ տալիս…»:
Օլգա Թումանյանը, որ նախապես չէր էլ իմացել, որ Օհանեսը բանաստեղծություններ է գրում, ամուսնական կյանքում շատ շուտ էր հասկանալու, թե ում կողքին էր ինքը, եւ նվիրվում է իր առաքելությանը՝ որպես բանաստեղծի կին եւ մայր զավակների: Իսկ զավակները տասն էին: Նրա՝ մեկ դար ապրած կյանքը ներառելու էր ամեն ինչ՝ մեծագույն սիրուց մինչեւ ծանրագույն կորուստներ ու զրկանքներ: Զարմանալիորեն ուժեղ այս կինը ոչ միայն տան օջախի պահապանն էր, այլեւ բանաստեղծի մուսան, որը խնամում էր նրան, ստեղծում բոլոր պայմանները ստեղծագործելու համար: Ի դեպ, հաշվի առնելով Օլգայի հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը բանաստեղծին անվանել է Օլգայի 11-րդ զավակ: Եվ չնայած նման զբաղվածությանը, այդուհանդերձ, անձնազոհ կինը հասցնում էր մասնակցել նաեւ Թիֆլիսի մշակութային կյանքում տեղի ունեցող հիշարժան արարողություններին՝ ինչպես Սայաթ-Նովայի մահարձանի բացմանը, Շանթի «Հին աստվածներ» դրամայի ներկայացմանը, այլ միջոցառումների: Հենց նրան էր վերապահված պահպանելու Թումանյանի ձեռագրերն ու արխիվը, նրա թանկարժեք գրադարանն ու աշխատասենյակը: Մայրաքաղաք Երեւանում Թումանյանին նվիրված թանգարանի բացման գաղափարը նույնպես նրան էր պատկանելու:
Բանաստեղծի եւ հինգ զավակների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողվում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու ձեռագիր ժառանգությունը տեղափոխել հայրենիք, ստեղծել բանաստեղծի՝ ուխտատեղի դարձած թանգարանը: Ի դեպ, այդ գործերում նրան աջակցել է Անաստաս Միկոյանը:
Եթե հանճարեղ բանաստեղծին տրված էր ապրելու ընդամենը 54 տարի, ապա նրա նվիրական կնոջը ճիշտ 100 տարի էր վերապահված: Նա կյանքից հեռացել է 1971-ին եւ հավիտենական նինջը գտել Երեւանի քաղաքային պանթեոնում: Իսկ ինչպե՞ս գտնել նրա շիրմաքարը եւ խոնարհումի ծաղիկներով այցելել հանճարեղ բանաստեղծի մուսային…