Բոլորս էլ երբեմն-երբեմն հոգնում ենք։ Պատահում է, որ դա տեղի է ունենում, երբ ընկնում ենք ծայրահեղությունների մեջ։ Օրինակ՝ աշխատում ենք գերլարված։ Երբեմն հոգնում ենք, որովհետեւ չենք ցանկանում օգնություն, աջակցություն խնդրել ուրիշներից, այլ փորձում ենք հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Սակայն, ինչ պատճառ էլ ունենա մեր հոգնությունը, Աստված չի ցանկանում, որ մենք այդպես ապրենք։
Եթե մարդ գերհոգնում է, կարող է կորցնել ինքնատիրապետումը, չվերահսկել իր մտքերը, էմոցիաները, բառերը։ Այդպիսի հոգեվիճակում մարդ կարող է թուլանալ եւ հանձնվել։ Գերհոգնածությունը կարող է մարդկանց մղել ավելորդ ծախսերի կամ շատակերության։ Երբ հոգնած ենք, դառնում ենք փնթփնթան, սկսում ենք խղճալ ինքներս մեզ եւ ավելի ենք հակվում տրվելու այս կամ այն փորձության։
Թվում է, թե հոգնածության ու գերլարվածության մեզ հասցնում են կյանքի հանգամանքները, սակայն այսպիսի վիճակի մեզ հասցնում են ոչ թե հանգամանքները, այլ մեր վերաբերմունքը դրանց, ավելի ստույգ՝ մեր վերաբերմունքը ընդհանրապես կյանքին։
Շատերը տարիներով աղոթում են Աստծուն, որպեսզի փոխվեն հանգամանքները, մարդիկ, այն ամենը, ինչը «խանգարում» է երջանիկ ապրել։ Սակայն Աստված հաճախ հայտնություն է անում, որ շրջապատող հանգամանքները կարող են տարիներով չփոխվել, ուրեմն հարկավոր է, որ փոխվեք ինքներդ, փոխեք ձեր մոտեցումները։
Բացահայտեք այն հանգիստը, որը ձեզ առաջարկում է Հիսուսը
Հիսուսն ասում է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ»։ Մատթեոս 11։28
Հիսուսի առաջարկած հանգիստը ծայրահեղ անհրաժեշտ է մեզ, որպեսզի խաղաղ ապրենք այս աշխարհում եւ լուծենք սթրեսային իրավիճակները` թույլ չտալով դրանց ազդելու մեր տրամադրության վրա, սղոցելու մեր առողջությունը, զրկելու մեզ ուրախությունից։ Այսպիսի ներքին հանգիստ ու խաղաղություն մեզ կարող է տալ միայն Հիսուսը։
Հիսուսը երբեք չի խոստացել, որ չենք ունենալու խնդիրներ ու դժվարություններ, սակայն Նա հայտնել է, որ կարող ենք ապրել՝ վեր կանգնելով այս ամենից։ Նրա օրհնությամբ, խաղաղությամբ, իմաստնությամբ եւ ուժով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն ու խնդիրներ եւ պահպանել դրական տրամադրվածությունը։ Լցվել այսպիսի հանդարտությամբ, նույնն է, թե հոգեպես արձակուրդ գնալ։ Եթե լցվել եք նման խաղաղությամբ, ապա ինչ էլ որ պատահի, չեք անհանգստանա եւ չեք փորձի պարզել ամեն բան։ Աստծուց խնդրեք իմաստնություն, արեք ամեն բան՝ ձեր ուժերի հնարավորության սահմաններում, եւ հավատացեք, որ Նա կանի ամեն բան, ինչը ձեր ուժերից վեր է։ Նման կյանքն ուղղակի հիանալի է, որովհետեւ երբ հոգեպես խաղաղ ես, զգայական դաշտն էլ հավասարակշռված է, եւ մտքերիդ մեջ խաղաղություն է։
Սովորեք հանգստանալ
«Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ Նա կարողութիւն չունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կյոգնեն եւ կվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կթուլանան, Բայց Տիրոջն ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ»։ Եսայի 40։29-31
Ներքին հանդարտության ու հոգնածության դեմ հաղթանակի բանալին Աստծուն հուսալու մեջ է։ Հուսալ Աստծուն չի նշանակում ձեռքերը ծալած նստել, սեփական բոլոր պարտավորությունները դնել Աստծո ուսերին։ Դա նշանակում է, որ դուք պետք է ցուցաբերեք հոգեւոր ակտիվություն. շփվելով Աստծո հետ, ավելի ու ավելի եք զգում Նրա ներկայության կարիքը եւ հավատով սպասում, որ Նա ցանկացած պահի կպատասխանի ձեր աղոթքներին։ Դա նաեւ նշանակում է, որ դուք անում եք ամեն հնարավորը եւ չեք փորձում անել այն, ինչը ձեր ուժերից վեր է, այլ խնդրում եք Աստծո օգնությունը։ Շատերը չեն անում այն ամենը, ինչ պարտավոր են անել, այլ սպասում են, որ իրենց փոխարեն ամեն ինչ անի Աստված։
Աստված երբեք չի հոգնում, իսկ երբ հոգնում ենք մենք, Նա պատրաստ է օգնել մեզ, որպեսզի ապրենք խաղաղությամբ մեր սրտերում եւ ուրախանանք կյանքով ամեն օր։
Սովորեք միշտ հենվել Նրա վրա եւ միշտ հավատալ Նրան։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