Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Մայրիկը. Օլգա Թումանյան»

Հունվարի 27, 2022
Այլք
«Մայրիկը. Օլգա Թումանյան»
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
961
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովհաննես Թումանյան. Ամենայն հայոց բանաստեղծ, «Անհաս Արարատը մեր նոր քերթության», ինչպես կասեր Չարենցը, «Անուշ»-ի ու «Թմկաբերդի առումը»-ի, անզուգական քառյակների ու պատմվածքների հեղինակ եւ այլ ժառանգություն թողած հայ մեծ գրող, մշակութային գործիչ։ Բայց Թումանյանը թողել է նաեւ 10 զավակ, ովքեր ունեցել են կարեւոր դեր մեր ժողովրդի կյանքում, սակայն նաեւ ունեցել են ողբերգական պատմություն: Թումանյանի 10 զավակների մայր Օլգա Թումանյանի (Մարիամ Մաճկալյան) մասին էլ քիչ գիտենք, սակայն երբ ծանոթանում ենք սովորական հայ կնոջ պատմությանը, հասկանում ենք նաեւ՝ ինչ է նշանակում լինել մայր, հայ մայր, ճանաչված գրողի կին ու նեցուկ։ Եվ այս առեղծվածային մայրիկի մասին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարան, որի սրահում 2021 թ. դեկտեմբերի 22-ից գործում է «ՄԱՅՐԻԿԸ. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Օրերս այցելեցինք թանգարան եւ տնօրեն Անի Եղիազարյանի ուղեկցությամբ ծանոթացանք ցուցադրությանը եւ Մեծ մայրիկի կյանքի պատմությանը։ Ա. Եղիազարյանը տեղեկացրեց՝ ցուցադրության բացման օրը տեղի է ունեցել «ՄԱՅՐԻԿԸ. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ֆիլմի ցուցադրությունը եւ համանուն պատկերագրքի շնորհանդես։ Օ. Թումանյանի մասին են խոսել թումանյանագետներն ու Թումանյան ընտանիքի մտերիմ-ազգականները։

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Վրաստանում «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Գիսանե Հովսեփյանի ղեկավարությամբ։ Նրանք ներկաներին էին փոխանցել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնանքի, ողջույնի եւ շնորհավորանքի խոսքը՝ նվիրված Մեծ մայրիկի 150-ամյակին։ Աշխարհի տարբեր անկյուններից Մեծ մայրիկի ծննդյան երեկոյին իրենց մասնակցությունն էին ապահովել տեսանյութերի եւ գրավոր նամակների տեսքով, այդ թվում Սուրմա Թումանյանը (Արեգ Թումանյանի դուստրը) Պետերբուրգից, Կարինե Ջանջուղազյանը (Մուշեղ Թումանյանի թոռնուհին), Հովհաննես Հարությունյանը (Մուշեղ Թումանյանի թոռը) Մոսկվայից։ Բացառիկ անակնկալ է մատուցել Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը՝ որդու՝ Ռուբենի հետ։ Գերմանիայից «Լոռվա ձոր» ՀՄ ղեկավար Սերգո Երիցյանի ձեռամբ Հովհ. Թումանյանի թանգարանին հանձնել են ընտանեկան մասունք Օլգա Թումանյանից։ Թումանյանների ծոռներից Ռուբեն Քանքանյանը Մեծ տատիկի ծննդյան 150-ամյակի առթիվ թանգարանին է հանձնել վերջինիս թութունատուփը, որը նույնպես ցուցադրված է։ Ցուցադրության բացումն ամփոփվել է Վազգեն սրբազան Միրզախանյանի օրհնությամբ եւ աղոթքով։

