Որքան էլ մարդկության քար սիրտն անտարբեր մնաց անցյալ դարի հայոց մեծ ողբերգությանը, այնուամենայնիվ, եղան օտարազգի ազնվարյուն անհատներ, ովքեր ականատես լինելով աննախադեպ այդ նախճիրին՝ իրենց ձայնը բարձրացրին հանուն արդարության, վկայություններ արձանագրեցին, հազարավոր լուսանկարներով փաստեցին ոճրագործության սարսափազդու տեսարանները, դրանցով հանդերձ՝ դիմեցին իրենց երկրների կառավարիչներին, բայց ապարդյուն՝ կատարվեց այն, ինչ կատարվեց…
Եղան նաեւ անհատներ, ովքեր իրենց անձը նվիրաբերեցին «մեկ ոսկով գնվող» հայ որբերի փրկության գործին՝ մոռանալով սեփական կյանքը, սերն ու երջանկությունը: Մեզ համար այդպիսի նվիրական անուն է էստոնուհի Հեդվիգ Բյուլը՝ «Բյուլ Մայրիկը», որը նույն դարասկզբին միսիոներական առաքելություն է իրականացրել հայկական Կիլիկիայում…
Բարեկեցիկ ընտանիքի ծնունդ էր գթառատ էստոնուհին: Ընտանեկան այդ նպաստավոր պայմաններն էլ նրան հնարավորություն էին ընձեռելու մանկավարժական բարձրագույն կրթություն ստանալ Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայում՝ միսիոներական: Գերազանցապես տիրապետելու էր ոչ միայն իր մայրենի էստոներենին, այլեւ ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական գործունեության ընթացքում յուրացնելու նաեւ թուրքերենն ու հայերենը:
1909 թվական. Ադանայում սկսվել էին հայության կոտորածները: «Կարմիր լուրերը» տարածվում էին աշխարհով մեկ: Հեդվիգ Բյուլը, եվրոպական մամուլի էջերից տեղեկանալով սարսափազդու իրադարձությունների մասին, ճակատագրական վճիռ է կայացնում՝ մեկնել անծանոթ ու հեռավոր երկիր՝ որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու նպատակով: 1911-ին հասնում է Կիլիկիա եւ, որպես ուսուցչուհի, աշխատանքի անցնում Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների նախաձեռնությամբ բացված «Բեյթլ» որբանոցում: Անցնելու էր պաշտոնավարման չորս տարի, եւ նա 1915 թ. ականատես էր լինելու երիտթուրք բարբարոս իշխանությունների ծրագրած եւ իրագործած հայկական նոր՝ առավել սոսկալի ու ընդգրկուն կոտորածներին: 1916-19 թթ. Հեդվիգ Բյուլն իր նվիրական գործունեությունը շարունակում է վերոնշյալ նույն միսիոներական առաքելությանը պատկանող՝ Մարաշից հարավ գտնվող Հարունիե գյուղի գերմանական որբանոցում: Երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողանում է թուրքական աքսորից, ասել է թե՝ յաթաղանից փրկել որբանոցի հարյուրավոր սաներին:
1919 թ., ելնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակից, մայրագութ էստոնուհին ստիպված էր լինելու վերադառնալ հարազատ բնօրրան: Սակայն նրա բաժանումն իր սիրելի հայ ժողովրդից երկար չէր տեւելու. երեք տարի անց վերսկսելու էր հայասիրական գործունեության հերթական փուլը Ստրասբուրգում: Անդամագրվում է այս քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արեւելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը եւ մեկնում Հալեպ: Այդ ժամանակ Սիրիան իր երկրի դռներն էր բացել ու բարեկամաբար ընդունել մահապուրծ 160.000 գաղթական հայերի: Գաղթականների հիմնական զանգվածներն ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե եւ Ռամանատիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») եւ ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ: Գաղթականության շրջանում մոլեգնում էին զանազան վարակիչ հիվանդությունները՝ օրական խլելով հարյուրավոր կյանքեր: Անհրաժեշտ էր շտապ կազմակերպել հիվանդների փրկության գործը: Անձնուրաց էստոնուհու նախաձեռնությամբ Հալեպում բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատանքի են անցնում Սիրիայի նշանավոր հայ բժիշկներից շատերը՝ Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան, ազգանվեր այլ անձինք: «Հայկական քեմփում» ապրող հայ գաղթականների վիճակը թեթեւացնելու նպատակով Հեդվիգ Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց եւ ձեռագործի արհեստանոց: Սրանցում աշխատանք են գտնում շուրջ 500 հայ կանայք եւ աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր նրանց՝ իբրեւ աշխատավարձ:
