Նախ ֆրանսերեն (հայտնի հայագետ Ժան Սեն-Մարտենի թարգմանությամբ եւ նրա գործադրած ջանքերի շնորհիվ), ապա նաեւ իսպաներեն է թարգմանվել դեպի Եվրոպա 1489 թվականից մինչեւ 1491-ը (այլ աղբյուրների համաձայն՝ 1489-1494 թթ. կամ 1489-1496 թթ.) երկար ճանապարհորդություն կատարած հայ եպիսկոպոս Մարտիրոս Երզնկացու գիրքը, որն իր հրապարակման պահից անմիջապես գրավել է մասնագետների ուշադրությունը։
Հարազատ Երզնկայից 1489 թ. հոկտեմբերի 29-ին սկսելով իր ուղին՝ հոգեւոր գործիչը հասել է նախ Կ. Պոլիս եւ այնտեղ փոքր-ինչ հանգստանալուց հետո ուղեւորվել դեպի Իտալիա՝ ստանալով Հռոմի պապ Ինոկենտիոս 3-րդ հավատարմագրերը, որոնք հեշտացրել են նրա երթեւեկությունը Եվրոպայում: Ապա անցել է Շվեյցարիայով, Գերմանիայով, Ֆլանդրիայով, Ֆրանսիայով, Իսպանիայով, ինչն էլ նրա ձեռնարկած ուխտագնացության գլխավոր նպատակն էր։ Եվ այդ ընթացքում եվրոպական տասնյակ քաղաքներով ու բնակավայրերով շրջած կրոնավորը չի դադարել, բնականաբար, գրի առնել իր նոթերը, որոնք, ինչպես հաղորդում են ուսումնասիրողները, թեեւ տեղ-տեղ տրամաբանական անճշտություններ են մատուցում ընթերցողներին, ինչպես նաեւ տարակուսանքներ առաջացնում, այնուամենայնիվ, բոլոր տեսակետներից արժեքավոր են՝ իբրեւ ուխտագնացության առաջին ու անփոխարինելի ուղեցույց։ Մարտիրոսն իր գրության մեջ մեծ տեղ է հատկացնում իսպանական միջավայրին՝ հետաքրքիր փաստեր եւ տվյալներ մեջբերելով Սան Սեբաստիանից, Օվիեդոյից, Ֆինիստերրե հրվանդանից, Սեւիլյիաից, Բարսելոնայից, Վալենսիայից, Բերանոսից, Կոմպոստելայից, Բիլբաոյից, Իսպանիայի հյուսիսարեւելյան շրջաններից, բազմաթիվ այլ վայրերից, որտեղ ժամանել է՝ շրջելով մեծամասամբ ոտքով։ Ընդ որում, որոշ տեղաշարժեր ժամկետների առումով տեղի վերլուծաբանները չափազանցված են համարում՝ մոռացության տալով Երզնկացու տարիքն ու ֆիզիկական կարողությունները։
Մեծ էր եպիսկոպոսի ուրախությունն ու ոգեւորությունը, երբ վերջապես հասնում է Սանտիագո դե Կոմպոստելա։ Չէ՞ որ դրա համար էր հենց այդ ամբողջ ճանապարհորդությունը։ Հուզմունքով է նկարագրում այցելությունը Կոմպոստելայի Մայր տաճար՝ երկրպագելու սուրբ Հակոբոս առաքյալին, որի մասունքներն այդտեղ են։ Մոտենում է նրա գերեզմանաքարին պաշտամունքի համար, մինչեւ գետին խոնարհում գլուխը. «Թողություն աղաչեցի՝ իմ, ծնողներիս եւ բարեկամներիս մեղքերի համար, անկարող զսպել արցունքներիս հեղեղը»։ Հետաքրքիր կերպով է նկարագրում նա բուն տաճարը՝ իր ամբողջ հիացմունքն արտահայտելով։ Սանտյագոյում երեքամսյա կեցությունից հետո մեր եպիսկոպոսը, պատճառաբանելով գների թանկությունը, որը թույլ չէր տալիս այդտեղ ավելին մնալ, լքում է այն եւ հասնում Ֆինիստերրե՝ պատմելով այդտեղ տեսած «վակներ» (vոkner, այլ տվյալներով՝ wakner) անվանմամբ վիշապի մասին, որն անհայտ եւ շատ վտանգավոր վայրի կենդանի է։
Այդ «վակների» կապակցությամբ Իսպանիայում շատ վարկածներ են եղել։ Ոմանք կարծում են, թե Երզնկացին պարզապես իր միջավայրի առասպելներն է «խցկում» գրության տողերում, որտեղ քիչ չեն վկայությունները վիշապների մասին։ Մյուսներն այն համոզմունքն ունեն, թե նրա տեսածը, ամենայն հավանականությամբ, արջի տեսակներից մեկն է, որոնք շատ-շատ էին նշված ժամանակահատվածում Լեոնի կողմերում։ Երրորդներն էլ մտածում են, որ խոսքն այդտեղ Գալիցիայի ավանդապատումներին է վերաբերում, որոնց հերոսներից մեկը գայլն է։ Դումբրիայում (հարուստ եւ հետաքրքիր պատմություն ունեցող քաղաք Լա Կորունյա մարզում՝ Ֆինիստերրեին պատկանող) փորձում են հիմա վերականգնել ու բացատրություն գտնել Մ. Երզնկացու նկարագրած վիշապի (կամ՝ վայրի կենդանու) մասին բոլոր տեղեկությունները, ինչը բազում հարցականների պատճառ է դարձել։
Այնուհետեւ հայ ճանապարհորդը նկարագրում է իր մուտքը Հոլանի երկիր (այն իսպանացի գիտնականների կարծիքով՝ պետք է լինի Լեոնը), որտեղ, տեսնելով Հռոմի պապի թուղթը, նրան շատ սիրալիր ընդունելության են արժանացնում, եւ որտեղ բնակչությունը, իր վկայությամբ, նախընտրում է սնվել ձկնեղենով։ Շարունակությամբ, Լեոնից Մարտիրոսը կրկին բարձրանում է Կանտաբրիա՝ անցնելով Իսպանիայում այն ժամանակ ամենաերկար՝ 68 կամարանոց Սան Վիսենտե դե լա Բարկերա կամրջի վրայով եւ մտնում Գետարիա, որտեղ, ըստ նրա, մարդիկ այլ՝ անհասկանալի լեզվով էին խոսում (անշուշտ՝ բասկերեն)։
Չնայած որոշ աննշան թերություններին, բոլորն ընդգծում են, այդուհանդերձ, հայ ուխտավորի թողած աշխատության անգնահատելի կարեւորությունը։ Մարտիրոսի նյութը Կենտրոնական Եվրոպայից Կամինո դե լա Կոստայի կազմած առաջին ուղեցույցն է, որը նշանակալի դեր է ունեցել։ Եվ այդ իմաստով իսպանացիները հույս ունեն, որ գիրքը կվերահրատարակվի եւ իր տեղը կգտնի ուխտավորների ճամպրուկներում։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար