Հոգեւոր աճի մասին գոյություն ունի երկու աղավաղված տեսակետ, պատկերացում. շեշտադրումը մարդո՛ւ կամքի վրա կամ այդ մարդկային կամքի հակադրումը Աստվածային զորությանը։ Սուրբ Գիրքն առաջարկում է երրորդ տարբերակը։
Հոգեւոր աճը փոխաբերություն է, որը ցույց է տալիս, թե քրիստոնյայի կյանքում դրական փոփոխություններն ունեն աճի միտում։ Այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Հիսուսին նմանվելու ձգտումն է։
«Մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը. եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը: Որ այլեւս երեխայ չլինենք երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը մարդկանց խաբեբայութիւնովը, որ մոլորեցնեն խաբեբայութեան խորամանկութիւնովը։ Բայց ճշմարիտ լինելով սէրի մէջ՝ աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը»: Եփեսացիս 4։13-15
Եթե հոգեւոր աճը նկարագրենք «պտուղների» տեսանկյունից, ապա պետք է նկատենք, որ «պտուղ» բառն օգտագործվում է փոխաբերական իմաստով. «Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում» (Մատթեոս 7։19), կամ՝ խաղողի որթի հետ. «Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել»։ Հովհաննես 15։5
Այս երկու փոխաբերությունները ներառում են ընդհանուր կարեւոր սկզբունք. վերածնված մարդու մեջ գործում է Քրիստոսի կյանքը, որն անխուսափելիորեն պտուղ է տալիս։ Պտուղների քանակը կարող է տարբեր լինել, սակայն դրա առկայությունն սյլեւս անխուսափելի է։ Ինչպես փոքրիկ բույսի կյանքը չի կարող ընդհատել ապառաժը, այնպես էլ Քրիստոսի կյանքը անպայմանորեն ին-չոր կերպ կդրսեւորվի։ Անհնար է բուսականությանն արգելել աճել, եթե նրա մեջ կյանք կա։ Հենց դրա համար է Հիսուսն ասում. «Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց»։ Մատթեոս 7։20
Նույնիսկ քրիստոնյաները, ովքեր հոգեւոր աճ չեն ունենում, մնում են «մանուկ», զգացնել է տալիս մեր «եկեղեցական ստաժը» եւ իրական հոգեւոր զարգացման աճը։
«Որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետ լինէիք. կրկին կարօտ էք սովորելու թէ ինչ են Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրները, եւ կարօտողներ եղաք կաթի եւ ոչ թէ հաստատ կերակուրի։ Որովհետեւ ամեն ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարութեան խօսքին, որովհետեւ տղայ է։ Բայց կատարեալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու»։ Եբրայեցիս 5։12-14
Այն ամենը, ինչ աճ չի ունենում, անկենդան, անշարժ է։ Հարկավոր է նաեւ հասկանալ, որ «ճանաչել պտուղներից» ասելով Սուրբ Գրքում ենթադրվում է ճանաչել գործերից։
«Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար , որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք»։ Եփեսացիս 2։10
Բարի գործերը մեր հոգեւոր աճի, սրբության վերջնարդյունքն են։ Ոչ հոգեւոր մղումը (ես շատ հաճախ եմ այցելում եկեղեցի), ոչ հոգեւոր փորձառությունները (ես այնպես եմ զգում աստվածային սերը), ոչ եկեղեցական ակտիվությունը (ես այնքան շատ բան եմ անում եկեղեցում), այլ հատկապես բարի գործերն են հոգեւոր աճի առհավատչյան։ Իհարկե, մարդու բնավորության դրական փոփոխությունները նույնպես կարելի է համարել աճ՝ դիմացկունությունը, հավատարմությունը, զսպվածությունը, բարությունը եւ այլն։ Բայց նույնիսկ այս հատկություններն իրական են համարվում միայն այն ժամանակ, երբ դրանք տեսանելի են, այսինքն` դրսեւորվում են գործերի մեջ։
«Բայց Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, երկայնմտութիւն, Քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն. այնպիսիների դէմ օրէնք չկայ»։ Գաղատացիս 5։22-23
«Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը»։ Հակոբոս 3։13
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