Հայանվեր էստոնուհու նախաձեռնությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ: Ավելին՝ նա մշակում է նաեւ հայ երեխաների որդեգրման յուրօրինակ մի ձեւ, որի համաձայն՝ եվրոպական բարերար ընտանիքները պետք է որդեգրեին Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի փոքրիկներից մեկին եւ ամսական մեկ ոսկի ուղարկեին որդեգրվածի հարազատներին: Իր անմնացորդ նվիրումով եւ հայանպաստ գործունեությամբ էր պայմանավորված Հալեպի հայ համայնքի անթաքույց սերը Բյուլ Հեդվիգի հանդեպ եւ նրան արժանացնելը «Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչումին…
Անցնելու էին ժամանակներ, եւ գալու էր օրը հայրենադարձության. 1947 թ. բազմաթիվ սիրիահայեր, նրանց թվում եւ Բյուլ Մայրիկին հարազատ դարձած մարդիկ հաստատվում են Հայաստանում: Հայասեր էստոնուհու երազանքն էր իր սիրիահայ բարեկամների հետ բնակություն հաստատել մեր երկրում, սակայն ներգաղթի կոմիտեն փշրում է նրա այդ երազանքը՝ խնդրագրի մերժումով…
Շուրջ քառասուն տարի իր կյանքը մեր ազգին նվիրաբերած Բյուլը 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից՝ այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը: Նրան ոչ էլ հաջողվում է վերադառնալ հայրենի Էստոնիա, որը կարմիր գծով երիզված միության կազմում էր, հետեւաբար՝ մուտքի թույլատվություն ստանալը՝ անհնարին: Հաստատվում է Եվրոպայում, նամակագրությամբ շարունակում իր կապը նախկին սաների հետ: Նրանցից մեկին հասցեագրված նամակներից մեկում գրելու էր. «Իմ սիրտը հայ է…»:
Հայասիրտ էստոնուհին, երբ արդեն ութսունին մոտ էր, 1965 թ. կրկին ժամանում է Սիրիա, ապա Լիբանան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում եւ Բեյրութում: Մասնակցում է, իսկ կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացնելու էր գերմանական ծերանոցներից մեկում: Իննսունն անց զառամյալ կինը, մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց կատարելապես էր տիրապետում, եւ ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն, ո՛վ զարմանք, իրեն հարազատ դարձած… հայերենով:
Բյուլ Մայրիկը մահացել է 1981 թ., 94 տարեկան հասակում: 2003-ին նրա գերեզմանից բերված հողն ամփոփվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ՝ երախտագիտության ու հարգանքի արժանի վերաբերմունք:
Այս նվիրական հայասեր կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ պատեհ է առիթը՝ տեղեկացնելու, որ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Գերմանիայի Բադ-Վյութենբերգ երկրամասի Վալդվիմերսբախ քաղաքի միսիոներական գերեզմանոցում տեղի է ունեցել Բյուլ Մայրիկի գերեզմանի վերականգնման եւ հուշաքարի բացման արարողություն: Այն նախաձեռնել էր «Աշխարհի տապան» ասոցիացիան՝ իր «Merci» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է երախտագիտություն հայտնել օտարազգի այն բոլոր գործիչներին, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ իրենց նվիրաբերել են մեր ժողովրդի փրկության գործին:
Ինչպես տեղեկացրեց ասոցիացիայի հիմնադիր եւ այս միջոցառման կազմակերպիչ Գեւորգ Ներսիսյանը, Բյուլ Մայրիկի գերեզմանի վերականգնման պատվաբեր գործին իրենց անմնացորդ աջակցությունն են ցուցաբերել Գերմանիայում Հայաստանի դեսպանությունն ու այս երկրում հայոց թեմի հոգեւոր առաջնորդ Սերովբե սրբազանը: Արարողությունից հետո այն նույն միսիոներական ծերանոցում, որտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել նվիրական էստոնուհին եւ որտեղ շարունակում են ապրել հին ու նոր միսիոներուհիները, կազմակերպվել է հանդիպում, հուշեր են պատմել Բյուլ Մայրիկի հետ նույն կացարանի բնակչուհիները՝ տարբեր երկրներից…
Ի դեպ, աշխարհի 30 երկրներում, հայտնիներից բացի, կան մեր ժողովրդի հանդեպ իրենց մարդասիրական պարտքը կատարած անհատներ, որոնց մասին, ցավոք, սակավ է մեր իմացությունը: Որովհետեւ մեծ հոգիները մեզ հաշտեցնում են քար աշխարհի հետ…