«Հակառակորդ պետությունների հաշտությունն իսկ աղետաբեր եղավ մեզ համար ոչ նվազ, քան նրանց թշնամությունը։ Ինչպես այժմ, այնպես էլ հնում եւ՛ կռվում, եւ՛ համբուրվում էին զորեղները մեր դիակների վրա».
Նիկողայոս Ադոնց
Այսպիսի տխուր եզրակացության է հանգում Ադոնցը` ուսումնասիրելով հայոց պատմության հին շրջանը` «Քաղաքական հոսանքներ Հին Հայաստանում» աշխատության մեջ, երբ Հայաստանը դարձել էր Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջեւ պայքարի թատերաբեմ, երբ այդ երկու պետությունների միջեւ ընտրության հարցում Հայաստանում առաջացել էին քաղաքական երկու հիմնական հոսանքներ եւ այդ պատճառով միմյանց էին բախվում երկու տոհմիկ հայոց նախարարություններ` Մամիկոնյաններն ու Բագրատունիները։
Նիկողայոս Ադոնցի «այժմ» ժամանակաշրջանը, բնականաբար, վերաբերում էր իր ապրած շրջանին, այսինքն՝ 1871-1942 թթ., երբ ծնվել ու վախճանվել է անվանի պատմաբանը, բյուզանդագետն ու բանասերը, իսկ հունվար ամիսը, կարելի է ասել, նրան հիշելու ամիսն է, քանի որ ծնվել է հունվարի 22-ին, վախճանվել հունվարի 27-ին։ Նիկողայոս Ադոնցի «այժմը», ինչպես նաեւ «հնումը»` պատմական իրադարձությունների առումով, ցավոք, մեր ներկան է, որի բնութագրականը, խորհրդանշականորեն, արտացոլված է վերոհիշյալ աշխատության էջերում։ Չխորանալով Ադոնցի հարուստ կենսագրության մեջ՝ փորձենք մեր ներկա խնդիրների պատասխանը որոնել` հենվելով նրա պատմական ուսումնասիրությունների ու եզրակացությունների վրա։
Ցանկացած պատերազմի ժամանակ ծագում է հայրենասերների ու դավաճանների խնդիրը, իսկ պատերազմի դրական ելքը որոշում են նվիրյալներն ու հերոսները։ Երբեք որեւէ նվաճող չի կարող հայրենիք գրավել առանց դավաճանության հանգամանքի. միշտ էլ եղել են թշնամու առջեւ դուռ բացողներ, մատնիչներ, միշտ էլ կռվող կողմերին պետք են եղել լրտեսներ ու «լեզուներ», այսինքն՝ առանց մեկը մյուսի մասին ստույգ տեղեկության, զուտ զենքի ուժով անհնար է հաղթանակ ապահովել, այն էլ` հարձակվելով ինչ-որ մեկի հայրենիքի, տան, ունեցվածքի վրա… Պետության համար հատկապես աղետալի է, երբ դավաճաններն ու մատնիչները գերազանցում են հայրենասերներին. այդ դեպքում անխուսափելիորեն կործանվում են ոչ միայն փոքր միավորները, այլեւ հզոր կայսրությունները։ Այդպես ոչ միայն պետություններ, այլեւ ազգություններ են վերացել երկրի երեսից, երբ սեփական ազգի պաշտպանության գաղափարն սկսել է զիջել անձնական շահի գաղափարին։ Այնպես որ, ոչ մի պատերազմ մի օրում չի սկսվում. այն խմորվում է տարիների ընթացքում, մինչեւ դառնում է այսրոպեական իրականություն, իսկ հայրենասիրությունն էլ, իր հերթին, չի ծագում հենց պատերազմի ժամանակ` այն կա՛մ կա, կա՛մ չկա անհատի, զանգվածների համար. այն ոչ այնքան կրթության, որքան դաստիարակության բաղադրիչն է, այնպես որ` պետության, հայրենիքի պաշտպանությունը ամենօրյա, ամենժամյա, շուրջօրյա գործընթաց է. այն պետք է ցայտուն լինի ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության ժամանակ, որ խաղաղությունը պատերազմի վերածելու առիթ չտա։ Հենց դա է պատճառը, որ մեր իմաստուններն ու նշանավոր գործիչները խոսում են միաբանության մասին, քանզի միաբանությունը լավագույն զենքն է թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման դեպքում, եւ հատկապես երբ միաբանվում է թշնամին, մենք իրավունք չունենք պառակտվելու որեւէ պատճառաբանությամբ, անգամ` գաղափարական։ Որքան էլ վեհ լինեն առանձին-առանձին մեր գաղափարները, առանձին-առանձին թշնամու դեմ ուժ չեն դառնա, այլ կլինեն սոսկ այն խաղալիքները, որոնք հեշտությամբ փշրելով՝ թշնամին մեզնից կվերցնի այն թանկագինը` պետությունն ու հայրենիքը, առանց որոնց որեւէ գաղափար այլեւս իմաստազուրկ կլինի… Ուսումնասիրելով հայոց պատմությունը՝ առճակատվում ենք հենց այս խնդրին` միաբանությանը կամ անմիաբանությանը, քանզի մեր կորուստները ոչ թե մեր բազկի թուլության, այլ անմիաբանության պատճառով են…