Նշեմ՝ թանգարանի տնօրինությունը եւ աշխատակիցները կարողացել են հետաքրքիր ձեւավորել ցուցադրությունը՝ այն դարձնելով առավել ընկալելի ու հիշարժան։ Սրահի սկզբնամասում է Հովհ. եւ Օ. Թումանյանների մեծադիր լուսանկարը՝ «Մայրիկը՝ Օլգա Թումանյան» մակագրությամբ։ Ներքեւում Թումանյանի խոսքն է՝ «Կինը մեծ ուժն է»։ Պատին լուսանկարներ են՝ սկսվելով Օ․ Թումանյանի դիմանկարով։ Ներքեւում նրա ծննդյան օրն է, ամիսն ու տարեթիվը։ Ծնվել է 1871 թ. դեկտեմբերի 22-ին Թիֆլիսում՝ Խարխուխ թաղամասում, տատի տանը։ Եղել է ծնողների՝ շուլավերցի այգետեր Բադալ Մաճկալյանի եւ 15 տարեկանում ամուսնացած Շուշանիկ մոր միակ զավակը։ 3 տարի լավ սովորել է իրենց տանը մոտիկ Նորաշենի դպրոցում։ Իր խոսքով. «…վերակացուն ինձ միշտ գովում էր եւ օրինակ բերում մյուսներին»։ 1885-ին ընդունվել է Հովնանյան դպրոցի առաջին դասարան։ Այստեղ նույնպես լավ է սովորել, եւ հոգաբարձու Իզմիրյանի խոսքերով՝ միակ աշակերտն է եղել, որ «չիք» չունի։ 1887-ին փակվել է Հովնանյան դպրոցը։ 1887 թ. ծանոթացել է Հովհաննեսի հետ, ով այդ ժամանակ եղել է կոնսիստորի (Թեմական հոգեւոր մարմնի պետ, որն օժտված էր վարչական ու դատական լիազորություններով) գրագիր։ Հետագայում պարզվել է՝ Օլգայի մայրը, տեր Հովհաննեսը, Ներսես քահանա Աբովյանը (Հովհաննեսի ընկերոջ՝ Անուշավանի հորեղբայրը), առանց իրեն տեղյակ պահելու որոշել են ամուսնացնել Հովհաննեսի հետ՝ պայմանով, որ Հովհաննեսը հետագայում ձեռնադրվի քահանա։ Պատին ցուցադրված լուսանկարներից երկրորդը Թումանյանինն է՝ տակը մակագրություն՝ «Դեկտեմբերի 1-ին պսակվեցինք։ Ես 17 տարեկան էի, Օհանեսը՝ 19. Հազիրի խումբն էր նվագում։ 6 քահանա կար եւ 1 վարդապետ։ Օհանեսի հայրն ասաց՝ իմ տղին ե՛ս պետք է պսակեմ»։ Հետագայում Օհանեսը հրաժարվել է ձեռնադրվել քահանա եւ հեռացել է կոնսիստորի գրագրի պաշտոնից։

Ցուցադրված լուսանկարներում նրանց 10 զավակներն են՝ յուրաքանչյուրի տակ կա մակագրություն ծննդյան թվի, ամսվա, օրվա, որոշներինը՝ նաեւ ժամվա, անվան, հերթական համարի եւ որեւէ իրադարձության մասին։ Այսպես՝ առաջին զավակը՝ Մուշեղը, ծնվել է 1989 թ. օգոստոսի 15-ին, երեկոյան ժամը 9:58-ին։ Երկրորդ զավակը՝ Աշխենը, ծնվել է 1891 թ. մարտի 15-ին, Նվարդը՝ 1892 թ. սեպտեմբերի 20-ին, Արտավազդը՝ 1894 թ. նոյեմբերի 23-ին։ Այստեղ նշված է նաեւ՝ Դսեղ առաջին անգամ Օլգան գնացել է Արտավազդի ծնվելուց հետո՝ 1895 թ. ամռանը։ Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. կայարանից Թումանյանի հայրը, թոռանը կրծքին կապած, գյուղ է տարել։ Գյուղացիք այդ տեսնելով՝ ասել են. «Տեր Թադեւոսը Սուրբ նշան է բերում»։ Ա. Եղիազարյանն ասաց՝ այդ ժամանակ երաշտ է եղել, եւ հաջորդ օրը հորդառատ անձրեւ է թափվել։ Արտավազդը զոհվել է 1918 թ.։ Եղել է Վանի պարետը եւ այստեղից հեռանալիս ճանապարհին զոհվել է՝ դառնալով քրդական խարդավանքի զոհ։ Ցուցադրությունում նաեւ նշված է Օլգայի զավակների մահվան մասին։ Նվարդ Թումանյանը տեղեկացնում է. «Արտիկի մահվան բոթն առնելուց մեր տունը մռայլվեց»։ Արտավազդը զբաղվել է թատերագրությամբ. Դսեղում առաջին անգամ բեմադրել է «Գիքորը» պատմվածքը։ Նաեւ նկարել է. եղել է Եղիշե Թադեւոսյանի աշակերտը։ 1896 թ. օգոստոսի 23-ին ծնվել է Թումանյանների 5-րդ զավակը՝ երրորդ որդին՝ Համլիկը, 1898-ի հունվարի 27-ին՝ Անուշը։ Օ. Թումանյանն իր հուշերում գրել է. «Օհանեսն ուրախ-ուրախ գնաց, միս ու գինի գնեց, խորոված սարքեց, սուփրա գցեց եւ վրացի տատմոր հետ սեղան նստեց»։ 7-րդ զավակը՝ Արփիկը, ծնվել է 1899 թ. սեպտեմբերի 27-ին, Արեգը՝ 4-րդ որդին, ծնվել է 1901 թ. նոյեմբերի 27-ին, 1905 թ. հունվարի 5-ին է ծնվել Սեդան, եւ վերջինը ծնվել է Թամարը՝ 1907 թ. մայիսի 10-ին։

