ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից 1987 թ. ազդարարված քաղաքական համակարգի «պերեստրոյկան» ազդակ դարձավ Արցախի ժողովրդի համար պատմական ճակատագրական սխալն ուղղելու համար։ Ազատագրական շարժման սաղմերը նոր չէին դրվել, սակայն այն առավել ակտիվ փուլ մտավ 1988-ի փետրվարին։ Անհանգստացած ԼՂԻՄ-ում տեղի ունեցող զարգացումներից՝ փետրվարի 11-ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովը եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովը Ստեփանակերտում անցկացնում են մարզկոմի բյուրոյի նիստ։ Արդյունքում որոշվում է ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում եւ մարզկենտրոն Ստեփանակերտում հաջորդ օրն անցկացնել կուսակցական եւ տնտեսական ղեկավարների հանդիպումներ, որոնց ընթացքում պետք է դատապարտվեին ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու՝ ԽՍՀՄ իշխանություններին ուղղված խնդրագիրը (այն ստորագրել էր 80 հազար մարդ) եւ բոլոր այն իրադարձությունները, որոնք կարող էին վտանգել Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը ԼՂԻՄ տարածքում։ Սակայն փետրվարի 12-ը դառնում է Արցախյան ազգային ազատագրական շարժման ազդարարման սկիզբ. այդ օրը Հայաստանի հետ վերամիավորման պահանջով բազմամարդ հանրահավաքներ են տեղի ունենում մի շարք շրջկենտրոններում։ Ներկայումս Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութում հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, հետագայում արդեն ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր։
Փետրվարի 13-ին տեղի է ունենում առաջին բազմամարդ հանրահավաքը մարզկենտրոն Ստեփանակերտի գլխավոր՝ այսօրվա Վերածննդի հրապարակում, որին մասնակցում է շուրջ 8000 մարդ։ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»: Այդ նույն օրը Երեւանում սկսվում է ցույց՝ հաջակցություն արցախահայության։ Արցախահայությունն անցնում է խնդրի լուծման իրավական ճանապարհով։ 1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարում է «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին, իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստում ընդունվում է «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը: Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտման՝ Ադրբեջանը ձեռնարկում է հարցը լուծելու բռնության ճանապարհը։ Սումգայիթ, Գանձակ, Բաքու… զանգվածային ջարդեր, քաղաքացիական անձանց սպանություններ, բռնաճնշումներ եւ, ի վերջո, ռազմական գործողությունների մեկնարկ, այլ կերպ ասած՝ ցեղասպանի չընդհատվող հետագիծ, որի գագաթնակետը դարձավ 2020 թ. սանձազերծած պատերազմը։
Հարցն այլեւս ուներ կարգավորման միայն մեկ ճանապարհ՝ Արցախի ու համայն հայության միավորում եւ ինքնապաշտպանության միջոցով սեփական անվտանգության, արդարացի պահանջի բավարարում:
Պատմության իմացությունն օգնում է սերունդներին ճիշտ կողմնորոշվել ապագային ուղղված ներկա գործողություններում, հաշվի առնել անցյալի սխալները։ Արցախում մեկնարկած ազգային վերածնունդն այն գրավականն էր, որն օգնեց պահպանելու մեր հայրենիքի այդ հատվածի հայկականությունը, միաժամանակ փրկեց երկրորդ Նախիջեւան դառնալու ճակատագրից։ Զարգացումները ցույց են տալիս, որ գործը «կիսատ» թողնելու պատճառով այսօր կրկին կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առջեւ։ Արդարացիորեն եւ արժանապատվորեն հաղթել էինք Արցախյան առաջին պատերազմում՝ հաստատելով նաեւ պատմական արդարություն, սակայն տեր չկանգնեցինք 1989 թ. դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման որոշմանն ու 1990-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Հայաստանի անկախության հռչակագրին։ Ո՞վ էր դատելու հաղթողին, լսում եւ հաշվի են առնում միայն ուժեղին։ Երեք տասնամյակ առաջ մենք ուժեղ էինք մեր միասնականությամբ, մեր հաղթանակով, մեր արդար պայքարով, մինչդեռ այսօր պարտադրված ենք վերանվաճելու մեր կորցրած արժանապատվությունը։