Ուսումնասիրելով ֆեոդալական կարգերը Հայաստանում եւ պետության բաժանումը նախարարությունների Ադոնցը դրական է գնահատում նախարարությունների դերը պետության պաշտպանության հարցում, քանզի յուրաքանչյուր նախարար շահագրգռված էր սեփական տարածքն օտարից պաշտպանելու խնդրում եւ այդ նպատակով պահում էր սեփական այրուձին ու ինքն էլ առաջնորդում այն պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր հողն ու իր շինականին, հայկական պատմական տարածքների կորուստներն էլ բացատրվում են Հայաստանում հենց ֆեոդալական կարգերի անկումով եւ ըստ այդմ` նախարարությունների վերացումով։ Ո՛չ պարսից կողմը հակված Մամիկոնյաններին, ո՛չ էլ դեպի Բյուզանդիան հակված Բագրատունիներին Ադոնցը չի համարում դավաճան կամ մեկը մյուսից պակաս հայրենասեր, այլ կարծում է, որ նրանցից յուրաքանչյուրը հայրենիքի շահը պաշտպանելու սեփական դիրքորոշումն է ունեցել, բայց եւ, որքան էլ զարմանալի թվա, քրիստոնյա Բյուզանդիան ավելի բարեհաճ չի եղել քրիստոնյա Հայաստանի հանդեպ, քան Հայաստանում զրադաշտականություն քարոզող ու տարածող Պարսկաստանը։
Նրանց շահերի բախումը հայոց հողի վրա, որն ուղեկցվել է թե՛ ակնհայտ թշնամանքով, թե՛ միմյանց հետ հաշտությամբ, երկու դեպքում էլ սեպ է խրել հայկական ուժերի միջեւ ու թուլացրել պետությունը, իսկ դրան նպաստել են հենց հայերի անմիաբանությունը, այն իրարամերժ գաղափարական դիրքորոշումները, որ մե՛կ այս կողմ են թեքվել, մե՛կ` այն, որ ոչ մի կերպ չեն հանրագումարվել, հաշվի չեն նստել իրականության հետ, չեն հաշվարկել մեկը մյուսին ժխտող քայլերի հետեւանքները։ Ցավալին այն է, որ պատմության դասերը մեզ համար խրատ չեն դառնում ոչ մի ժամանակի համար, ու մենք փորձում ենք այդ դասերն այլ կերպ գնահատել, ասես դրանք ամենեւին կապ չեն ունեցել եւ չունեն մեզ հետ, եւ մեր դեպքում` նունանման իրադրության մեջ, յուրաքանչյուրս մեր առանձին շահն ու գաղափարախոսությունը առաջ մղելով՝ այլ արդյունքի կհասնենք, ինչը ոչ թե մեզանից է կախված, այլ ինչ-որ հրաշքից, որ ուղեկցում է մեզ մեր ցանկությունների ոլորտում, այնինչ թշնամու բարերարությունն ու բարեկամություն կոչվածն էլ անհրաժեշտ է խելամտորեն ու վերապահումով ընդունել, այլապես Խոսրով արքայի օրինակը դառն իրականություն կարող է դառնալ ներկայիս համար, երբ, ինչպես հիշեցնում է Ադոնցը, «Խոսրով, հայրենի գահը նստելով, իր բարերար Մավրիկիոսի հետ բարեկամության դաշն կնքեց 591 թվին եւ ի տրիտուր զիջավ նրան Հայաստանի մեծագույն մասը՝ թողնելով իրեն Դվին, Սյունիք եւ Վասպուրական»։
Գնահատենք ինքներս մեզ, մեր ուժերն ու կարողությունները, ընդունենք, որ մեր թշնամին մեզանից լավը չէ, որ նրան զիջենք մեր կերտած պետությունն ու մեր նախնիներից ժառանգած հայրենիքը, քանզի ապրում ու հարատեւում է այն ժողովուրդը, որի յուրաքանչյուր անդամ սեփական շահը ստորադասում է հայրենիքի ու պետության շահին, քանզի ով էլ լինի օտարը, մեր հանդեպ վերաբերմունքը հարափոփոխ է եւ նրա նկատմամբ մեր հավատարմության համար` ապշեցուցիչ, ինչպես որ նշում է Ադոնցը` բյուզանդացու օրինակով. «Քրիստոնյա կայսրը բարեմիտ էր դեպի հայերը, երբ Հայաստանը պարսից ձեռքին էր։ Հենց որ գրավեց հայ հողերը, փոխեց իր գույնը»։