Ցուցադրված են նաեւ Թումանյանների թոռների լուսանկարներն ու ծնվելու տարեթիվը, օրը, ամիսը։ Առաջինը՝ 1914 թ. օգոստոսի 10-ին ծնվել է Հովհաննեսը։ 1923-ին Մոսկվայում՝ հիվանդանոցում, քաղցկեղից մահացել է Հովհաննես Թումանյանը։ Արեգ որդին մորը գրել է. «Դու մեծ Մայր ես, ինչպես Հայրիկն էր ասում իր վերջին օրերին, եւ էդ մեծությունն ու մայրությունը էսօր ավելի քան հարկավոր է»։ Առավել ծանր է եղել Օ. Թումանյանի համար, երբ ձերբակալվել են 3 որդիները 1937-38 թթ.՝ ստալինյան բռնապետության ժամանակ. «…Ձեռքս չի գալիս մի բան գրելու, բոլորից խաբար է գալիս, նրանցից ոչ մի բան…»։ Մուշեղը մահացել է բանտում, իսկ Համլիկին ու Արեգին գնդակահարել են 1938 թ.։ Համլիկն ունեցել է Նեկտար անունով մի աղջիկ։ Մուշեղն ունեցել է 3 երեխա՝ Անահիտ, Նադեժդա, Վիգեն։ Վիգենին, որպես բռնադատվածի զավակ, բանակ չեն տարել, սակայն նա կամավոր մեկնել է բանակ եւ զոհվել Մեծ հայրենականում՝ Մոսկվայի պաշտպանության մարտերում։ 

Սրահում ցուցադրված են նաեւ Օլգայի ձեռագործ աշխատանքները։ Որդիների ձերբակալությունից հետո երկար ժամանակ մայրը չի խոսել, տանը եղած գուլպաները քանդել, թելերը ներկել ու շալեր է գործել։ Այդ շալերից մեկը նույնպես ցուցադրված է։ Ամուսնու եւ հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողվում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երեւան տեղափոխել եւ դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը։ Հովհաննես Թումանյանի թանգարանը հիմնադրվել է 1953 թ. ապրիլի 5-ին՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Ցուցադրությունում կա լուսանկար՝ Ավ. Իսահակյանը կտրում է թանգարանի մուտքի ժապավենը։ Լուսանկարի տակ Օ. Թումանյանի մակագրությունն է. «Ապրիլի 5-ին թանգարանի բացումն էր։ Ավոն ժապավենը կտրեց։ Ինչքան մարդ ու երեխա է գալիս…»։ Թանգարանի հիմնադիրը եւ առաջին տնօրենը բանաստեղծի դուստր Աշխենն է։ Թամարը մասնագիտությամբ ճարտարապետ էր. 1966-ից մինչեւ իր մահը` 1989 թ. տնօրինել է Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Սրահի մի անկյունում ներկայացված է Օլգայի ննջասենյակը՝ նրա անձնական իրերով՝ կարի մեքենա, գրքեր, սեղանը, լամպը, հագուստը, սիրելի շաքարամանները եւ այլ պարագաներ։ Գրքերի հիմնական մասը նվերներ են ճանաչված գրողներից, նկարիչներից, այլ երեւելիներից՝ Մարտիրոս Սարյան,  Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին, Ստեփան Զորյան, Վաղարշակ Նորենց… Ցուցադրված են նաեւ բացիկներ, որոնք Մեծ մայրն ստացել է հարազատ-բարեկամներից, թոռներից։ Մ. Սարյանի բացիկներից մեկին գրված է. «Տիկնանց Տիկին Օլգա Թումանյանին՝ Մեծ Թումանյանի ուղեկցողուհուն. շնորհավորում ենք հանդերձ ընտանիոք 95-ամյակը։ Ցանկանում ենք առողջություն, առողջություն եւ առողջություն։ Սիրով եւ հարգանքով՝ Մարտիրոս Սարյան։ 1966թ. դեկտեմբերի 22. Երեւան»։ Ցուցադրությունում ներկայացված են նաեւ լուսանկարներ Թումանյանների ընտանեկան պատմությունից, դուստրերի արդեն երիտասարդ տարիներից, այլ դեպքերի մասին։ Հետաքրքիր է լուսանկարների փոքրիկ ալբոմը, որը պատկանել է Մեծ մայրիկին։ Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թ. Երեւանում։ Թաղված է Երեւանի քաղաքային պանթեոնում։ Օլգա Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Օլգա Թումանյանը» գիրքը։ Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը տեղեկացրեց՝ բոլոր այցելուները տպավորված են հեռանում ցուցադրությունից։

Հ. Գ. Հովհաննես Թումանյանի թանգարանը (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան) բարձունքին է, Երեւանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, եւ թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է։

Թեգեր: Հովհաննես ԹումանյանՕլգա Թումանյան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Հայրենասիրության ու դավաճանության սահմանագծին

Հայրենասիրության ու դավաճանության սահմանագծին

Մեծարվեց անվանի երգիչը

Մեծարվեց անվանի երգիչը

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist